«Հրապարակի» զրուցակիցը Միխայիլ Միլշտեյնն է (Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների Մոշե Դայան կենտրոնի Պաղեստինի ուսումնասիրությունների ֆորումի ղեկավար, Իսրայել)։
- Մի քանի օր առաջ Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման որոշումներ է կայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ մի շարք այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ։ Իսրայելի իշխանությունները «մեղադրվում են ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության եւ մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեջ»։
- Չեմ կարծում, թե սրան պետք է լուրջ վերաբերվել. Իսրայելն ու Թուրքիան իրականում, գետնի վրա, դաշնակիցներ են. սա համաշխարհային քաղաքականության մաս է:
- 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը (ICC) նույնպես ձերբակալման որոշումներ էր կայացրել Նեթանյահուի եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար: Ինչպե՞ս է արձագանքել հրեական կառավարությունը նման որոշումներին, որքանո՞վ են դրանք արդիական, հաշվի առնելով, որ Գազայում հարաբերական հրադադար է, ՀԱՄԱՍ-ը շարունակում է վերադարձնել պատանդներին, այդ թվում՝ մահացածների դիերը։
- Թվում է, թե մեկ տարի առաջ տեղի ունեցած սպառնալիքն այժմ գոյություն չունի: Կառավարությունը շատ մտահոգված է դրանով, բայց ես գնահատում եմ, որ այժմ որեւէ խնդիր չկա: Թրամփի քաղաքականությունն ու գործունեությունը նույնպես նպաստում են Իսրայելի այս գնահատականին։
- Նեթանյահուն վերջերս հայտարարեց, որ կառաջադրվի վարչապետի պաշտոնում 2026 թվականի նոյեմբերի ընտրություններում եւ վստահ է իր հաղթանակում։ Նա ռեկորդակիր է պաշտոնավարման ամենաերկար ժամկետով՝ ավելի քան 18 տարի, ընդհատումներով՝ 1996 թվականից ի վեր:
- Բարդ հարց է: Ես կարծում եմ, որ ընտրություններից մի քանի օր կամ շաբաթ առաջ տեղի ունեցող իրադարձությունները մեծ ազդեցություն կունենան։
- Մինչ Գազայում իրավիճակը կայունանում է, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Հարավային Լիբանանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» ռազմավարական ենթակառուցվածքները եւ զինյալներին: Ժամեր առաջ Արեւմտյան ափի հյուսիսում լայնածավալ գործողություն սկսվեց:
- Շատ հավանական է՝ «Հեզբոլլահը» ձգտում է վերականգնվել եւ կրկին զարգացնել ռազմական սպառնալիքը, իսկ Աունի կառավարությունը փաստացի անօգնական է, ուստի Իսրայելի համար թվում է, թե ոչ մի ճանապարհ չկա, քան խուսափել այս նոր, հին սպառնալիքից։
- Հայաստանում եւ հայերի շրջանում Նեթանյահուի վարչակազմի նկատմամբ կա որոշակի բացասական վերաբերմունք՝ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ սերտ հարաբերությունների եւ ռազմական համագործակցության պատճառով։ Ի դեպ, կա նաեւ տարակուսանք այն առումով, որ Անկարան Բաքվի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է, կա «եղբայրական անսասան դաշինք»։ Մի՞թե Ադրբեջանը չի կիսում կամ գոնե չի համարձակվում դեմ լինել Թուրքիայի կողմից Նեթանյահուի եւ նրա կառավարության վերաբերյալ գնահատականին։
- Ցավոք, ես իրականում ոչինչ չգիտեմ այս հարցի վերաբերյալ։