Սպիտակից ահազանգ ունենք, որ 1 տարուց ավելի է, ինչ Սպիտակի Երեւանյան խճուղու հարեւանությամբ գտնվող ճահճացած լճակի տակով անցնող չուգունե խողովակներից,որոնք վնասվել են, խմելու ջուրը Ջրաշեն գյուղից գալիս եւ լցվում է սպիտակցիների խմելու ջրի ջրամբար։
Մեզ դիմած քաղաքացին նշում է․ «Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այս խնդիրը կա։ Այս խողովակից ջուր է մատակարարվում Սպիտակի խմելու ջրի բասեյին, որտեղից էլ քաղաքի տարբեր թաղամասեր: Ճահիճն առաջացել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջանքերով։ Այդ ճահճացած լճակի տակով է անցնում սովետական ժամանակների չուգունե հաստ խողովակը, որով ջուր Ջրաշեն գյուղից գալիս է ու լցվում սպիտակցիների խմելու ջրի ջրամբարը»։
Ըստ բնակչի՝ «Վեոլիա ջրի» աշխատակիցները փայտյա սեպով փակում են վթարված խողովակի անցքերն ու գնում, դրանից հետո խնդիրը կրկին առաջանում է․ ««Վեոլիա ջրի» աշխատակիցները բացում են խողովակի չորս կողմը, արտահոսքը դադարեցնելու համար փայտե սեպ են խփում ու ծածկում տողով։ Որոշ ժամանակ անց նորից է արտահոսք սկսվում և այդպես շարունակ, որքան հիշում եմ 5-6 տարի։ Այս անգամ նույնիսկ հողով չեն ծածկել։ Վերևի մեծ հողաբլուրը մի տրակտորիստ իր նախաձեռնությամբ հարթեցրեց, որ տեսադաշտը բացվի և մայրուղի մտնող մեքենաները վթարի չենթարկվեն։ Կեղտաջուր է, կարծում եմ՝ կարող է խառնվել խողովակով դեպի ջրամբար հոսող ջրին և ամեն տեսակ վարակիչ հիվանդությունների պատճառ հանդիսանա։ Ջրափոսն արդեն մեկ տարուց ավել է, ինչ այդ վիճակում է»։
«Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանը «Հրապարակ»-ին խնդրի վերաբեյալ փոխանցեց, որ նշված խողովակի քայքայված հատվածը պարբերաբար խնդիրներ է առաջացնում, սպասում են հարմար ժամանակահատվածի այն փոխելու համար․ «Ոչ թե մեկ, այլ մի քանի վթարներ են եղել ջրագծի վրա, տարբեր վթարների մասին է խոսքը, վերջին մի տարվա ընթացքում մի քանի վթար ենք ունեցել։ Հատուկ կարանահպումով, փայտով մուֆթ է սարքվում, որի միջոցով վթարը վերացվում է»։
Նա նշեց, որ այդ հատվածի փոխարինումը կախված է եղանակային պայմաններից, դետալների բերվելուց։
Մանրամասն՝ տեսանյութում