Ազգային ժողովում իմքայլականները տապալեցին վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ կազմակերպված հարձակում նախաձեռնելով ու վիրավորանքներ հասցնելով։ Հաջորդ քառօրյային տեղի է ունենալու թեկնածուների ընտրության երկրորդ փուլը։ Մասնակցելո՞ւ է նորից այդ քննարկմանը՝ հարցրինք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ «Ես չեմ մասնակցելու, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով ընդամենը պետք է խոսեն այդ թեկնածուները, ու վերջ, էլ գործառույթ չկա իրականացնելու։ Ես ցավով եմ ասում, որ չեմ խոսելու, թե չէ ես հաճույքով կգնայի կխոսեի, մի քիչ էլ ռեյտինգս կբարձրանար»,- ասաց Վարդազարյանը։
- Ու «հաճույքով» նորից կենթարկվեիք հարձակմա՞ն։
- Դա հարձակո՞ւմ էր։ Դա ընդամենը իմ ռեյտինգը բարձրացնելու գործընթաց էր։
- Բաբաջանյան Արմա՞նը պետք է բարձրացներ Ձեր ռեյտինգը։
- Ինչի՞ ինքը, Բաբաջանյանի հետ կապված՝ ես արդեն դիմել եմ Ազգային ժողով։ Բաբաջանյան Արմանի կողմից քննադատությունը ոնց որ երկնային մանանա լինի․ իմ ռեյտինգն աճում է դրանից։
- Իսկ միայն քննադատությո՞ւն էր, թե՞ Ձեր հասցեին վիրավորանք էլ կար նրա կողմից։
- Վիրավորանքի վերաբերյալ ես արդեն դիմել եմ ԱԺ նախագահին, որպեսզի էթիկայի հանձնաժողով ձեւավորի եւ քննի այդ ամենը։
- Բայց այնտեղ էլի պատգամավորներ կային, որոնք վիրավորական արտահայտություններ էին անում Ձեր հասցեին, կարծեմ՝ Վաղարշակ Հակոբյան անունով մի իմքայլական էր նաեւ։ Դուք նրանց թույլ տված արտահայտությունների հարցով է՞լ եք դիմել, թե՞ միայն Բաբաջանյանի։
- Էս պահին միայն Բաբաջանյան Արմանով եմ դիմել, միայն Բաբաջանյանինն եմ վերհիշել՝ ինչ է ասել եւ նայել։ Մնացածը, քանի որ տհաճ է ինձ համար, չեմ նայել։ Բայց եթե մյուսներինը նույնպես գտնեմ, նորից կդիմեմ էթիկայի հանձնաժողով։
- Ի դեպ, այդ երկու օրվա հարցուպատասխանն ի՞նչ արձագանք են առաջացրել դատական համակարգում։
- Դատական համակարգն էլ ավելի համախմբված է դարձել, նույնիսկ եթե որոշ դատավորների հետ ունեի սկզբունքային անհամաձայնության հարցեր, նույնիսկ այդ դատավորներն են այս պահին հայտնել իրենց պատրաստակամությունը՝ կանգնել իմ կողքին եւ դատական իշխանության կողքին՝ պայքարելու էդ ցինիզմի դեմ, որ թույլ են տալիս որոշ պատգամավորներ։
- Դուք նկատեցի՞ք «Իմ քայլի» կողմից միտում, որ չեն ցանկանում Ձեզ տեսնել ԲԴԽ նախագահի պաշտոնում եւ փափագում են Ձեզ փոխարինել այլ անձով։
- Ինչո՞ւ միտում, պարզ տեքստով ասվեց, պարզ տեքստով հարց հնչեցվեց, ես էլ պարզ տեքստով պատասխանեցի՝ ոչ, հրաժարական չեմ տալու։
- Եթե երկրորդ անգամ էլ չընտրեն առաջադրված թեկնածուներին, նորից նույն ցիկլը կրկնվելու է, ճի՞շտ է։
- Այո, նորից Բարձրագույն դատական խորհուրդն ընտրելու է դատավորի երեք թեկնածուների, եւ նորից անձամբ ես գնալու եմ Ազգային ժողով եւ ներկայացնելու եմ այդ երեք նոր թեկնածուներին։
- Եվ նորից անցնելու եք այդ «հաճելի» «Գողգոթայի» միջով։
- Ես Ձեր ասածի մեջ սարկազմ եմ տեսնում, այո, դա ինձ տհաճ էր, այո, ես տհաճություն եմ ապրել էդ երկու օրը։ Բայց, նորից եմ ասում, երբ որ ես հիմա քայլում եմ փողոցում, ինձ անծանոթ մարդիկ բարեւում են, ձեռքս սեղմում են եւ զորակցություն ու աջակցություն են հայտնում։