«Հրապարակի» զրուցակիցը կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանն է:
- Ադրբեջանի կրթության նախարարը հպարտությամբ հայտարարել է, որ հանրապետության 6 համալսարան ընդգրկվել է աշխարհի 1000 լավագույն բուհերի ցանկում։ Մեկ այլ վարկանիշով էլ՝ ադրբեջանական 9 համալսարան է ներառված թոփ համալսարանների ցանկում: Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանի պարագայում:
- Ցավոք, Հայաստանը ներկայում համաշխարհային բարձրագույն կրթության քարտեզում շատ թույլ է ներկայացված։ Վերջին՝ QS World University Rankings աղյուսակում Հայաստանը ներկայացված է ընդամենը մեկ համալսարանով՝ Երեւանի պետական համալսարանով, որը նույնիսկ առաջին 1000-ի մեջ չէ։ Իսկ մեկ այլ հեղինակավոր ցուցակում՝ Շանհայի վարկանիշային աղյուսակում, հայկական համալսարաններն ընդհանրապես բացակայում են։ Սա վկայում է, որ մենք լուրջ հետ ենք մնում ոչ միայն զարգացած, այլեւ մեր տարածաշրջանի երկրներից։ Այսպես. վարկանիշավորման վերոհիշյալ աղյուսակում Ռուսաստանն ունի 40 համալսարան, որոնցից 9-ը լավագույն 500-ի շարքում են, Թուրքիան՝ 26 (500-ի մեջ՝ 6), Ղազախստանը՝ 20 (3), Իրանը՝ 11 (4), Ուկրաինան՝ 10 (0), Ադրբեջանը՝ 9 (0), Ուզբեկստանը՝ 7 (1), Իսրայելը՝ 6 (4), Լիտվան՝ 5 (1), Ղրղզստանը՝ 5 (0), Լատվիան՝ 4 (0), Բելառուսը՝ 3 (1), Էստոնիան՝ 3 (1) եւ Վրաստանը՝ 2 (0):
- Ո՞րն է կրթական հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանի դեպքում համաշխարհային գիտակրթական ընտանիքում նման անպատվաբեր մակարդակ ունենալու բուն պատճառը:
- Պատճառները բազմազան են։ Նախ՝ բարձրագույն կրթության համակարգում չեն իրականացվել խորքային եւ համակարգային բարեփոխումներ, որոնք պահանջված են՝ ժամանակակից աշխարհի հետ համաքայլ առաջ ընթանալու համար։ Երկրորդ․ համալսարանների ֆինանսական հնարավորությունները բավարար չեն թե՛ գիտական հետազոտությունների զարգացման, թե՛ միջազգային մրցունակության բարձրացման համար։ Երրորդ․ Հայաստանում առկա է ակադեմիական միգրացիայի լուրջ խնդիր․ որակավորված կադրերի զգալի մասը դուրս է գալիս ոլորտից կամ հեռանում է երկրից՝ ավելի բարենպաստ պայմանների որոնման համար։ Միայն նշեմ, որ վերջին 6-7 տարում պրոֆեսորադասախոսական անձնակազմը նվազել է շուրջ 25 տոկոսով: Վերջապես, կառավարման համակարգը հաճախ ավելի շատ վարչական-բյուրոկրատական է, քան ոլորտի զարգացման վրա կենտրոնացած: Կայացված որոշումները հաճախ անորակ են, երբեմն՝ միմյանց հակասող, իսկ որոշում կայացնողները, անկեղծ ասենք, գիտակրթական ոլորտում անցած որեւէ հետագիծ ու համապատասխան գիտելիքներ չունեն, շատ հաճախ ենթարկվում են ինչ-որ մեկի քմահաճույքներին:
- «Կրթվելը նորաձեւ է» գաղափարախոսությամբ ու կարգախոսով առաջնորդվող իշխանական զույգին չի՞ հետաքրքրում հայոց կրթակարգն ու կրթօջախների միջազգային համբավը:
- Իշխանական մակարդակով հայտարարված կարգախոսները, ցավոք, քիչ են փոխում իրականությունը։ Կամ երբեմն փոխում են հակառակ ուղղությամբ, ցավոք: Թեեւ խոսքերով կրթությունը համարվում է գերակայություն, գործնականում այն պետական քաղաքականության առաջնային օրակարգում չէ։ Ձեւ է՝ առանց բովանդակության: Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ Հայաստանի համալսարանները հայտնվեն առաջին 500-ի կամ 1000-ի շարքում, ապա անհրաժեշտ են խիստ նպատակային ծրագրեր՝ առանց միջամտելու։ Անհապաղ տարածված խոսույթից պետք է հանել «բուհերի միավորում», «ակադեմիական քաղաք» արտահայտությունները, իսկ կրթության մասին պիտի խոսեն դրանից գոնե մի քիչ պատկերացում ունեցողները… Ի դեպ, կրթության՝ մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագրով նախատեսված է, որ մինչեւ 2030 թվականը Հայաստանի առնվազն 4 համալսարան պետք է ընդգրկված լինի աշխարհի լավագույն 500-ի շարքում։ Սակայն գործող վարչախմբի ու վարվող քաղաքականության պայմաններում այդ նպատակը, ցավոք, կարող է միայն լավ երազանք լինել։
- Իսկ տարածաշրջանային առումով ո՞ր երկիրն է առաջատար աշխարհի հայտնի համալսարաններում լավագույն դիրքերն ունենալու ցուցանիշով, եւ ո՞րն է այդ հաջողության «գաղտնիքը»:
- Տարածաշրջանում ակնհայտ առաջատար է Ռուսաստանը, որն ունի 40 համալսարան համաշխարհային վարկանիշներում, որոնցից 9-ը՝ առաջին 500-ի մեջ։ Բավական ուժեղ դիրքեր ունի նաեւ Թուրքիան՝ 26 համալսարանով, որոնցից 6-ը՝ 500-ի շարքում։ Վերջին տարիներին մեծ առաջընթաց են գրանցել Ղազախստանը, Իրանը, Ադրբեջանը: Նրանց հաջողության հիմնական պատճառներից են պետական ֆինանսավորման մեծ ծավալները, համալսարաններում հետազոտական բաղադրիչի եւ միջազգայնացման խորացումը եւ ամենակարեւորը՝ պետական նպատակային քաղաքականությունը։ Առանց պետական հստակ ռազմավարության, մեծածավալ ներդրումների եւ համալսարանների կառավարման արդիականացման, պարզապես ավանդույթների վրա հենվելով հաջողություն ունենալը գրեթե անհնար է։ Հատկապես երբ, Հայաստանի պարագայում, խորհրդային տարիներին ձեւավորված գիտական դպրոցներն ու լավագույն ավանդույթներն արդեն վերացել են…