Վաղը որ թուրքը մտնի Հայաստան, առաջինն այդ ոստիկանների ընտանիքներին են ինչ-որ պետք ա անելու

Վաղը որ թուրքը մտնի Հայաստան, առաջինն այդ ոստիկանների ընտանիքներին են ինչ-որ պետք ա անելու

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, մեկ ամսից ավելի է, ինչ ընդդիմադիրները դուրս են եկել փողոցային պայքարի: Դուք ևս, կարծես, մասնակցում էիք բողոքի ակցիաներին: Այժմ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանները խոշտանգում քաղաքացիներին:

- Սարսափելի է այդ ամենն ուղղակի: Ինչ խոսք, նման երևույթներին միանշանակ բացասաբար եմ վերաբերվում: Նման քայլերի կարող է գնալ միայն մեր թշնամին և, փաստորեն` ոստիկանները: Այսինքն` սա սարսափելի արարք է, սխալ ու անընդունելի մի արարք: Անհամաչափ ուժ է կիրառվում: Ի՞նչ վատ բան են անում ցուցարարները: Իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Ես հստակ չգիտեմ, թե ոստիկանների այդ գործողություններն ում կողմից են ղեկավարվում, սակայն նողկալի է տեսնել, թե ինչպես են աղջիկներին գետնին փռում, պատերազմի մասնակից մարդկանց ոտնատակ տալիս: Փողը` հավելավճարների տեսքով, գլխներին է տվել… Դրա համար էլ ոգևորված նման քայլեր են անում: Եթե նրանք իրոք հայ են, պետք է սթափվեն, անկախ նրանից, թե իշխանություններն ինչ են ասում: Այդ գումարով ոստիկաններն ընտանիք են պահում, բայց վաղը որ թուրքը մտնի Հայաստան, առաջինն այդ ոստիկանների ընտանիքներին են ինչ որ պետք ա անելու:

- Վերջին օրերին Արցախում էլ իրավիճակը բավականին լարված էր: Բողոքի ակցիաներ էին, մարդիկ փողոց էին դուրս եկել: Հիմա իրավիճակն ինչպե՞ս է:

- Հիմա իրավիճակը հանգիստ է, լարումը Հայաստանից է գալիս, եթե Հայաստանում իրավիճակը լարված լինի, բնականաբար, էստեղ էլ է լարվելու: Պետք է ամեն ինչ Հայաստանից ճիշտ կազմակերպվի, որ Արցախում էլ ամեն ինչ նորմալ լինի: Եթե Արցախը չլինի, Հայաստանն էլ չի լինելու:

- ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Խոսվում է խաղաղության նոր համաձայնագրի, նոր զիջումների մասին, Դուք ի՞նչ եք մտածում դրա շուրջ:

- Ես ընդհանրապես Եվրոպայի արած հայտարարությունները չեմ ընդունում, իրենք ինչքան խառնվում են, արդյունքը բացասական է լինում: Ինձ համար նրանք ընդունելի չեն: Ուզում են վախեցրած լինեն մեզ, սակայն լաոն պետք է շուտ զարթնի: Այսպես երկար չի կարող շարունակվել: Վաղը այս զոմբիների դեմն առնել չի լինելու, չնայած սրանց համար մեկ է, հո մեզ նման հայրենիք չեն կորցրել, նրաց համար ի՞նչ հայրենիք: Պիտի կորցնեն, որ հասկանան կորուստն ինչ բան է:

- Ճի՞շտ եմ հասկանում, Դուք Ձեր հույսը միայն ռուսական կողմի հե՞տ եք կապում:

- Այո, իհարկե, ճիշտն այդպես է: Եվրոպան որտե՞ղ է եղել, որ մենք 44-օրյա պատերազմի մեջ էինք: Ուկրաինայի համար իրենց պատեպատ են տալիս։ Բա ինչի՞ մի անգամ Արցախի կամ Հայաստանի մասին չեն խոսում, հայտարարություն չեն անում: Թուրքերն էլ իրենց ոտքերին «տեղ են անում»: Իջնելով` առաջ են գալիս…