Հարցազրույց

Կռիվը սկսեց` մտան խրամատներ, թաքնվեցին, հիմա էլ հյուպատոսարան են կառուցում

Կռիվը սկսեց` մտան խրամատներ, թաքնվեցին, հիմա էլ հյուպատոսարան են կառուցում

ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե Մոսկվան մտադիր է մինչև տարեվերջ գլխավոր հյուպատոսություն բացել օկուպացված Ստեփանակերտում, դա արվում է դիվանագիտական ներկայացուցչությունների հավասար ներկայացվածության պահպանման սկզբունքով: Բաքվում ծանր են տարել հյուպատոսություն բացելու մասին լուրը և ընկել են իսկական հիստերիայի մեջ:

Ադրբեջանցի վերլուծաբանները և քաղաքագետները, որոնք ալիևյան ռեժիմի ազանդարներն են, Ռուսաստանից հնչած հայտարարությունը համարել են սադրիչ:

«Կարասինի խոսքերը կամ անհաջող գաղափար, որը լիովին իրականությունից կտրված չէ, կա՛մ միտումնավոր սադրանք, որը նպատակ ունի ստվեր գցել ռուս-ադրբեջանական հաջող զարգացող հարաբերությունների վրա»,- նշել է քաղաքագետ Էլդար Նամազովը։ «Չկա որևէ փաստարկ՝ կապված դիվանագիտության հիմունքների հետ, որը ցույց կտա այս առաջարկի հիմնավորվածությունը։ Ռուսաստանի Դաշնությունը տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է, և, հետևաբար, Ադրբեջանը, ինչպես շատ երկրներ, բացի Մոսկվայում դեսպանությունից, ունի հյուպատոսական բաժիններ Սանկտ Պետերբուրգի և Եկատերինբուրգի մարզերում, որտեղ ապրում են տասնյակ հազարավոր Ադրբեջանի քաղաքացիներ»,- գրել է ադրբեջանցի քաղաքագետը:

Նրա պնդմամբ, Ադրբեջանում իրավիճակը բոլորովին այլ է՝ տարածքը փոքր է, և ՌԴ քաղաքացիները հիմնականում ապրում են Բաքվում, որտեղ գործում է Ռուսաստանի հյուպատոսությունը։ Նամազովի տրամաբանությամբ, Ստեփանակերտում ՌԴ քաղաքացիություն ունեցողներ չկան, իսկ ադրբեջանցիները նոր-նոր են սկսել բնակվել քաղաքում և այդ գործընթացը երկար տարիներ կտևի. «Հետեւաբար, այնտեղ պարզապես հյուպատոսական ծառայություններ մատուցելու կարիք չկա»,-եզրափակել է նա՝ հակասելով նույն ալիևյան հեքիաթները, թե Ղարաբաղում կարող են անվտանգ ու խաղաղ ապրել բոլորը, այդ թվում՝ այնտեղից հեռացած հայերը։ Կան տեղեկություններ, որ Իրանն էլ Շուշիում է պատրաստվում հյուպատոսարան կառուցել, ինչը ևս ադրբեջանցիներին անհանգստացնում է: Ամեն դեպքում, նրանք հո լավ գիտեն, որ Արցախը բուն հայկական հող է եւ միշտ վախենալու են այն կորցնելուց:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի նախկին խորհրդական Վլադիմիր Գրիգորյանին հարցրեցինք` ադրբեջանցիները վախենում են հայերի վերադարձի՞ց, որն է այս վայնասունի պատճառը. «Հյուպատոսարանի կառուցումը չեմ կապում հայերի Արցախ վերադարձի հետ, չեմ կարող այդտեղ որևէ կապ գտնել, որովհետև հյուպատոսարանի գոյությունը արցախցիների համար չի կարող անվտանգության երաշխիք լինել: Հյուպատոսարանները զուտ դիվանագիտական ներկայացուցիչներ են, որոնք ուղղակի ունենալու են կոնկրետ տեղ, նստավայր ու գործառույթներ, որոնց մեջ դժվար թե մտնի Արցախից բռնի տեղահանված անձանց վերադարձի դեպքում անվտանգության ապահովումը: Թե ինչ նպատակով են հյուպատոսարաններ կառուցում, այդ հարցի պատասխանն էլ միայն իրենք գիտեն: Ես կարծում եմ, որ արցախցիներին միջազգային երաշխիքներ են հարկավոր, հստակ ծրագրային ներդրումներ, որոնք կապահովեն մարդկանց անվտանգությունը հողի վրա: Պետք է մարդկանց հետ հստակ քննարկել, հասկանալ, թե ինչպես են պատկերացնում իրենց անվտանգությունը, ինչ երաշխիքներով:

