Այսօր ԱԺ նիստին զուգահեռ` ընդդիմադիր երկու խմբակցությունները այլընտրանքային նիստ են հրավիրել «Անի գրանդ» հյուրանոցի դահլիճներից մեկում: Նիստին բացի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներից, ներկա են նաև հասարակական-քաղաքական սեկտորի տարբեր ներկայացուցիչներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ:
Մենք նկատեցինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը ակտիվորեն մասնակցում էր «Դիմադրության» շարժման հանրահավաքներին, հետո դուրս եկավ շարժումից, այսօր ներկա չէր ընդդիմության այլընտրանքային նիստին:
Նիստը վարող Իշխան Սաղաթելյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Վանեցյանը կամ «Հայրենիք» կուսակցությունից որևէ մեկը ներկա չէ, չեն հրավիրե՞լ, թե՞ իրենք չեն եկել:
Սաղաթելյանն ասաց, որ «Հայրենիք» կուսակցությունից ներկայացուցիչ, իր իմանալով, կա դահլիճում, իսկ Արթուր Վանեցյանն էլ, իր տեղեկություններով, այս օրերին Հայաստանում չի գտնվում: