Պետական հետաքրքրությո՞ւն, թե՞ մի խումբ մարդկանց բիզնես

Պետական հետաքրքրությո՞ւն, թե՞ մի խումբ մարդկանց բիզնես

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ), որի տնօրենը նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին է՝ նախագահ Արմեն Սարգսյանի սանիկ Դավիթ Փափազյանը, ինքնազրույց է հրապարակել՝ հարցուպատասխանի ձեւով անդրադառնալով «Էյր Արաբիա» ընկերության հետ հուլիսի 14-ին կնքված գործարքին։ Ինչպես հայտնի է, այս ընկերությունը հավակնում է մեր պետության հետ փայ մտնելով՝ Հայաստանում ազգային ավիափոխադրող հիմնել։
Հուլիսի 14-ին ՀՀ նախագահն ընդունել էր Դուբայում գրանցված այս ընկերության խորհրդի նախագահ շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին, երախտիքի խոսքեր ասել նրան՝ այս բարդ ժամանակներում Հայաստանի կողքին լինելու, մեր երկրի համար ազգային ավիափոխադրողի համահիմնադիր հանդիսանալու համար։ Մյուս համահիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Ինքնազրույցը հանրության համար, ամենայն հավանականությամբ, գրել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի աշխատակիցները։ Իրենք իրենց հարցեր են տվել ու իրենք էլ պատասխանել՝ այս նյութն անվանելով «Ընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխաններ»։ Հասկանալի է, որ խուսափել են սուր անկյուններից։
Օրինակ, իրենք իրենց չեն հարցրել, թե ինչու ազգային ավիափոխադրողի հիմնադիրին չենք ընտրում մրցույթով, այլ կուրորեն հավատում ենք ինչ-որ կասկածելի ֆոնդի ու նրա բերած մարդկանց։ Միայն «ազգային ավիափոխադրող» անվանման համար նույնիսկ քաղաքակիրթ երկրներում մրցույթներ են անցկացվում։ Ինչո՞ւ այս դեպքում այլ՝ ընկեր-բարեկամական մեխանիզմն ընտրվեց, չի ասվում։ Գուցե որեւէ ընկերություն գալիս էր ու 5 մլրդ դոլար ներդրո՞ւմ էր կատարում Հայաստանում։  

Չի հրապարակվում, թե ինչ պայմաններով է ազգային փոխադրողը համագործակցելու պետության հետ։ Ասված է, որ նոր ընկերությունը չի ունենալու պետական հովանավորություն կամ պետական դոտացիա, եւ միեւնույն ժամանակ հայտարարվում է․ «ԱՆԻՖ-ի միջոցով պետությունը ներդրում է արել կոմերցիոն տեսանկյունից խոստումնալից ծրագրում, որը ներդրման լավագույն ձեւն է»։ Այլ կերպ ասած՝ բյուջեն փող է տալիս ֆոնդին, ֆոնդը ներդրում է անում։ Սա չեղա՞վ պետական հովանավորություն։

Տնօրեններին եւս ընտրելու է Պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Թա՞նկ են լինելու չվերթները, թե՞ մատչելի։ Մեր այս հարցին անուղղակի պատասխան գտանք ինքնազրույցում։ «Ընկերությունը կիրառելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ դինամիկ, մրցունակ գնային քաղաքականություն»։ Լուսնից չենք իջել եւ հասկանում ենք, որ ազգային ավիափոխադրողը չի աշխատելու նույն պայմաններով, ինչ «բաց օդի» մյուս մասնակիցները։ Ի դեպ, մեր տեղեկություններով, արաբական ընկերության մուտքը տհաճություն է պատճառել «Աէրոֆլոտ» ընկերությանը։ Ռուսական «Աէրոֆլոտը» դեմ է արաբական ընկերությանն արտոնություններ շնորհելուն։ Թե որ ուղղություններով է թռիչքներ իրականացնելու «Էյր Արաբիան», եւս չի հրապարակվում։ Բայց տրամաբանական չէ, որ ընկերությունը սահմանափակվի միայն թռիչքներով դեպի Արեւելք։ Իհարկե, խոսքը ոչ միայն արեւելյան, այլ նաեւ ցանկացած այլ ուղղություն սպասարկելու մասին կլինի, ասենք՝ Երեւան-Մոսկվա, ինչը, իհարկե, «Աէրոֆլոտում» հաշվարկել են։
Դավիթ Փափազյանի հետ կապ հաստատելը, նրան «ինքնազրույցից» դուրս հարցեր տալը չստացվեց։ Ֆոնդի հեռախոսները չեն պատասխանում։ Մի բան պարզ է՝ բիզնեսն այս ոչ այնքան պետության, որքան ՀՀ նախագահի ու նրա սանիկի հետաքրքրությունների դաշտում է, ինչպես նաեւ իշխանական սիրելի բիզնես ընտանիքի՝ Սուքիասյանների, որոնց հետ համատեղ է «Էյր Արաբիան» նոր ընկերությունը հիմնելու։

Պետք է ընդունել, որ ում բիզնեսն էլ որ լինի «Էյր Արաբիան»-ի եւ Փափազյանի ֆոնդի հիմնած լոուքոստերը, այն շատ շահավետ է լինելու: Պետությունը ներդրում է կատարում, բիզնեսմենը փողը գրպանն է դնում։ Թե ինչպես է դա արվում ֆոնդերի միջոցով, ոչ մեկին բացատրել, կարծում եմ, պետք չէ։ Հիմա ֆոնդը հանդես է գալիս արաբների անունից, բայց ինքն է տնօրինելու փոխադրողի հետ կապված ցանկացած հարց, ընդհուպ՝ ղեկավարների նշանակումը։