Քաղաքականություն

Եկեղեցու բարեփոխո՞ւմ, թե՞ չարեփոխում

Եկեղեցու բարեփոխո՞ւմ, թե՞ չարեփոխում

«Հիմա ես ամեն կիրակի գնում եմ պատարագի։ Ի դեպ, մարդիկ ասում են, թե ինչու ես նախորդող շրջանում չեմ գնացել։ Նույն պատճառով. որովհետև որոշ բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաներ իրենց գործողություններով ինձ նման հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդկանց վանել են եկեղեցուց։ Որովհետև անհնար է անընդհատ գնալ և գտնվել այս մթնոլորտում և միջավայրում»,- հերթական տեսանյութում ասում է «մեծարգո վարչապետը»։ Փաստորեն, ամեն կիրակի ինքը գնում է եկեղեցի, որպեսզի իր ներկայությամբ փոխի մթնոլորտն ու միջավայրը: Եվ քանի որ նախկինում գոյություն ունեցածը բանի պետք չէր, ուրեմն հիմա տեղի է ունենում բարեփոխում:

Իսկ այժմ դիտարկենք, թե ինչ բարեփոխում է տեղի ունենում իր գնալու օրերին այս կամ այն եկեղեցում: Առաջինը, տեղի բնակչության՝ պետական հիմնարկների (դպրոց, մանկապարտեզ և այլն) ղեկավար կազմին, որպես գլխաքանակ, պարտադրում են մասնակցել պատարագին: Դրանց թվում, բնականաբար, կարող են լինել այնպիսիք, ովքեր տարիներ ոտք չեն դրել եկեղեցու շեմը: Եվ եթե չլիներ պարտադրանքը՝ նույնքան ժամանակ ևս չէին այցելի պատարագ ունկնդրելու: Ինչպես երևում է, դա ոչ թե բարեփոխում է, այլ դրա հակառակ երևույթը: Ի դեպ, նույն տեսանյություն ինքն ասում է, որ Հայաստանը կրոնապետություն չէ, և ամեն մարդ ազատ է հավատալու կամ չհավատալու Աստծուն: Ստացվում է, որ դա ինքն է որոշում՝ այս կամ այն մարդը հավատա, թե ոչ: Ու իր ներկայության պահին պարտադրելով այցելել պատարագիհի՝ ստիպում է դառնալ կեղծ հավատացյալ: 

Անցնենք առաջ: Եկեղեցական կանոնադրությունը խախտելու մեջ մեղադրելով Վեհափառին՝ նա ամեն կիրակի պարտադրում է պատարագ մատուցողին խախտել նույն այդ կանոնադրությունը: Սա բարեփոխո՞ւմ է, թե՞ չարեփոխում: Չմոռանանք, որ եկեղեցական մթնոլորտն ու միջավայրը բարեփոխվում են հենց բարեփոխման և ոչ թե չարեփոխման միջոցով: Անդրադառնալով կարգալույծ քահանաների կողմից պատարագ մատուցելուն՝ «ընդունենք» (չակերտավոր), որ կանոնադրություն խախտած կաթողիկոսն իրավունք չունի կարգալույծ անել կանոնադրություն խախտած քահանային: Բայց Վեհափառի իշխանությունը չընդունող քահանան, իսկ նրա անունը զեղչելը հենց դա է նշանակում, գիտակցորեն ընդվզում է եկեղեցական կարգի ու իշխանության դեմ: Ինչն ավելին է, քան պարզապես կանոնադրություն խախտելը: Կարծում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շատ չէր երջանկանա, եթե նույն երևույթն իր ենթականների կողմից կատարվեր իր նկատմամբ: Դա՝ մեկ, և երկրորդ. կենդանի կաթողիկոսի պարագայում նրա կարգավիճակի դեմ վեճի բռնվելը նույնն է, ինչպես գործող օրենսդրության դեմ կռիվ անելը: Պատկերացրե՛ք, որ ՀՀ քաղաքացին սկսի խախտել այս կամ այն օրենքը՝ արդարանալով, որ այն բանի պետք չէ: Թե ինչի կարող է հանգեցնել այդ վարքագիծը՝ կարծում եմ հասկանալի է հատկապես վարչապետ կոչեցյալին և թե նրա անհեթեթությունները կապկող «վեցնոցներին»:

Շարունակենք նույն ուղղությամբ ընթանալը: Յուրաքանչյու անձ եկեղեցի է մտնում Աստծո հետ հաղորդակցվելու նպատակով՝ լինի դա առօրեական այցելություն և թե մասնկցություն պատարագին: Եկեղեցու մթնոլորտի և միջավայրի բարեփոխում չի կարող լինել այն պարագայում, երբ այնտեղ պետական իրենց պարտականություն են իրականացնում թիկնապահները, իսկ պարտադրանքով բերված այլ քաղաքացիներ ծափահարում են պատարագի ավարտից հետո: Եվ վերջապես, ինչի մասին ևս բազմիցս է խոսվել, անօրինության կամ մեղքի դեմ հնարավոր չէ պայքար մղել այն անձանց միջոցով, ովքեր թաղված են եղել (և այսօր էլ երևի թաղված են) նույնի մեջ: Իրեն քրիստոնեության հետևորդ կոչող անձը կարծես թե ցանկություն չունի մտաբերելու շնության մեջ բռնված կնոջը քարկոծելու առումով Հիսուսի խոսքը. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա քար գցի դրա վրա»: Այնինչ, Վեհափառից տասը գլուխ ավելի մեղավոր անձանցով Նիկոլը փորձում է «մաքրել» եկեղեցու մթնոլորտն ու միջավայրը: Մեծ գուսանը կասեր՝ «Խելքի՛ աշեցեք»…

Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլի իրական նպատակը ոչ թե եկեղեցու մթնոլորտը մաքրելն է, այլ այդ կառույցը, որպես հայոց ինքնության գլխավոր հենասյուն, ոչնչացնելը: Ինչը չպետք է տեղի ունենա: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image