Հարցազրույց

«Հրապարակ». Ամոթ ենք ապրում դրսի հայերով, որ նման վարչապետ ունենք

«Հրապարակ». Ամոթ ենք ապրում դրսի հայերով, որ նման վարչապետ ունենք

«Հրապարակը» խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին զրուցել է վրացահայ գործիչ Գուրգեն Մխիթարյանի հետ:

- Ընտրության արդյունքները դեռ ամփոփված չէին, սակայն Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շտապեց շնորհավորել Փաշինյանին՝ հաղթանակի առթիվ: Ինչո՞վ եք պայմանավորում նրա շտապողականությունը:

- Ես Կոբախիձեի շտապողականության պատճառը չեմ կարող հստակ իմանալ, բայց դա շատ վարկաբեկիչ շնորհավորանք էր: Դա վարկաբեկեց հենց այն երկրներին, որոնք բացեիբաց սատարում էին Նիկոլ Փաշինյանին՝ ընտրությունների ժամանակ:

- Ինչո՞ւ էր վարկաբեկիչ:

- Վրաստանը փորձեց եվրոպական երկրներից առաջ ընկնել իր շնորհավորանքով: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում կատարվող ընտրությունները շատ մեծ դերակատարում ունեին եւ ունեն տարածաշրջանի համար: Ես չգիտեմ՝ Իրանը շնորհավորել է, թե՝ ոչ, բայց եթե շնորհավորեր Իրանը, ես դարձյալ չէի զարմանա, որովհետեւ այս ընտրությունները շատ մեծ դեր են տանում եւ փորձում են կողքից սիրաշահել Հայաստանի ապագա կառավարությանը: Դա սիրաշահում էր, ուրիշ ոչինչ, կամ էլ անտեղյակություն, կամ ժամանակից շուտ սխալ տվյալներ են ստացել: Չէ՞ որ մինչեւ ընտրությունների արդյունքների հաշվարկը Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հաղթել են եւ միանձնյա կարող են ձեւավորել կառավարություն: Այդ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ իրենք խախտումներով են հաղթանակը տանում, եւ մենք էլ ենք այստեղ տեսնում՝ ընտրություններից առաջ այդքան կալանավորումներ, ահաբեկիչ արտահայտություններ՝ կզացնելու եմ, նստացնելու եմ, եսիմինչ եմ անելու, սպանելու եմ… Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե քաղաքական գործիչ է խոսում, այլ ինչ-որ փողոցային տականք: Հայաստանից դուրս ապրող հայերի համար սա մի քիչ ամոթ է՝ Հայաստանում նման տեսքով վարչապետ ունենալը: Ճիշտ է, ինքը մեր վարչապետը չէ, մեր ընտրությունը չէ, բայց որպես ազգի ներկայացուցիչ, մեզ համար ամոթ է: Կոնկրետ ինձ համար ամոթ է տեսնել, որ քո երկրի ապագա ղեկավարը փողոցային ժարգոնով է խոսում: Չնայած զարմանալի չէ, հայոց ոսկեղենիկ լեզվի մեջ այնպիսի կեղտոտ խոսքեր մտցվեցին այդ ազգակործան հեղափոխությունից հետո, որ արդեն ոչ մի բան զարմանալու չէ՝ դուխով, դոմփել, պեռաշկի ուտել, եգիպտացորեն կրծել ու այլ խայտառակ բաներ: Մարդիկ կան, որոնց հենց այդպիսի բաներն են մոտ, ու հենց այդ էլեկտորատի վրա էլ կատարել են ՔՊ-ի հաշվարկը:

- Վրաստանում հետաքրքրվա՞ծ էին ՀՀ խորհրդարանական ընտրություններով, եւ արդյոք Վրաստանի սպասումներն արդարացե՞լ են:

- Չեմ կարծում, որ Վրաստանի սպասումներն արդարացել են այս ընտրություններով, քանի որ Վրաստանը եւ Հայաստանը միջանցք էին դառնալու Հյուսիս-հարավ ճանապարհի համար, որով ռուսական շուկան կապվելու էր Իրանի հետ, հետո՝ Պարսից ծոց, այնտեղից՝ արդեն Հնդկական օվկիանոս, Աֆրիկա եւ այլն: Դա օգուտ էր նաեւ Հայաստանին, չեմ կարծում, թե Վրաստանում տրամադրություններն այդքան վառ լինեն, բացի այն լիբերալ կուսակցություններից, որոնք առաջ միտինգներ էին անում՝ միասեռականները եւ այլն, իհարկե, տոնում են Փաշինյանի հաղթանակը։ Դե, դա իրենց գործն է, չեմ ուզում մեկնաբանել նրանց արարքները: Բայց կան խելքը գլխին, կարդացած մարդիկ, որոնք շատ բացասական վերաբերմունք են ցույց տալիս, քանի որ Փաշինյանի հաղթանակով պարզ դարձավ, որ այդ 49 տոկոսը, սա իմ կարծիքն եմ ասում, անինքնասեր, անարժանապատիվ մարդիկ են, այսպես ասած՝ դուխով ապուշներ են։ Վախենում եմ նույնիսկ այդ մասին մտածել, բայց այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը կանգնած է հերթական բաժանման շեմին:

- Ի՞նչ բաժանման:

- Առաջին բաժանումը մեր թվարկության 381 թվականին էր, երկրորդը՝ 576 թվականին, հիմա էլ երրորդը կլինի, որ կբաժանեն Ռուսահայաստանի եւ Թուրքահայաստանի:

- Վրացական լրատվամիջոցներն ինչպե՞ս են լուսաբանել ընտրությունները ՀՀ-ում:

- Վրաստանի լրատվամիջոցները լուսաբանել են որպես կոպիտ խախտումներով եւ բռնաճնշումներով կատարված ընտրություններ: Որոշ լրատվամիջոցներ այդ ընտրախախտումները Շեւարդնաձեի ժամանակների հետ են համեմատում, ասում են, որ նույնիսկ Շեւարդնաձեի ժամանակ այդպիսի խախտումներ եւ այդպիսի բռնաճնշումներ չեն եղել այստեղ: Բայց ամենացավալին այն է, որ Եվրոպան դա ճանաչեց եւ շնորհավորեց։ Սակայն լավ կողմ էլ կա, թող վերջապես հայ ժողովուրդը ճանաչի Եվրոպային, ու թե ինչ է եվրոպական արժեհամակարգը: Տիգրան Խզմալյանից թող պատասխան պահանջեն, ա՞յս էր եվրոպական արժեհամակարգը, նույն Լեւոն Շիրինյանից կարելի է պատասխան պահանջել, երբ որ բռնաճնշելով, ընտրություններից մեկ օր առաջ, երկու օր առաջ թեկնածուներին նստացնում են, կալանավորում են, ինչի՞ մասին է խոսքը: Սակայն սփոփանք կա, որ այն քաղաքական ուժերը, որոնք պարտվել են, փոքրամասնություն են, իսկ փոքրամասնություն լինելը պատիվ է: Փոքրամասնություն եղել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը, Կիլիկյան մեր թագավորները, Արշակունյաց թագավորները, նրանք փոքրամասնություն են եղել եւ կարողացել են մեծամասնություն կոչված աղբակույտը կառավարել: Ես ուղղակի զարմանում եմ՝ ո՞ւր են Հայաստանի մտավորականները, ակադեմիկոսները, ասելու ոչինչ չունե՞ն: Չէ՞ որ այդ ակադեմիկոսներից մեկն է անձամբ խնդրել Սերժ Սարգսյանին՝ ազատել Նիկոլ Փաշինյանին՝ 2018-ին են խնդրել, խնդրողն է ինձ անձամբ ասել: Աննա Հակոբյանը լացակումած գնացել է մոտը, խնդրել է, որ օգնեն, ինքն էլ, 14 ակադեմիկոսների ստորագրություններ հավաքած, գնացել է Սերժի մոտ, խնդրել է, որ ազատեն: Դա այդպես է եղել: Հիմա թող լոլո չերգեն, ազգի կործանման մեջ բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը: Խորհուրդ եմ տալիս սփյուռքի հայերին՝ հրաժարվել Հայաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչությունից իրենց երկրներում, հավաքագրել իրենց ներքին ռեսուրսները եւ անել միայն ու միայն ազգապահպանական աշխատանք՝ իրենց պետությունների սահմանադրության սահմաններում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image