Հնարավոր չէ պատկերացնել

Հնարավոր չէ պատկերացնել

Որ ոլորտն ուզում եք վերցրեք եւ մի փոքր խորացեք, թե ինչ է կատարվում, ուղղակի հնարավոր չէ չսարսափել, թե ինչ վիճակ, բարոյահոգեբանական ինչ մթնոլորտ, ինչ անտերություն եւ հուսահատություն է տիրում: Լինի բանակ, թե կրթության համակարգ, քաղաքային տնտեսություն, թե գնումներ, ՏԻՄ-եր, թե գյուղատնտեսություն, քննչական մարմիններ, թե դատական համակարգ: Ամենուր այնպիսի անկազմակերպ, բարձիթողի վիճակ է, այնքան ապօրինություններ են կատարվում, այնպիսի անարժան կադրեր են աշխատում, այնքան չլուծված խնդիրներ, ներքին կոնֆլիկտներ են կուտակվել, որ հատորներ կարող է կազմել միայն դրանց նկարագրությունը: Եթե այս իրավիճակի գեթ 10 տոկոսն ունենայինք առաջ, մամուլով, քաղհասարակության անդամներով, ընդդիմությունով ու մտավորականությամբ այնպիսի աղմուկ կբարձրացնեինք, որ հարցը եվրոպաներ կհասներ, հայտարարությունների տեսք կստանար:

Պատկերացնո՞ւմ եք` եթե առաջ բողոքի ակցիաների մասնակիցներին ոստիկանները քարշ տային ոստիկանություն, քանի՜ հայտարարություն կարվեր եվրակառույցների կողմից: Կամ` եթե ընտրված համայնքապետն առանց ուժի մեջ մտած դատավճռի 2 տարի բերդում անցկացներ, կամ` պաշտպանության նախարարը, որի մեղքը չեն կարողանում ապացուցել: Իսկ ի՞նչ կկատարվեր, եթե իշխանությունը ռեկտորի ընտրություն անցկացներ, ինչպես արեցին Բրյուսովում, ապա ապօրինաբար չեղարկեին ընտրության արդյունքները եւ իրենց ուզած մեկին նշանակեին ռեկտոր: Իսկ ի՞նչ կկատարվեր, եթե ավագանու կողմից ընտրված համայնքապետին թույլ չտային մասնակցել ավագանու նիստին, եւ մի խմբակցությամբ իշխանափոխություն անեին մարզում: Կամ` եթե իշխանության մաս չկազմող անձանց ստիպեին ներկայանալ իրավապահներին եւ ապացուցել տասնյակ տարիներ առաջ ձեռք բերած գույքի օրինականությունը: