Քաղաքականություն

«Հրապարակ». Արցախում ժողովուրդը բացահայտ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ». Արցախում ժողովուրդը բացահայտ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին

Արցախում սեպտեմբերի 2-ը տոն է, սակայն երկու տարի է՝ այն նշում են այնպես, ասես սգո օր լինի։ Իրար այնպես են շնորհավորում, որ ավելի շատ ցավակցության է նման, քան շնորհավորանքի։ Այդ օրը Ստեփանակերտի հուշահամալիրում հավաքվածների դեմքին ժպիտ ու տոնական տրամադրություն դժվար էր նկատել։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ գեներալիտետ՝ բոլորը խուսափում էին գնահատականներ հնչեցնել ստեղծված իրավիճակի, դրա մեղավորների, Նիկոլ Փաշինյանի վարած արցախակործան քաղաքականության, ինչպես նաեւ «Շուշին հանձնողների» մասին։

Մինչդեռ բուն ժողովուրդը մասնավոր զրույցներում բացահայտ մեղադրում էր Նիկոլին ու իր թիմին՝ Արցախն այսպես անողոքաբար մաս-մաս հանձնելու, հազարավոր զինվորների մատաղ անելու մեջ։ Ստեփանակերտի հրապարակում հավաքված հասարակ ժողովուրդը Հայաստանից ժամանած ընդդիմադիր պատգամավորներից պահանջում էր «ազատվել» Նիկոլ Փաշինյանից, մի բան անել՝ դրա հարցերը լուծել, թույլ չտալ, որ նա շարունակի հանձնել Արցախը։ Մեր աչքի առաջ Արամ Վարդեւանյանին ու Գեղամ Մանուկյանին մի կին բռնեցրել ու մեղադրում էր, թե՝ ձեր թիմն անիմաստ քայլերթերով Դիմադրության շարժումը մաշեցրեց, այդպես էլ որեւէ գործողության չգնաց, Նիկոլին չհեռացրեց։ Գեղամ Մանուկյանն էլ կոնտրմեղադրանք հնչեցրեց, թե Արմեն Գրիգորյանը եկել էր Արցախ՝ ո՞ր մեկդ գնացիք ու նրան «ձվերով դիմավորեցիք»։ Իսկապես, ծնունդով արցախցի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ով ամենաեռանդունն է այսօր լծված տարածքներ հանձնելու գնով «խաղաղություն հաստատելու» գործին, սեպտեմբերի 2-ին Արցախում էր եւ ժպիտը դեմքին՝ սրճում էր «Արմենիա» հյուրանոցի սրճարանում։

Արցախցիները, առհասարակ, իրենց բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում են ՀՀ ղեկավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Նրանք ասում են, որ Շուշին չեն գրավել, Շուշին հանձնել են, ու հանձնողը հաստատ Միշկան չի եղել: Եվ անգամ լրագրողներին են մեղադրում, թե «դուք թույլ տվեցիք, որ Նիկոլն Արցախը հանձնի»։ Ցավալին այն է, որ նրանք այլեւս որեւէ հույս չեն կապում մայր Հայաստանի հետ՝ շատերի հույսը Ռուսաստանն է ու ՌԴ քաղաքացու կարմիր անձնագիրը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image