Համենայնդեպս այն, ինչ մինչ օրս եղել է, մենք բոլորս տեսանք, որ ոչ մի կերպ չաշխատեց: Ավելի գործուն մեխանիզմներ են պետք, պետք է լայն միջազգային կոնսոլիդացիա: Ռուսաստանի հետ այս պարագայում հույսեր կապել պետք չէ: Մենք բոլորս էլ տեսանք, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ Արցախից դուրս եկան: Եթե մի պրոցես հնարավոր լիներ, արդեն իսկ արված կլիներ: Ամիսներ անցան և ոչինչ նրանց կողմից չարվեց, դեռ մի բան էլ խաղաղապահ ուժերը դուրս եկան Արցախից: Պետք է եռակողմ համաձայնագիրը հստակ դիտարկել, այդ համաձայնագրով երեք կողմերի վրա էլ պարտավորություն է եղել է, ամեն ինչ բխել է երեք կողմերից, սակայն Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն պահել իրենց պայմանավորվածությունները, թե` ինչու, դա էլ հարցի մյուս կողմն է: Փաստ է, որ այդ եռակողմ համաձայնագիրը կյանքի չկոչվեց ու այսօր փաստացի 120 հազար մարդ գտնվում է իր հազարամյա ծննդավայրից դուրս: Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրանք էլ Արցախի հարցի շուրջ առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերել: Իրենց հայտարարություններով էլ խոսել են միայն իրենց կարմիր գծերի մասին»:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն էլ այս հարցի հետ կապված ասում է. «Ռուսը Արցախում էր, մեր հանդեպ այդքան բան եղավ: Այդքան բան տեսան, դեռ մի բան էլ շնորհավորեցին Ադրբեջանին` մեզ այդպես խոշտանգելու համար, էլ ի՞նչ ասեմ, չեմ կարողանում կողմնորոշվել: Եթե հնարավորություն ստեղծող լինեին մեզ համար, այն ժամանակ կստեղծեին, հարսանիքից հետո էլ դհոլն ո՞ւմ է պետք: Այնպես որ ոչ մի սպասելիք ես չունեմ ռուսներից: Ոչ էլ իրանցիներից ունեմ սպասելիք: Բարդ է ասելը, թե ինչու են որոշել հյուպատոսարաններ կառուցել: Հայաստանի իշխանություններին էլ չեմ արդարացնում, գուցե` եթե չհայտարարեին, որ Արցախը Ադրբեջան է, ռուսներն էլ մեզ օգնեին: Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Կռիվ եղավ, տեսանք ռուսի օգնությունը, ռուսը եթե մտադրված լիներ, որ արցախցին մնար Արցախում, ապա այնպես կաներ, որ կմնար: Կռիվը սկսեց` մտան խրամատներ, թաքնվեցին, հիմա էլ հյուպատոսարան են կառուցում` կազմակերպված խաղից հետո: Բոլորն արդարանում են, բայց արդյունքում մենք արդեն տուժել ենք: Ասվում է, որ ադրբեջանցիները վայնասունի մեջ են, այդ դեպքում ո՞ւմ թույլտվությամբ է ռուսն այնտեղ ինչ-որ բան կառուցում: Տա Աստված մեզ մի բան օգուտ լինի, բայց խելքս բան չի կտրում»:

Արցախի պատգամավոր Նելլա Գրիգորյանն էլ արձագանքեց. «Ես ուղղակի լսել եմ այդ մասին, բայց ոչ մի բան խելքս չի կտրում: Գուցե մեզ մի բան օգուտ լինի, բայց բարդ է այս պահին ասելը` մեզ համար լա՞վ է, որ Ռուսաստանը Ստեփանակերտում հյուպատոսարան է կառուցում, թե՞ վատ է»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image