Գեղարքունիքում կրակը թուլացել է. քաղաքացիական անձանցից 3 վիրավոր կա

Գեղարքունիքում կրակը թուլացել է. քաղաքացիական անձանցից 3 վիրավոր կա

Գեղարքունիքի բնակավայրերի ուղղությամբ ամբողջ գիշեր ինտենսիվ կրակ է եղել, հիմա կրակի ինտենսիվությունը մի քիչ թուլացել է: Այս մասին «Հրապարակին» հայտնեց Վարդենիսի քաղաքապետի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը: Նա ողջ գիշեր հետևել է իրավիճակին և պատասխանեց «Հրապարակի» հարցերին:  

- Հիմա ի՞նչ տրամադրություններ են Վարդենիսում ու հարակից բնակավայրերում: Խուճապ կա՞: 

- Այնպես չէ, որ մարդիկ խուճապի մեջ են:  Պարզապես այն գյուղերից, որտեղ որ հրետակոծություն է եղել, բնակչությունը տարհանվել է Վարդենիս: Սոթքի վրա դեռ կրակոցներ կան, բայց Նորաբակի, Կութի ուղղությամբ հակառակորդի կրակոցների ինտենսիվությունն ընկել է: Կան կրակոցներ, բայց խուճապային վիճակ չէ:

- Կարո՞ղ եք ասել, թշնամին առաջ գնացե՞լ է: 

-Սոթքի դիրքերում առաջխաղացում չկա, մնացածը՝ տեղեր կան, որ կապ չունենք: Կոնկրետ տեղեր, որտեղ որ ադրբեջանցիները դիրքային փոփոխություն ունեն, այս պահին եղած մեր տեղեկություններով, չկան: 

-Մարդիկ հեռանո՞ւմ են: 

-Գիշերը, հենց որ սկսվել է կրակը Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ, բնակչության տարհանումը կազմակերպել ենք: Բնակիչները տարհանվել են Վարդենիս քաղաք: Բայց տեղերում խուճապ չկա, մարդիկ ժամանակավոր տեղափոխվել են Մարտունի, Երևան: Դա անվանել փախուստ` չի կարելի: 

-Վիրավորների, զոհերի մասին ի՞նչ տվյալներ կարող եք տրամադրել: 

-Քաղաքացիական անձանցից ունենք երեք թեթև վիրավորում, զոհեր չունենք: Զինվորականների մասով տվյալներ այս պահին չկան: 

- Սոթքի դպրոցն ի՞նչ վիճակում է: 

- Դպրոցը ռմբակոծվել է: Փորձել են նկարել, բայց չի ստացվել: