Չսիրեցիք դուք ձեր հայրենիքը

Չսիրեցիք դուք ձեր հայրենիքը

Ինձ ամենից շատ զարմացնում, եթե կուզեք` անգամ հիացնում է իշխանության ներկայացուցիչների չափից դուրս ինքնավստահությունը, որը մեղմորեն վերաճում է ցինիզմի, անտարբերության, սեփական մեղքը չգիտակցելու անմեղսունակության: Դա լուրջ ինքնապաշտպանական բնազդների մասին է խոսում, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը կարող էր մեղքի գիտակցումից խելագարվել, ինքնասպան լինել, ծանր հիվանդություն ձեռք բերել, եթե նրանց տեղում լիներ: Մենք, որ մեզ մեղավոր ենք համարում անգամ այն հարցերում, որտեղ բացարձակապես մեր մեղքը չկա, իսկ իրենք իրենց բացարձակապես ամեն ինչում են անմեղ համարում: Ո՛չ խղճի խայթ, ո՛չ ամոթի զգացում, ո՛չ ափսոսանք ու սեփական վարքի վերլուծություն:

Որքան ինքնավստահություն, սեփական անձի գերագնահատում, շրջապատում կատարվող իրադարձությունների հանդեպ անտարբերության եւ անհաղորդության զգացում պետք է քեզ ներարկած լինեն, որ քեզ այդպես օտարես միջավայրից եւ այս իրավիճակում ապրես անվրդով ու անդարդ: Որքան պետք է անպատկառ լինես, որ պետական փողերը սեփականի նման տնօրինես, անհեթեթ ու չպատճառաբանված միլիոնավոր դրամներ տրամադրես անհեթեթ ու անկարեւոր ծրագրերին եւ ողջ օրը խոսես նախկինների թալանից: Որքան պետք է ապրումակցումից զուրկ լինես, որ զոհվածների ծնողներին դիտես միայն որպես քո իշխանությանը սպառնացող վտանգի աղբյուր, իսկ հայրենիք կորցրած արցախցիներին` որպես ավելորդ բեռ ու հանրային անդորրը խախտող գործոն:

Որքան պետք է չսիրես հայրենիքդ ու հայ ժողովրդին, որ համարես, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է: Ինչքան պետք է չպատկերացնես քո առաքելությունը, որ կարծես, թե մեր միակ խնդիրն ադրբեջանցիների հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելն ու խախուտ խաղաղություն հաստատելն է` ուրիշ ոչինչ: