«Հայաստանը ես եմ» նախաձեռնության հիմնադիր, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ինչ հետեւանքներ կարող է առաջացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը։
- Ռուսաստանն արգելք է դրել գյուղմթերքի, ալկոհոլի ներմուծման եւ դիզվառելիքի արտահանման վրա։ Ի՞նչ խնդիրների կարող ենք առնչվել, արդյոք Ադրբեջանից վառելանյութի ներկրումը կարո՞ղ է մեղմացնել այն բացը, որն առաջանալու է։
- Ադրբեջանից եկողի մասին խոսքերը շատ չափազանցված են, որովհետեւ դա ադրբեջանական չէ։ Ադրբեջանը հազիվ հասցնում է իր ներքին սպառման համար արտադրել: Վերավաճառք է իրականացնում։ Դիվառելիքի արտահանման արգելքի հետ կապված լավ նորությունն այստեղ այն է, որ ՌԴ նախագահը նշեց` դա դեռեւս չի վերաբերում ԵԱՏՄ անդամ երկրներին։ Այսինքն, ունենք այդպիսի ռիսկ, որ մի օր կկանգնենք դրա առաջ, բայց դեռեւս չի սպառնում` այս պահի դրությամբ։ Հաջորդ լավ նորությունն այն է, որ վառելիքի շուկան արագ կարող են դիվերսիֆիկացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այսինքն՝ հնարավոր տարբերակներից մեկն է, իհարկե՝ սակագնի եւ որակի առումով դեռ վաղ է որեւէ բան ասել: Բայց այս պահին, օրինակ, Սյունիքի հատվածում մանրածախ վաճառք իրականացնողները գնում են Իրանի Իսլամական Հանրապետությունից, եւ կան խոշոր կազմակերպություններ Հայաստանում, որոնք մեծ պատվեր են տալիս Իրանին, եւ իրենք իրենց համար, իրենց սպառման համար նաեւ ներկրում են։ Վառելիքի հետ կապված՝ որոշակի մեղմացուցիչ հանգամանքներ գոյություն ունեն, բայց գլոբալ ռիսկը դեռեւս մնում է բաց։
- Ո՞րն է այդ գլոբալ ռիսկը։
- Եթե հանկարծ Հայաստանը կանգնի վառելիքի դեֆիցիտի առջեւ, մենք կունենանք շատ լուրջ խնդիրներ՝ կապված սեզոնայնության հետ, առաջին հերթին։ Հիմա գյուղատնտեսության ակտիվ փուլն է` բերքահավաք, այնուհետեւ՝ աշնանացան, իսկ գյուղատնտեսական տեխնիկան աշխատում է դիզվառելիքով։ Ունենում ենք խնդիր նաեւ արտահանումների եւ ներկրումների իրականացման հետ կապված, այսինքն՝ բեռնափոխադրումների մեծ մասն աշխատում է դիզվառելիքով, եւ եթե առաջանում է դեֆիցիտ, բնականաբար, ունենում ենք լոգիստիկայի շղթայի կանգ եւ սակագների թանկացում, ինչը չի կարող ապրանքների եւ ծառայությունների արժեքների վրա չազդել։ Օրինակ, նույն հացի վաճառքի սակագնի մեջ ներառված են նաեւ հացի փռից մինչեւ մանրածախի վայր հասցնելու ճանապարհային ծախսերը, պատկերացրեք` դա թանկանում է, դա չի կարող հացի գնի վրա ազդեցություն չունենալ. 100 դրամանոց հացը դառնում է 110 դրամ, օրինակ։ Իսկ գյուղատնտեսության վրա շատ ծանր հետեւանքներ կունենա։ Մյուսը, Աստված մի արասցե, տարածաշրջանը դեռեւս տուրբուլենտության մեջ է գտնվում, պաշտպանական համակարգում եթե ունենանք կարիքներ կամ դիզելային վառելիքի անբավարարություն։
- Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները որեւէ կերպ չեն ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի տնտեսությունն իսկապե՞ս այդքան ինքնաբավ է։
- Իհարկե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գիտի՝ ինչքանով են ազդել, ինչքանով չեն ազդել։ Հայաստանի տնտեսության վրա այնքանով են ազդել, որ մենք ունենք վերաարտահանումների արդեն լուրջ ծավալների նվազում՝ սկսած տրանսպորտային միջոցների վերաարտահանումներից, որ տեղափոխվեց այլ երկրներ՝ Ուզբեկստան, Ղազախստան եւ այլն, շարունակելով երկակի նշանակության ապրանքներով, երբ արդեն միջնորդ հարթակ են դիտարկվում Միացյալ Արաբական Էմիրությունները, Թուրքիան, նույնիսկ որոշակի չափով՝ Վրաստանը եւ Ադրբեջանը, բայց ո՛չ Հայաստանը։ Այստեղ մենք ունեցանք շատ լուրջ կորուստներ։ Հաջորդ խնդիրն էկոնոմիկայի ոլորտում ռուսական սահմանափակումներն են, այսինքն՝ Հայաստանի արտադրական ամբողջ ներուժն ուղղակի ոչնչացվում է։ Պատկերացրեք, ձկնաբուծարանները, ջերմոցային տնտեսությունները, այլ տնտեսական, թեկուզ ավանդական գյուղատնտեսական ծրագրեր հաջորդ տարի ուղղակի չեն կարող գործել՝ մի պարզ պատճառով․ դրանք՝ բոլորը, գտնվում են վարկային բեռի տակ, եւ եթե մի քանի ամսով նրանց վաճառքները դադարեցվում են, նշանակում է, որ վարկային բեռը չեն կարող սպասարկել։ Եվ գրավի առարկաները, բնականաբար, անցնում են բանկերին, աշխատակիցներին աշխատանքից ազատում են, եւ նոր ֆինանսական հնարավորություն մի քանի ամսից կամ մեկ տարուց ուղղակի չի լինում։ Այդ թվում գյուղացիական տնտեսությունները, տնային տնտեսությունները գարնանային շրջանը մեկնարկում են հենց վարկով, նույն սածիլների, ջրի ոռոգման, էտելու, պարարտանյութերի համար վարկ են վերցնում, որպեսզի անհրաժեշտ բոլոր ձեռքբերումները կատարեն, բերք ստանան, վաճառեն ու կարողանան վարկի մարում իրականացնել։ Հիմա, եթե այս տարվա վարկի մարումը չիրականացնեն, չեն կարողանա հաջորդ գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարել։
- ԵՄ-ն 35 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրում, դա չի՞ փրկելու իրավիճակը։
- Եկեք համեմատենք։ Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը մոտավորապես 1 միլիարդ դոլարի շրջանակում է: 1 միլիարդ եւ 35 միլիոն՝ կարո՞ղ է մեղմացուցիչ հանգամանք դիտարկվել, իհարկե` ոչ։ Երկրորդ հարցը․ ԵՄ-ն տրամադրում է ինչի՞ համար՝ գյուղատնտեսության զարգացման, շուկաների դիվերսիֆիկացման, բնականաբար, դրանց վերաբերյալ չի կարող։ Միգուցե այստեղ ձեւակերպեն, որ դրա համար են տրամադրում, բայց այդպիսի բան երբեք չեն անում։ Մյուս հարցն այն է, թե ինչ եղանակով են տրամադրում՝ վարկային միջոցնե՞ր են, թե՞ ուղղակի օգնություն, որովհետեւ շատ դեպքերում դա էլ են թաքցնում։ Ինչո՞ւ. որովհետեւ 35 միլիոնը, եթե 10 տոկոս տոկոսադրույքով տրամադրում է, դուրս է գալիս, որ 38 միլիոն մոտավորապես պետք է հետմարում իրականացնել, ընդ որում՝ միայն մեկ տարվա մասին է, այսինքն, տարեկան 3 միլիոնով պետք է ավելանա։ Բայց խնդիրն այն է, որ փողը մենք մի կողմից ստանում ենք, բայց մյուս կողմից չենք կարողանում դա ստանալ ու վաճառել։ Պատկերացրեք, որ դուք ունեք փող, բայց շուկայում չկա ապրանք, որը կարող եք գնել ու սպառել, ինչն ամենօրյա կենսական անհրաժեշտություն է։ Մի անգամ մենք եղել ենք այդպիսի իրավիճակում՝ 1990-ականներին: Շատ գյուղական համայնքներում զարգացած էր անասնաբուծությունը, կամ բուսաբուծական աշխատանքներ էին կատարում, հնարավոր էր լինում մի պահ վաճառք իրականացնել՝ փող լինում էր, բայց ձեռքբերման ենթակա ապրանք չէր լինում։ Հագուստի դեֆիցիտ կար՝ շատ լավ հիշում եմ։ Մարզային շրջաններում ուտելիքի շատ լուրջ դեֆիցիտ կար, այսինքն՝ փողը կար, բայց չէիր կարողանում ապրանք առնել։ Հիմա պատկերացրեք` մեր արտադրողը գյուղատնտեսությունն է, գյուղատնտեսությունից անցում ենք կատարում վերամշակող արդյունաբերության, եւ որոնք արտահանման հաշվին գոյատեւողներ են։ Իսկ մենք այլ շուկա դեռեւս չունենք, ու մոտ ապագայում չի էլ երեւում, թե որտեղ կարող ենք ունենալ։ Մարդիկ սկսելու են չարտադրել, եւ 35 միլիոն բերելու ենք, տարին էլ 4 միլիոն հետ են վճարելու միայն տոկոսավճար, բայց ապրանք չենք ունենալու, որ առնենք; Ի՞նչ ենք անելու այդ 35 միլիոնը, մեր ինչի՞ն է պետք դա։
- Այս բոլոր խնդիրներին գումարվում է նաեւ սոցիալական խնդիրը։ Պարզվում է, որ թոշակներն ավելացրել են` նպաստները կտրել։ Ի՞նչ այլ խնդիրներ կարող է առաջացնել թոշակների չնախատեսված բարձրացումը։
- Դուք ասացիք 35 միլիոնի մասին, չի բացառվում, որ դա թոշակների, առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի պատճառով առաջացած դեֆիցիտը, այլ կանխատեսելի բյուջետային մուտքերի կրճատումները լրացնելու համար է, որոնք Ռուսաստանի պատժամիջոցների ֆոնին կարող են լինել, չի բացառվում, որ դրանց փոխհատուցման մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է սոցիալական վճարներին, այստեղ պետք է, հանուն արդարության, երեւույթն ավելի լայն բացենք. ես կողմ չեմ անընդհատ սոցիալական նպաստներ վճարելուն, կողմ եմ հետեւյալ մոդելին․ պետության պարտականությունն է՝ բոլորի համար ստեղծել արժանապատիվ, բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Պետության ուղղակի եւ անուղղակի ֆունկցիան է մարդկանց աշխատանքով ապահովելն ու արժանապատիվ կյանքի համար պատասխանատվություն ստանձնելը։ Կողմ եմ տրամադրելուն սոցիալական վճարներ միայն մի դեպքում, երբ պետությունն իր պարտականությունը չի կատարում՝ այդ ժամանակ պետք է տրամադրի։ Բայց արդեն բարձր` ոչ թե 30 հազար, այլ՝ 200 հազար դրամ, որովհետեւ հիմա, երբ մենք շուկայի հետազոտություն ենք իրականացնում, շատ են դեպքերը, երբ մարդիկ զուտ նպաստից չզրկվելու համար հրաժարվում են որեւէ տեղում աշխատելուց: Այսինքն՝ արդարության այդ պահը պահենք։ Մի կողմից, կա՛մ պետք է չլինի, կա՛մ հնարավորինս քիչ շրջանակների վերաբերելի լինի, բայց պետությունը պետք է իր պարտականությունները կատարի։ Հիմա, հաշվի առնելով, որ պետությունը բարեկեցության եւ արժանապատիվ ապրուստի իր առաքելությունը չի կատարել, նշանակում է՝ սոցիալական նպաստը պետք է շարունակի վճարել, ընդ որում` ավելի բարձր։ Իսկ հենց կատարեց, արդեն կարելի է մտածել կրճատման մասին։