ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին եւ փեսան մեղադրվում են մայիսի 8-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ՝ նրանք «կանգառում գտնվող» պապիկներին ծեծելու մեջ են մեղադրվում։ Հիշեցենք, որ նախաքննության մարմինները հաղորդագրություն էին տարածել՝ գրելով, որ նրանք մեքենաներից իջել են եւ ծեծի ենթարկել կանգառում կանգնած տարեց մարդկանց։ Մենք Գեղամ Մանուկյանից հետաքրքրվել ենք այդ միջադեպի եւ քրեական գործի մասին։
«Ես՝ իմ մեքենայով մի փոքր ավելի առաջ էի՝ ճիշտ է, բայց կարող եմ ասել, որ մարդկանց այդ խումբը հարձակվում էր մեքենաների վրա, այդ թվում նաև՝ իմ։ Կինս էր ղեկին՝ արագ քշեց, անցավ։ Չարդարացնելով որևէ բռնություն՝ ուղղակի կարող եմ ասել, որ սարսափելի ազդեցիկ խումբ էր»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ «Բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել բռնությունը, հատկապես հայրը՝ որդու հետ կապված։ Ամենակարևոր հանգամանքն այն ստորությունն է, որ այդ մարդկանց փորձել էին սադրանքի գործիք դարձնել, և իշխանություններին դա հաջողվեց։ Տեսեք, Արսեն Մարտոյանի մեքենան ինչպես են ջարդուփշուր արել։ Հայհոյանքներով մոտենում էին, և փայտերով խփում մեքենաներին։ Այդ քնքուշ՝ պապիկ, բան․․․ վարդերի թերթերն էր ձեռքին, այդպիսի պապիկներ չէին։ էն, որ Քոչարյան Անդոն, որ ասում է՝ ձեռնափայտեր են եղել ձեռքները, ոչ՝ իրականում փայտեր են եղել։ Ինչպես եղավ Հոռոմ գյուղի մոտ, որ բազմաթիվ մարդկանց բերել էին տարբեր բնակավայրերից։ Ես շարունակում եմ այստեղ իմ պայքարը, քիչ առաջ ավտոերթի մեջ էինք, հիմա էլ հանրահավաքի ենք պատրաստվում։ Կարծում եք դարդլամիշ պիտի անե՞նք, չէ»։
Գեղամ Մանուկյանից տեղեկացանք նաև, որ այսօր ժամը 18.00-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա իր որդու՝ Տարոն Մանուկյանի, Գոռ Սարգսյանի և Արսեն Մարտոյանի դատը։