«Շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են «ժողովրդավարության բաստիոն» համարվող պետությունները ուղղակի ոչնչացնում այն իշխանամետ թեզը, ըստ որի «ժողովրդավարությունը» հանդիսանում է միջազգային արդարության և անվտանգության երաշխիք։ Թե բա` ժողովրդավարությունը դարձել է «Հայաստանի բրենդը»։ Ես հիմա չեմ ցանկանում վիճարկել այս շատ տարօրինակ պնդումը, սակայն պարզապես ստիպված եմ հիշեցնել, որ ժողովրդավարությունը ընդամենը գործիք է, որը նույն ժողովրդավար համարվող պետություններն օգտագործում են՝ ըստ իրենց պահանջների և հետաքրքրությունների»,-այս մասին Hraparak.am-ին ասաց Արման Աբովյանը։
Քաղաքագետն իր խոսքում հիշեցնում է բոլորին և հարցնում՝ ի՞նչ պատժամիջոցներ կիրառեց ժողովրդավար Արևմուտքը՝ ցեղասպան Թուրքիայի և վայրենի Ադրբեջանի դեմ, երբ իրենք 44 օր անընդհատ ոչնչացնում էին ժողովրդավար Արցախի խաղաղ բնակչությունը։
«Ի՞նչ արձագանք ստացանք ժողովրդավար միջազգային հանրությունից, երբ համացանցը ողողվեց տեսանյութերով, որտեղ պատկերված էր, թե ինչպես են թուրք-ադրբեջանական մարդասպանները գլխատում, մասնատում, գնդակահարում մարդկանց, միայն նրա համար, որ վերջիններս հայ են։ Փոխարենը, մենք տեսանք, թե ինչպես «ժողովրդավար» պետությունները, խորապես թքած ունենալով իբր հայկական բրենդ հանդիսացող «ժողովրդավարության» վրա, այսօր երկու անգամ գնում են և խոնարհվում են Ադրբեջանի բռնապետ, ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի առաջ, որ վերջինս գազի և նավթի մատակարարումները ավելացնի դեպի ժողովրդավար պետություններ։ Դե, այսօր ստացանք նոր տեղեկություն, որը շատ հստակ ցույց է տալիս «ժողովրդավարություն» անվանվող բրենդի էժանությունը և անտանելիությունը։ Ժողովրդավար ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել շրջանցել 907 բանաձևի սահմանափակումները և ռազմական օգնություն տրամադրել հայասպան, բարբարոս, ցեղասպան, ավտորիտար Ադրբեջանին։ Այն Ադրբեջանին, որը առավոտից երեկո սպառնում է «ժողովրդավար» Հայաստանին՝ ոչնչացմամբ։ Դե, Հայաստանի իշխանությունների պարզունակ մանիպուլյացիաների մասին չեմ խոսում՝ այստեղ ամեն ինչ պարզից պարզ է»։