Հարցազրույց

«Հրապարակ». Եթե Փաշինյանը չլիներ իշխանության ղեկին, Հայաստանի պատմությունն այլ ընթացք կունենար

«Հրապարակ». Եթե Փաշինյանը չլիներ իշխանության ղեկին, Հայաստանի պատմությունն այլ ընթացք կունենար

Փետրվարի 14-ին Մյունխենում տեղի ունեցած անվտանգային հարցերով կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին ոտնահարել է Հայաստանի Հանրապետության շահերը, զազրախոսել հայերի հասցեին: Նախ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող ապօրինի դատավարությունները համեմատել է Նյուրնբերգի միջազգային տրիբունալի հետ: France 24-ի լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ է արդյոք քայլ անել եւ ներում շնորհել նրանց՝ թերթել այդ էջը, Ադրբեջանի նախագահը պատասխանել է. «Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց, ոմանք գային եւ ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին: Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ: Նրանց հանցանքներն ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»: Եվ հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրել «հաջորդ իսկ օրը», երբ Հայաստանը կփոխի Սահմանադրությունը։ Հասկանալի է, որ խոսքն Անկախության հռչակագրի դրույթի մասին է, որը սահմանում է Արցախի հետ վերամիավորում: Սա նոր թեզ չէ, բայց հնչել է նորից, եվրոպական բարձր հարթակից եւ միջազգային լսարանի առաջ: 

Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում արված հայտարարությունների վերաբերյալ լսեցինք քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի մեկնաբանությունները: Ալեքսանդրովի դեմ ժամանակին պայքարում էր ադրբեջանական լոբբին՝ Ռուսաստանում, իսկ 2022 թվականին անգամ նրա դեմ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: 

- Մի կողմից, մեր Սահմանադրության մեջ գրված է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին՝ Անկախության հռչակագրում, եւ եթե Փաշինյանն ասում է, որ Արցախն Ադրբեջան է, Ալիեւն էլ, հասկանալի է՝ Սահմանադրությունը փոխելու պահանջ է ներկայացնում՝ օգտվելով դրանից, բայց մյուս կողմից պարզ է, որ սա միակողմանի եւ անօրինական պահանջ է։ Մինչեւ ո՞ւր է հասնելու, ի վերջո, Ալիեւն իր հավակնություններում: 

- Հարցի մի ասպեկտն այն է, որ Փաշինյանը Սահմանադրությունը փոխում է այլ պետության պահանջով, այսինքն՝ ստացվում է, որ Փաշինյանը, որը եկել է իշխանության Հայաստանի սուվերենության գաղափարի ներքո, փաստացի հանձնում է ինքնիշխանությունը: Իրականում, նա խաբեց հայերին: Ասում էր, որ Ռուսաստանը խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը, որ ինքը, ահա՝ Հայաստանն ավելի սուվերեն է դարձնելու: Բայց Ռուսաստանը գոնե չէր պահանջում Հայաստանից՝ փոխել Սահմանադրությունը, ներքին օրենքները: Իսկ հիմա նա այնպիսի իրավիճակում է, որ ստիպված է երկրի սահմանադրությունը փոխել օտար պետության պահանջով: Սա, իհարկե, վրդովմունք է առաջացնում: Նրա հիմնական նպատակն իշխանությունը պահելն ու իր անփառունակ կառավարումը շարունակելն է: Իսկ երկրորդ ասպեկտն այն է, թե ինչպես փոխել Սահմանադրությունը: Օրենքով փոխելու դեպքում պետք է հանրաքվե անցկացնել, եւ ամենեւին էլ փաստ չէ, որ Փաշինյանն այս դեպքում կհաղթի, եւ հանրաքվեն վտանգավոր է նրա համար: Իսկ ընդամենը պետք է մի բան, որ Անկախության հռչակագիրը չմտնի Սահմանադրության մեջ, եւ վերջ: Բայց չեղարկել այդ հռչակագիրը՝ հնարավոր չէ, որովհետեւ դա մի փաստաթուղթ է, որն ընդունվում է մեկ անգամ, որոշակի պատմական պահի, ինչպե՞ս այն չեղարկել, վերադառնալ Խորհրդային Հայաստա՞ն: Դա աբսուրդ է: 

- Այո, բայց Ալիեւն ասում է՝ դա ինձ չի վերաբերում, ոնց ուզում եք՝ փոխեք, Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն ու Արցախը միանալու են, եւ մինչեւ դա չհանեք, չի լինի ոչ մի խաղաղության պայմանագիր:

- Բայց ո՞ւմ է պետք այդ խաղաղության պայմանագիրը: Հայաստանին այն ոչինչ չի տալիս` ոչ մի երաշխիք: Դուք հիշո՞ւմ եք 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագիրը, երեք լիդերների եռակողմ հայտարարությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Ադրբեջանը խախտել է այդ բոլոր պայմանավորվածությունները, եւ ես գտնում եմ, որ նրա հետ ինչ էլ ստորագրես, դա չի լինելու Հայաստանի անվտանգության երաշխիք: Հայաստանի անվտանգության երաշխիք կարող են լինել միայն ուժը եւ հուսալի գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սկզբունքորեն, ոչ մի այլ երաշխիք լինել չի կարող: Փաշինյանն այնպես արեց, որ «կռվեց» Ռուսաստանի հետ, եւ ռուսական կողմից էլ եղան սխալներ: Երկու կողմն էլ մեղավոր են: Ես համոզված եմ, որ եթե Փաշինյանը չլիներ իշխանության ղեկին, պատմությունն այլ ընթացք կունենար: Այն մարդիկ, ովքեր մոտ թողեցին նրան իշխանության, մեծ հանցանք գործեցին Հայաստանի ժողովրդի առջեւ: 

- Ալիեւն Արցախի գերեվարված ղեկավարների հասցեին Մյունխենում բացարձակ վայրի հայտարարություններ է արել: Նա նրանց համեմատել է նացիստական հանցագործների հետ, ասել, որ նրանց ազատ չի արձակելու, եւ սա էլ է եռակողմ պայմանավորվածությունների խախտում, ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարը տարածում այս ակնհայտ զրպարտությունն ու սուտը՝ գիտակցելով, որ դա սուտ է եւ վնասում է խաղաղությանը:

- Դա դեմագոգիա է: Նրանք նույն ձեւով պատմությունն են խեղաթյուրել, պատմական Ադրբեջան են մոգոնել, անդադար ստում են, որովհետեւ դա բոլշեւիկների կողմից ստեղծված արհեստական ազգություն է, որն ամեն գնով փորձում է հաստատվել այլ ազգերի, նրանց նսեմացման, պատմության խեղաթյուրման հաշվին: Տվյալ իրավիճակում պետք է հիշել, որ Ալիեւն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, սա ակնհայտ փաստ է: Հայեր հիմա Ղարաբաղում չկան, եւ այս թեման ոչ մի տեղ չի կորչի, այլ տասնամյակներով թարմ է մնալու: Ահա, այդ պատճառով էլ նա պաշտպանիչ պատ է ստեղծում, փորձում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին ներկայացնել որպես հանցագործներ: Թեեւ, օրինակ, եթե վերցնենք Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին, ապա նրանք առաջին ղարաբաղյան պատերազմում նույնիսկ ռազմական գործողություններին չեն մասնակցել: Ի՞նչ կապ ունեն նրանք այն տարիների դեպքերի հետ, անգամ տեսականորեն չէին կարող առնչություն ունենալ այդ իրադարձությունների հետ: Դա լիակատար զառանցանք է: Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները լռում են այդ առիթով: Փաշինյանն այն աստիճանի է կորցրել ինքնիշխանությունը, որ չի կարող անգամ բացահայտել այդ նողկալի սուտը: Բայց չէ՞ որ խոսքը նրա հայրենակիցների մասին է: Էլ ի՞նչ սպասել նրանից: 

- Ուզում եմ նաեւ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի մասին հարցնել: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն գնով ամրապնդվել այստեղ, եւ Ռուսաստանի կողմից այս հարցում չկա որեւէ արձագանք: Մինչ այս պահը միայն Օվերչուկի հայտարարությունը կա՝ Աբխազիայի տարածքով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին, որը, ենթադրում ենք, ԹՐԻՓ-ի այլընտրանքն է, իբրեւ թե: 

