Չեն կարող խեղճացնել Տիրան Խաչատրյանի նման գեներալին

Չեն կարող խեղճացնել Տիրան Խաչատրյանի նման գեներալին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպի գործով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը։  Տիրան Խաչատրյանը հունվարի 15-ից կալանավորված է Կոտայքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Նրա նկատմամբ իրավապահները հանրային քրեական հետապնդում են հարուցել՝ խուլիգանություն հոդվածով, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան և ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը, որի առողջությանը պատճառվել է թեթև վնաս։

Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Հրապարակ»-ին ասաց, որ նախաքննության փուլում գեներալ-լեյտենատին առաջադրված մեղադրանքը հաստատող փաստեր ի հայտ չեն եկել։

«Ավելին, այնքան սին է մեղադրանքը, որ նույնիսկ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ենք ներկայացրել քննիչին ու դատախազին։ Չենք ուզում այս փուլում շատ բան խոսել, քանի որ քննիչի մեղադրական եզրակացությունը դեռ չի հաստատվել։ Գուցե դատախազը լրացուցիչ վարութային գործողություններ անելու ցուցումով հետ է ուղարկում։ Հենց գործը մտավ դատարան, մենք շատ ծավալուն կխոսենք այս գործի նախաքննության, թերությունների, ապօրինությունների մասին։ Նախաքննության փուլում տրված ցուցմունքներով Քննչական կոմիտեի վերջին հայտարարությունը, դրանում արտահայտված մտքերը չեն հիմնավորվում»,-ասաց Հարությունյանը։

Վերջինս նշեց, որ գործով հարցաքննվել են միջադեպի մասնակիցները, ականատեսները։ Ըստ փաստաբանի՝  Քննչական կոմիտեն էլ, դատախազությունն էլ գիտեն, որ մեղադրանք գոյություն չունի։ Արդյո՞ք այս քրեական գործով փորձում են Տիրան Խաչատրյանին, այսպես ասած, խեղճացնել, վախեցնել, փաստաբանը չի բացառում։ 

«Կա նման բան, բայց ինչպե՞ս կարող են նման գործով Տիրան Խաչատրյանի նման գեներալին խեղճացնել։ Իհարկե, իրենց ցանկությունը դա է, որովհետեւ ինչի համար իրեն կալանավորել են եւ այն, ինչն ի հայտ է եկել նախաքննության ժամանակ՝ իրար հետ կապ չունեն։ Ըստ նախաքննական մարմնի՝ Խաչատրյանը ճանաչում է միջադեպի մասնակիցներին, ազդեցություն գործելու մտավախություն կա, եւ դրա համար կալանավորել են եւ լրացուցիչ հարցաքննություններ պիտի արվեն, մինչդեռ պարզվեց, որ ոչ մի հարցաքննություն էլ չի արվել։ Այն, որ իմ պաշտպանյալի նկատմամբ խտրական վերաբերմունք կա,  դա միանշանակ է, մենք գործի ընթացքում առարկայորեն ներկայացնելու ենք»,-ընդգծեց փաստաբանը։