Ինձ վատ եմ զգում, որ ես այստեղ եմ՝ Հայաստանում, ինքը՝ Բաքվի բերդում

Ինձ վատ եմ զգում, որ ես այստեղ եմ՝ Հայաստանում, ինքը՝ Բաքվի բերդում

Արցախահայության բռնի տեղահանումից շուրջ կես տարի է անցել, իսկ Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները շարունակում են ապրել հիշողություններով եւ սպասումի ու հավատի մեծ հույսով, թե մի օր գալու է հայրենիք վերադառնալու բաղձալի օրը:

«Եթե մի պահ դադարեմ մտածել, որ այլեւս հետ չենք վերադառնալու, երեւի ապրել չկարողանամ։ Հիմա էլ, ինչպես 2020-ին վերադարձանք, կվերադառնանք, եթե երաշխիք լինի: Այն ժամանակ էլ անցնում էինք ադրբեջանական պոստերով, հույսներս ռուսներն էին, այն ժամանակ իրոք ուրիշ էր, 2 տարվա մեջ, ռուս-ուկրաինական պատերազմից հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է արցախցի Մանուշ Մինասյանը: Չնայած Երեւանը Մանուշին հարազատ է, բարձրագույն կրթություն ստացել է Հայաստանում, մի որոշ ժամանակ ապրել, հիմա էլ, որպես գիտաշխատող, հոգեհարազատ գործով է զբաղվում, այնուամենայնիվ, այն, ինչ կար եւ ուներ Արցախում, այն աշխատանքը, որով զբաղվում էր, բոլորովին այլ էր՝ իրենն էր:

Մանուշ Մինասյանն Արցախի կառավարության վիճակագրական ծառայության ղեկավարն էր: Նա մեզ հետ զրույցում հիշում է շրջափակման առաջին ամիսները, երբ Հայաստանից այլեւս սննդամթերք ու դեղորայք հնարավոր չէր հասցնել Արցախ: Միանգամից առաջացավ սննդի ու դեղորայքի պակաս: Մինչ այդ օրական 400 տոննա բեռ էր մտնում Հայաստանից Արցախ:

