Այլ

Նոր նախագահի եւ բողոքի նոր ալիքի սպասումով. դեկտեմբերի 14-ը՝ բախտորոշ օր

Նոր նախագահի եւ բողոքի նոր ալիքի սպասումով. դեկտեմբերի 14-ը՝ բախտորոշ օր

Վրաստանը դեկտեմբերի 14-ին նախագահ է ընտրելու։ Քվեարկությունը տեղի կունենա քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը սկսվել է հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններով եւ սրվել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին։ Եվ շուրջ երկու շաբաթ է՝ առանց ընդմիջման զանգվածային բողոքի ցույցեր են։ Անվտանգության ուժերը պատասխանում են ցուցարարներին կոշտ ցրելով եւ ծեծով։ Ենթադրվում է, որ խորհրդարանական հանրապետության նախագահի ընտրությունը կարող է արագացնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ ընդդիմության միջեւ առճակատման հանգուցալուծումը՝ գրում է DW-ն:

2010 թվականին Վրաստանի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ երկիրը դարձավ խորհրդարանական հանրապետություն՝ նախագահի սահմանափակ լիազորություններով։ 2017-ին խորհրդարանը, որտեղ մեծամասնություն ուներ «Վրացական երազանք» կուսակցությունը, կողմ քվեարկեց սահմանադրության նոր փոփոխություններին, որոնք փոխեցին նախագահի ընտրության կարգը։

2018 թ. ընտրությունները վերջինն էին, որտեղ նախագահ ընտրվեց համաժողովրդական քվեարկությամբ։ Այնուհետեւ պետության ղեկավար դարձավ Սալոմե Զուրաբիշվիլին, որի թեկնածությունը պաշտպանում էր իշխող կուսակցությունը։ Ավելի ուշ «Վրացական երազանքի» հարաբերությունները նախագահի հետ վատթարացան։ 2024 թ. ընտրությունները կանցկացվեն նոր համակարգով. առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ 300 հոգուց բաղկացած ընտրիչների կոլեգիան։ Կոլեգիայի կազմում կընդգրկվեն նոր գումարման խորհրդարանի 150 պատգամավոր եւ 150 պատվիրակ՝ հանրապետության մարզերից։ Քանի որ իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում եւ մեծ ազդեցություն՝ մարզերում, նոր ընթացակարգն ընդդիմության թեկնածուներին հաղթանակի հնարավորություն չի թողնում։

Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, ուստի նախագահի թեկնածու առաջադրեց միայն «Վրացական երազանքը»։ Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, իշխող կուսակցությունը ստացել է 150 մանդատից 89-ը։ Ըստ արեւմտյան լրատվամիջոցների եւ երկրի ընդդիմության՝ ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ Եվրամիությունը կոչ է արել նոր քվեարկություն անցկացնել։ Ընդդիմությունը, պնդելով զանգվածային կեղծիքների մասին, հրաժարվեց մտնել խորհրդարան։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չճանաչեց ընտրությունների արդյունքները եւ հայտարարեց, որ մնում է Վրաստանի միակ օրինական պետական մարմինը։ Նա ընդգծել է, որ հրաժարական չի տա, քանի դեռ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել։

«Վրացական երազանքն» առաջադրել է նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իշխանություններին հավատարիմ՝ «Ժողովրդի իշխանություն» կուսակցության պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլու թեկնածությունը։ Քաղհասարակությունը նրան հիշում է որպես «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքի» հեղինակներից մեկը: Աղմկահարույց նախագիծը դարձավ բողոքի հուժկու ալիքի եւ արեւմտյան երկրների հետ Վրաստանի հարաբերությունների արագ վատթարացման պատճառ։ Վրացական հասարակության մի մասը քննադատում է Կավելաշվիլու թեկնածությունը նաեւ այն պատճառով, որ նա բարձրագույն կրթություն չունի։ Ինքը՝ նախկին ֆուտբոլիստը, ընդդիմությանը մեղադրել է, թե նրանք վերահսկվում են «ամերիկյան կոնգրեսականների» կողմից, որոնք ցանկանում են հեղափոխություն եւ Վրաստանի «ուկրաինացում» հրահրել։ 

Չնայած բողոքի ցույցերին՝ Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է ամանորյա նախապատրաստական աշխատանքներ։ Օրբելիանի պալատի՝ նախագահի նստավայրի դիմաց տեղադրվել է վագոններով դեկորատիվ գնացք։ Մեկնաբանելով դա՝ Զուրաբիշվիլին գրել է. «Օրբելիանի պալատի դիմաց գնացք են դրել... դե տեսնենք՝ ով կգնա»։

Միաժամանակ, «Վրացական երազանքը» զգուշացրել է Զուրաբիշվիլուն, որ նա պետք է լքի պալատը մինչեւ դեկտեմբերի 29-ը, այսինքն՝ այն օրը, երբ պետք է տեղի ունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը։ Դատելով իշխանությունների եւ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումներից՝ ենթադրվում է, որ դեկտեմբերի 14-ը, իսկապես, բախտորոշ է լինելու մեր հարեւան Վրաստանի համար:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image