- Ռուսաստանի արձագանքն ի սկզբանե անհեթեթ էր: Ինչ-որ երկաթգիծ են կառուցում: Փոխվարչապետ Օվերչուկի համար կարեւորը երկաթգծի կառուցումն է: Մարդը չի հասկանում՝ ինչ են նշանակում շահեր եւ անվտանգություն: Նրա համար փող-ապրանք-փողն է կարեւոր, նա ուրիշ ոչ մի բան չի հասկանում: Նա հարկային ծառայությունից է եկել, փոխվարչապետ դարձել, այդ լուրջ պաշտոնին նշանակվել, եւ հիմա նրանից միայն պրոբլեմներ են ծագում: Նա չի հասկանում, որ ռեալ վտանգ է ստեղծվել Ռուսաստանի անվտանգության համար, եւ բրթում ու բրթում է իր այդ՝ երկաթգծի հարցերը: Փաշինյանը ստորագրեց ԹՐԻՓ-ի ուղու համաձայնագիրը, ամերիկացիներն էլ օգտվեցին առիթից եւ այժմ կամրապնդվեն այդտեղ: Թրամփի ողջ խմբավորումը, որն ամեն գնով ձգտում էր իշխանության, Իսրայելի դրածոներն են: Նրանք խաբեցին իրենց բոլոր կողմնակիցներին: Նրանք խոստանում էին, որ Ամերիկայով են զբաղվելու, կրճատելու են արտաքին ինտերվենցիաները, բայց փաստացի ստացվեց, որ իրենք ավելի շատ են միջամտում այլ երկրների գործերին, քան նախկին իշխանությունը, եւ պատրաստ են ամերիկյան ողջ բյուջեն ուղղել Իսրայելին աջակցելու գործին: Սա ստախոսների մի խումբ է, որը խաբել է սեփական կողմնակիցներին, եւ դուք ուզում եք, որ նրանք հայերի՞ն չխաբեն: Հիմա նրանք եկել են՝ օգնելու Փաշինյանին, որովհետեւ Փաշինյանն արեց այն, ինչ նրանք ուզում էին՝ համաձայնեց ստորագրել ԹՐԻՓ-ի նախագիծը, եւ նրանք ամեն կերպ աջակցելու են Փաշինյանին: Իսկ Ադրբեջանը պետք է նրանց՝ Իրանի դեմ պայքարելու համար, եւ հիմա նրանք ռեւերանսներ են անում Ադրբեջանի առաջ: 907 ուղղումը չեղարկեցին, որը խոչընդոտում էր Ադրբեջանին զենք մատակարարել: Այսինքն, ամերիկացիներն ամեն ինչ անում են՝ ելնելով Իսրայելի շահերից: ԱՄՆ-ի, ամերիկացիների շահ ես այստեղ չեմ տեսնում: Գուցե ԹՐԻՓ-ի ուղին ինքն իրենով բխում է ԱՄՆ շահերից, այն իմաստով, որ Ռուսաստանին է հետ մղում, դուրս է գալիս Միջին Ասիա, բայց գլխավոր արդյունքը լինելու է Իրանի շրջափակումը: Ի դեպ, ես չգիտեմ՝ Իրանն ինչպես է արձագանքելու: Եթե պատերազմը սկսվի, նա կարող է ուղղակի զորք մտցնել Սյունիք, եթե Իրանում հաղթանակ տանեն ռադիկալ ուժերը, իսկ եթե պատերազմը երկար տեւի, ապա նրանք անպայման հաղթանակ կտանեն:

- Ի՞նչ զարգացումներ եք տեսնում Իրանի եւ ԹՐԻՓ ուղու ապագայի հետ կապված: 

- Իրանի նախագահ Փեզեշքիանը երկրորդ Գորբաչովն է: Այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ Իրանը ստիպված է պաշտպանվել, հայտնվեց փլուզման եզրին: Բարձրաստիճան զինվորականներից շատերին սպանեցին: Նա էլ, ինչպես Գորբաչովը, հայտարարում էր՝ մենք կպայմանավորվենք Արեւմուտքի հետ, եւ քանդեց ամեն ինչ: Սա էլ է քանդելու, եթե նրան ժամանակին չհեռացնեն իշխանությունից: Եթե դա լինեն լուրջ մարդիկ, ասենք՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, նրանք հեշտությամբ զորք կմտցնեն Սյունիք, եւ, բնականաբար, այնտեղ ոչ մի ԹՐԻՓ ուղի էլ չի լինի, իսկ Ռուսաստանը չի առարկի, որովհետեւ Ռուսաստանը հասկանում է, որ ԹՐԻՓ ուղին իրեն պետք չէ, եւ Սյունիքը կլինի արդեն ոչ թե ադրբեջանական, այլ՝ իրանյան:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image