«Այդ ժամանակ Արցախի պետնախարարը Ռուբեն Վարդանյանն էր: Շրջափակման հետեւանքով ստեղծված շոկային իրավիճակները հաղթահարելու Ռուբեն Վարդանյանի ջանքերը տիտանական էին: Մեր աշխատանքը դարձավ չնորմավորված, զարգացման ծրագրերի վրա էինք աշխատում, լավ եմ հիշում, թե ինչպես Սուրբ ծննդյան օրն ինձ շտապ կանչեցին, օրական մեկ մեքենա էր ընդամենը Արցախ մտնում, ու պետք է ամենաանհրաժեշտ ապրանքները ներառեինք սպառողական զամբյուղի մեջ: Աշխատում էինք մինչեւ ուշ գիշեր: Հետո մեզ կցեցինք սպասարկման ոլորտները, որպեսզի բիզնեսը նույնպես չտուժեր, եւ այդպես կտրոնային համակարգը ներդրվեց, որը Վարդանյանի օրոք ամենակատարյալն աշխատեց, խանութներում հերթեր չէին գոյանում: Նա սկսեց գյուղացիների հետ համագործակցության փուլը, նրանցից սկսեցինք գնել գյուղմթերք, որը բավականին արդյունավետ էր: Մեր ամեն շաբաթվա քննարկումներին պետնախարարը բոլորիս խոսք էր տալիս՝ արտահայտվելու հնարավորություն, եւ ստացվում էր, որ ամեն ինչից գաղափար ենք կազմում: Ինքն այլ ոճով էր աշխատում, այդ ամենի հետ կրթական ծրագրերը գերակա էին, ինչի պակասն Արցախը շատ ուներ: Ռուբեն Վարդանյանը գիտության մարդ է, մարդ-փիլիսոփա, եւ ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե նա բիզնեսն ինչպես էր համատեղել իր մեջ: Ափսոս, երկար չմնաց պետական կառավարման համակարգում՝ շատ բան կփոխեր: Հիշում եմ հուսահատության փուլը, երբ նա հրաժարական տվեց: Բայց որ իմացանք՝ չի գնում, անգամ այդ իրավիճակում հույսով լցվեցինք: Մի անգամ Վարդանյանի ընկերներից մեկը մեզ ասաց, թե այդպես էլ նրան շնորհակալություն չհայտնեցինք, որ թողեց ամեն ինչ այդ ծանր ժամանակներին եւ եկավ մեզ հետ՝ մեր կողքին լինելու: Ես ասացի, որ արցախցուն այնքան էլ բնորոշ չէ շնորհակալություն ասելը, արցախցին գործն է գնահատում, իսկ Վարդանյանը երբ եկավ Արցախ, սկզբում բոլորն էին թերահավատ, թեպետ գիտենք, որ նա Արցախում նախկինում էլ բազմաթիվ ծրագրեր էր իրագործել, անգամ իր տղան ծառայել էր Արցախում: Համեմատեցի Մոնթեի հետ: Մոնթեին էլ սկզբում թերահավատորեն են ընդունել Արցախում, իսկ հետո, երբ վիճակագրություն էինք անցկացնում, Մոնթե անունն Արցախում երկրորդ տեղում էր: Վստահ եմ, որ 2020-ից հետո էլ նույն հաջողությունը Ռուբեն անունն էր ունենալու»,-պատմում է մեր զրուցակիցը՝ ցավով նշելով, որ ափսոսում է՝ նման վիճակագրություն անցկացնելու հնարավորություն այլեւս չեն ունենալու:

«Նույն բարեգործական ճաշարանների հետ կապված, երբ Վարդանյանը նախաձեռնեց, սկզբում մարդիկ վիրավորվեցին, բայց ընդամենը 2 օր անց փոխվեց ամեն ինչ, քանի որ տեսան՝ ինքնագովազդի ոչինչ չկա, կամավորներն այնքան նվիրված էին աշխատում, որ սնունդը տներ էին հասցնում: Ռուբեն Վարդանյանը պաշտոնաթողությունից հետո էլ շարունակեց աշխատել: Ինձ հանձնարարվեց պետական կառավարման եւ ֆինանսների բլոկը: Հայաստանի եւ մեր տնտեսագիտական կենտրոնները կցեցինք, ՀՀ-ի մասնագետների հետ օնլայն քննարկումներ էինք անցկացնում, հայաստանյան մեր գործընկերները մեզ շատ էին օգնում, հաշվարկում էինք Արցախի կրած օրական վնասները եւ հասկանում, որ ամեն ինչ գնում է նրան, որ կյանքի գնով պիտի պայքարեինք»:
Զրույցի ընթացքում Մանուշը հիշում է Արցախում անցկացրած վերջին օրերը, հանդիպումը Ռուբեն Վարդանյանի հետ: «Շատ մտահոգ էր, բայց սպասելի չէր, որ հատկապես ինքը՝ մարդ, որն ամբողջ կյանքում բարեգործությունից ու մարդասիրությունից բացի ոչինչ չի արել, այսօր կհայտնվի մի տեղում, որին երբեք արժանի չէր: Ես հիմա ինձ վատ եմ զգում, որ ես այստեղ եմ՝ Հայաստանում, ինքը՝ Բաքվի բերդում ․․․․․Ինքն Արցախը կապել էր աշխարհին, Արցախը ճանաչելի էր դարձրել, Ադրբեջանը հենց դրա համար դրեց իր պահանջը, որովհետեւ Վարդանյանին հաջողվում էր, նա կարողանում էր... Միեւնույն է, ես հավատում եմ արդարությանը՝ նա վերադառնալու է...»: