Հայաստանում եւս մեկ համապետական ընտրություն տեղի ունեցավ, որը քիչ է ասել, թե հերթական ընտրություն էր, որով ժողովուրդը պետք է որոշեր առաջիկա տարիներին իր պետության ուղղությունն ու քաղաքական ղեկավարության բնույթը։ Մարդկանց բարձր տոկոսային մասնակցությունը, արմատական ընդդիմադիրների նկատմամբ վճռական տրամադրվածությունները ցույց տվեցին, որ գիտակից քաղաքացիները, մեծ հաշվով, սթափ գնահատեցին պահի լրջությունը եւ իրենցից կախված ամեն ինչ արեցին՝ դասականի ասած «ազգակործան պատուհասին» իշխանությունից հեռացնելու համար, սակայն տոտալ ճնշումներն ու հարձակումներն ընդդիմության նկատմամբ, ագրեսիվ եւ կեղտոտ հակաքարոզչությունը, ինչպես նաեւ՝ նախընտրական կաշառքի տեսքով թոշակների բարձրացումն ու անվճար բուժօգնության համակարգի ներդրումը, կեղծ խաղաղության քարոզն ու պատերազմի շանտաժն իրենց դերը խաղացին, եւ ընտրություններին մասնակցած մոտ միլիոնուկես քաղաքացիներից 700 հազար մարդ իր քվեն տվեց առնվազն վերջին վեց տարվա ընթացքում երկրին բացառապես վնաս հասցրած իշխանություններին։
Ընտրությունների 18 մասնակիցներից երեքը հաղթահարեցին անցողիկ շեմը, իհարկե, քաղաքական շրջանակներին կասկածի տեղիք է տալիս ԲՀԿ-ի՝ 64 ձայնով չանցնելը, մանավանդ որ ձայների հաշվարկից հետո, մինչ ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհայտներ, ԲՀԿ-ի անցնել-չանցնելու վերաբերյալ հակասական արդյունքներ էին դաշտ նետվում, եւ չի բացառվում, որ ինչ-որ քաղաքական նկատառումով է ԲՀԿ-ն դուրս մնացել անցողիկ շեմից։
Բանն այն է, որ ԲՀԿ-ի՝ խորհրդարան մուտք գործելն էապես կփոխեր իրավիճակը, ՔՊ-ին կզրկեր Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունից (3/5), ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ եւ ընտրել մի շարք կարեւոր պաշտոնատար անձանց, ինչպիսիք գլխավոր դատախազի, ԲԴԽ անդամի, Վերաքննիչ դատարանի նախագահի եւ այլ պաշտոններն են։ ԲՀԿ-ին դուրս թողնելու արդյունքում նրա հավաքած ձայները բաշխվում են խորհրդարան անցած ուժերի վրա, ինչից ամենաշատը ՔՊ-ն է շահում:
Այսպիսով արձանագրենք, որ խորհրդարան անցան Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը», որը 50 տոկոսից պակաս ձայն հավաքեց, չնայած ադմինիստրատիվ ռեսուրսի անսահմանափակ կիրառմանը, ճնշումներին, բանակն իրենց օգտին ուղղորդելու բացահայտ դեպքերին, արցախցիներին քվեարկությունից դուրս թողնելուն։ Դիցուք, Մեղրիում մինչեւ կեսգիշեր զինվորները քվեարկում էին։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը 23 տոկոսից մի փոքր ավել ձայն ստացավ, եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, որը, ի հեճուկս իր նկատմամբ ագրեսիվ հակաքարոզչության՝ իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներից, մոտ 10 տոկոս ձայն հավաքեց։
Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներից երեկ հնչող գնահատականները ոչ միայն ընդդիմության պարտության մասին էին, այլեւ իշխանության թույլ հաղթանակի։ Բանն այն է, որ կիրառված գործիքակազմն իշխող խմբակին չբերեց այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն՝ առնվազն վեց ձայն պակասում է դրա համար, իսկ սա նշանակում է, որ ՔՊ-ն, դիցուք, չի կարող կատարել Ալիեւի՝ Սահմանադրությունը փոխելու տնային առաջադրանքը, եւ իր պրոպագանդած ֆեյք խաղաղությունը կասկածի տակ է դրվելու։
Քաղաքական ավելի տարեց սերնդի ներկայացուցիչներն այս ընտրությունները համեմատում են 1996 թվականի նախագահական ընտրությունների հետ, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները համոզված էին, որ նա 60-65 տոկոսով հաղթել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն վարչակարգը թվերի դասավորությունը 8 օրվա ընթացքում փոխեց` հօգուտ գործող նախագահ Տեր-Պետրոսյանի։ Հետո անգամ Վանո Սիրադեղյանը հայտարարեց` եթե 100 տոկոսով հաղթել էր Մանուկյանը, այսպես պետք է լիներ: 2026-ի հետ այս համեմատության հիմքն այն էր, որ ձայների հաշվարկի մեկնարկից մոտ երեք ժամ անց հաշվարկը կանգնեց, ԿԸՀ-ն դադարեցրեց պաշտոնական տվյալներ հայտնել Երեւանի եւ խոշոր քաղաքների տեղամասերից, մինչդեռ երեք ժամում հնարավոր էր նախնական ամփոփ տեղեկատվություն տալ բոլոր տեղամասերի վերաբերյալ: Հաշվարկը ձգվեց մինչեւ լուսաբաց, որոշ հանձնաժողովների ուղարկել էին տուն, թե առավոտյան կգաք` կշարունակեք: Դրա փոխարեն, գիշերվա 2-ին Նիկոլ Փաշինյանը հապճեպ ասուլիս տվեց ու հայտարարեց իրենց պատմական հաղթանակի ու միանձնյա կառավարություն ձեւավորելու մասին: Հետո, երբ աղմուկ բարձրացավ, թե ԿԸՀ-ից առաջ ինչպես եք արդյունքներ հրապարակում, պարզաբանեցին, թե իբր տեղերում իրենց վստահված անձանց փոխանցած տվյալների հիման վրա են այդ հայտարարությունն անում: Մինչդեռ, ասուլիսին զուգահեռ, համացանցում տարբեր տեղամասերից օնլայն հաշվարկի լայվեր էին տարածվում։
Ընտրությունների արդյունքները բողոքարկելու եւ վերահաշվարկի մասին երեկ հայտարարեց ԲՀԿ-ն։ Անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան վերահաշվարկի ընթացքում, մի բան փաստ է, որ ՔՊ-ն այլեւս չունի նախկին լեգիտիմությունն ու գործադրված տիտանական ջանքերի արդյունքում մի կերպ կասկածելի հաղթանակ է կորզել։ Ի դեպ, մեզ պատմեցին, որ կուսակցության կենտրոնական շտաբում ընտրությունների արդյունքներին օնլայն հետեւող ՔՊ-ական ակտիվը երեկ նույնպես անակնկալի է եկել Փաշինյանի՝ ասուլիսում արած հայտարարությունից, թե միանձնյա են կառավարություն կազմելու։ Մինչ այդ վատ կանխատեսումներ ունեցողները թեթեւացած շունչ են քաշել, թե շեֆը Վահագն Հովակիմյանի հետ սեւ գործը տեսավ, հակառակ դեպքում՝ ընտրությունների արդյունքների դեռ անգամ հիսուն տոկոսը հրապարակված չէր, եւ նման հայտարարություն անելու ոչ մի հիմք չկար։
2021 թվականի արտահերթ ընտրությունների համեմատ ՔՊ-ն մոտ հիսուն հազարով ավելի ձայն է ստացել՝ հավաքելով 727 հազար քվե, իսկ մասնակցությունը 21-ի համեմատ մոտ 300 հազարով ավելի է։