«Հրապարակ». Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է

«Հրապարակ». Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է

Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է, իշխող թիմի անդամներն իրար միս են կրծում, իրավիճակը հարթելու համար մարզ են հրավիրել ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանին, ով այսօր, մեր տեղեկություններով, այցելելու է Կապան՝ ՔՊ խորհրդի նիստին մասնակցելու։ Իշխող կուսակցության մարզային կառույցին բազմիցս ենք անդրադարձել։ Գրել ենք, որ այն փորձում է իրենով անել մարզից ընտրված պատգամավոր Դավիթ Դանիելյանը, եւ չնայած փորձերը չհաջողվեցին՝ խորհրդում նրա թիմը փոքրամասնություն է կազմում՝ 2, մաքսիմում՝ 3 հոգի, սակայն ընդդեմ Դանիելյանի կոալիցիա է ձեւավորվել։

Հատկապես չեն կարողանում մարսել այն, որ ամիսներ առաջ Դանիելյանի քավորությամբ Պոլիտեխնիկ համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտոր է նշանակվել Լեռնիկ Պետրոսյանը, ով ժամանակին հրապարակավ քննադատում էր Փաշինյանին։ Ըստ Կապանի մեր աղբյուրի՝ ՔՊ-ականներն այդ նշանակումից հետո նամակներ են գրել վարչապետին, սակայն պատասխան չեն ստացել եւ կասկածում են, որ Դանիելյանը վարչապետի աշխատակազմում ունեցած կապերով խոչընդոտել է դրան։ ՔՊ-ականները՝ Պապոյանի միջոցով, վերեւներին ուզում են փոխանցել․ եթե իրենք պետք է լինեն ֆորմալ կառույց, իսկ հարցերն այլ տեղում լուծվեն, ապա լուծարեք կառույցը՝ մենք էլ գնանք տուն։ Սյունիքի մարզի անվտանգային խնդիրների ֆոնին ՔՊ-ականների այս նեղ-խմբակային ինտրիգները շատ խոսուն են։