Քաղաքականություն

Ռիկսդագի խոսնակը խնդրեց լուսանկարվել, ասեի՝ չեմ ուզու՞մ

Ռիկսդագի խոսնակը խնդրեց լուսանկարվել, ասեի՝ չեմ ուզու՞մ

Համացանցում մի լուսանկար է տարածվել, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կանգնած է իշխանական պատգամավորների կողքին, նկարում կան նաեւ օտարերկրացիներ։ Ընդդիմադիր պատգամավորին քննադատում են՝ ՔՊ-ականների հետ լուսանկարվելու համար։ Գառնիկ Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ լուսանկարն արվել է Շվեդիայում, այցը շվեդական կողմի հրավերով է եղել։ ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությունը` ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորրությամբ այցելել է Ստոկհոլմ, այդ պատվիրակության մեջ է եղել նաեւ Գառնիկ Դանիելյանը, ով խորհրդարանական հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ է։ Ըստ նրա՝ այս ուղեւորության հնարավորությունն օգտագործել է` բարձրաձայնելու ընդդիմության համար օրակարգային տարբեր հարցեր։ 

«Ռիկսդագում արարողակարգային հանդիպման ժամանակ Ռիկսդագի խոսնակը խնդրեց Հայաստանից ժամանած խմբի հետ նկարվել, ես ի՞նչ պիտի ասեի Ռիկսդագի նախագահին, որ չեմ ուզում նկարվե՞լ։ Կամ՝ ի՞նչ կա դրանում, ո՞րն է խնդիրը»,-ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ այդ հանդիպման ժամանակ Շվեդիայի խորհրդարանի անդամների մոտ բարձրացրել է միջազգային հանրության կողմից Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը համարժեք գնահատականներ տալու անհրաժեշտության, արցախահայության վերադարձի եւ այլ իրավունքների վերականգնման հարցում միջազգային աջակցության կարեւորության մասին հարցեր։ 

«Այս համատեքստում ընդգծեցի նաև Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտելու բանաձևեր ընդունելու անհրաժեշտությունը։ 2023 թվականին Շվեդիան ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Արցախի բնակչության հումանիտար կարիքների համար։ Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ օր օրի վատթարացող սոցիալական դրությունը, խնդրեցի չդադարեցնել այս տեսակ աջակցությունները։ Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանում պահվող մեր գերիների՝ ապօրինաբար պահվող ռազմաքաղաքական և քաղաքացիական անձանց հարցը՝ ակնկալելով, որ գործուն քայլեր կձեռնարկվեն վերջիններիս ազատ արձակելու ուղղությամբ»,-ասաց նա։ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ հանդիպմանը նաեւ խոսել է Շվեդիայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կարևորության մասին։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև առայժմ ընդունել է միայն Ռիկսդագը (Շվեդիայի խորհրդարանը)։ 

«Պատիվ եմ ունեցել նիստերից մեկն անձամբ վարելու՝  ներկայացնելով ՀՀ-ում պառլամենտական ընդդիմության համար ստեղծվող արհեստական խոչընդոտները, օրենսդրական նախաձեռնություններ բերելու և ընդունելու դժվարությունները, Դոնթի բանաձևի՝ համամասնական ընտրակարգի մանդատների բաշխման խախտման դեպքերը, մասնավորապես՝ ընդդիմությանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունը չհանձնելու ապօրինի քաղաքականությունը։ Տեղեկանալով այցիս մասին՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնեցին շվեդահայերը, որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին ցանկացած հայանպաստ գործունեության մեջ ներգրավվելու հարցում։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շվեդական կողմին՝ արժանացրած ջերմ ընդունելության և փորձի փոխանակման հնարավորության համար»,-նշեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image