Ես էլ բախտ ունեցա կարդալու Նիկոլ Փաշինյանի հունվարի 6-ի՝ Facebook–ի իր էջում արված այն հայտնի գրառումը․ «Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ուղտերթ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի»։ Ճիշտ է՝ հետո շտկեց՝ հանդիսատեսի քրքիջի ներքո, բայց արդեն ուշ էր։ Ուղտերթը այդպես էլ չդարձավ ուխտերթ։ Իսկ երբ նրա պատգամավորներից մեկը «ուղտերթը» կոչեց «ուղտաերթ», ծիծաղը հասավ իր գագաթնակետին։ Չօգնեց անգամ այն փաստը, որ հանրային միջոցներով գոյատևող Հ1-ը և այլ «անանուն» հարթակներ անտեսեցին Մայր աթոռի իրական կրոնական տոնակատարությունը և առաջնահերթ ներկայացրին Փաշինյանի «ուղտերթը»։ Բայց դա չփոխեց իրականությունը․ ուղտերթը ուխտերթ չդառավ։
Սակայն ես ուզում եմ շեշտը դնել ոչ թե ուխտ բառը չհասկանալու, այլ այն ծանր իրականության վրա, որի առաջ կանգնած է մեր պետությունը։
Այս պայմաններում ի՞նչ պիտի անի իրեն երկրի ղեկավար հռչակածը, իրեն պետության գլուխ ներկայացնողը։ Պետության ղեկավարը, հատկապես ճգնաժամի պահին, պարտավոր է իրականացնել ռեսուրսների համախմբում, ոչ թե հրամցնել սիմվոլիկ ներկայացումներ՝ իր թիմով, իր հանդիսավարական խմբով, սեփական «սրբազան»-ով ու կրոնական հագուստ կրող անհայտ անձանցով։ Քաղաքական ղեկավարության նպատակը պետք է լինի ոչ թե «երևալը», այլ պետական համակարգի ամրացումը, անվտանգային ճգնաժամերի կառավարումը, պետական ինստիտուտների գործարկումը։ Ժողովուրդն այս մասին դիպուկ խոսք ունի՝ «Ուղտի պարը կամրջին է բռնում»։ Դա նշանակում է վտանգավոր, անիմաստ քայլ ձեռնարկել, խաղ խաղալ՝ չհաշվարկելով վտանգը։ Եթե դա անում է սովորական մարդը՝ պատասխանատու է միայն սեփական կյանքի համար։ Բայց երբ նույնը կատարում է երկրի ղեկավարը՝ պարում է «խարխուլ ու ճոճկան կամրջի վրա», վտանգի տակ է դնում ժողովրդի, պետության գոյության հարցը։
Սևակն ասում էր․
«Նման եմ ուղտի՝ և՛ըս մի բանում.
Է՜հ, մեկ էլ տեսար՝
Պար գալըս բռնեց
Խարխուլ ու ճոճկան կամըրջի վրա»։
Բանաստեղծը խոսում էր անհատի վտանգի մասին։ Բայց երբ այդ «անկանխատեսելի ուղտի պարը» կատարում է երկրի ղեկավարը՝ խոսքը այլևս անհատի մասին չէ։ Դա նշանակում է՝ ողջ ժողովուրդը, պետությունը կարող է հայտնվել անդնդում։
Այսօր մեր երկիրը կանգնած է արհավիրքի՝ անվտանգային, ժողովրդագրական ու քաղաքական ճգնաժամերի առաջ։ Եվ ուրեմն՝ պետության ղեկավարը իրավունք չունի կանգնել խարխուլ կամրջի վրա ու սկսել պարել, երբ նրա յուրաքանչյուր սխալ շարժում կարող է ճակատագրական լինել ողջ ժողովրդի համար։