ՔՊ-ական Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի թեկնածու է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ, երբ իշխանությունը արդարադատության նախարարի փնտրտուքի մեջ էր, ընթացքում առաջարկ էր արել Սիրունյանին՝ նախարարի պաշտոնում առաջադրվելու համար։ Սակայն, ի վերջո, Փաշինյանը կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը թեկնածության վերաբերյալ, որն էլ երեկ պաշտոնապես նշանակվեց արդարադատության նախարարի պաշտոնում:
Սիրունյանին թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջարկելը բացահայտ ցույց է տալիս, որ դատական համակարգը լիովին իր վերահսկողության տակ է, այն էլ՝ ԲԴԽ-ն, որը դատավորներին «պատժելու» հնարավորություն ունի․ այս բարձրագույն խորհրդի անդամները կարող են լինել անձինք, որոնք հայտնի են իրենց օբյեկտիվությամբ, անկողմնակալությամբ, իսկ Սիրունյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, դժվար թե կարողանա անաչառ դիրքորոշում ունենալ քաղաքական գործեր վարող դատավորների նկատմամբ։
ԲԴԽ-ում այս պահին գիտնական անդամի 1 թափուր տեղ կա, առաջիկայում Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Հայկ Գրիգորյանը պաշտոնից հրաժարական կտա, այդ դեպքում 2 ազատ տեղ է լինում։
Կապ հաստատեցինք Սիրունյանի հետ, նա մեր հարցին, թե գնալո՞ւ է ԲԴԽ, չպատասխանեց, բոլոր հարցերին համառորեն տալիս էր նույն պատասխանը՝ մեկնաբանություն չեմ տալիս։
Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ փաստաբան Սիրունյանը գիտնականի չափորոշիչներին համապատասխանո՞ւմ է․ Սիրունյանը նախկինում դասավանդել է ԵՊՀ-ում, մի քանի գրքերի հեղինակ է։
Ի՞նչ է ասում օրենքը ԲԴԽ գիտնական անդամ ընտրվելու վերաբերյալ։
Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 5-րդ կետում նշված է․ «Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»։
7-րդ կետով էլ սահմանվում է․ «Անձը կարող է ներկայացնել իր՝ հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքի վերաբերյալ նյութեր»։
Կարծիքներ