Մանկական այգին այլանդակել են եւ ասում են՝ երեխաների համար են անում

Մանկական այգին այլանդակել են եւ ասում են՝ երեխաների համար են անում

Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող անգլիական զբոսայգում, որը նաեւ անվանում են մանկական զբոսայգի, տարիներ շարունակ գործում էր բացօթյա ամֆիթատրոն, որտեղ տարբեր թատերական խմբեր, մանկական համույթներ ներկայացումներ էին բեմադրում, ասմունքի ցերեկույթներ կազմակերպում, երգում, պարում, խաղեր կազմակերպում։ Երեխաները ողջ օրն այստեղ վազվզում էին, զվարճանում: Մոտ մեկ տարի առաջ այս ամֆիթատրոնը վերացրին՝ վրան ինչ որ անճոռնի վրան կապեցին, ներսում ինչ որ մարդիկ ինչ որ գործերով էին զբաղված։ Ձմռանը մտածեցինք՝ ցուրտ է, գուցե ժամանակավորապես ինչ որ կազմակերպության են հանձնել, օրերը տաքանալուն պես վրանը կհանեն եւ խաղահրապարակը կվերադարձնեն երեխաներին։ Առանց այն էլ այս այգին այնպես են ապականել՝ բազմաթիվ սրճարաններ ու այլանդակ շինություններ կառուցել։ Այգու՝ Խորենացուն հարող մասում էլ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, իջեւանցի Արմեն Ղուլարյանի հետ կապված ընկերություն է երկու հարկանի հսկայական սրճարան կառուցում՝ հսկա ծառերը հատել են ու այգու հենց ներսում շենք են կառուցել։ Եւ եթե Տիգրան Ավինյանն ուզում էր մայրաքաղաքը մաքրել, պետք է սկսեր հենց Ղուլարյանի այս անընդունելի կառույցից։
Այգին նաեւ անխնամ, անմշակ վիճակում է՝ անխնամ գազոններ, չորացած, չմշակված ծառեր, աղբ, շինանյութեր, ատրակցիոններ չկան եւ ամեն ինչ այստեղ հին է՝ սովետական տարիներից հետո նորոգման ու բարեկարգման երես չտեսած։ 

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե ինչ են կառուցում բացօթյա ամֆիթատրոնի տեղում, ովքեր են թաքնված այդ վրանի տակ եւ ինչու են երեխաներից խլել այս տարածքը՝ հենց քաղաքապետարանի քթի տակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի ծայրամասերում որոշ ապօրինի շինություններ է ապամոնտաժել տալիս, ավտոտնակներ է հեռացնում՝ խաղահրապարակներ դարձնելու նպատակով, սակայն հենց քաղաքապետարանին մերձ այս հսկայական այգին վերածվել է շինությունների, բիզնեսի տարածքի, որտեղ երեխաներն անելիք չունեն:

Երևանի քաղաքապետարանից «Հրապարակին» հայտնեցին, որ ամֆիթատրոնին կից կառուցվող շինությունը Երևանի քաղաքապետարանն է կառուցում՝ պատրաստվում է տալ վարձակալության: Մեզ վստահեցրին, որ ամֆիթատրոնը չի տուժելու, նորակառույց շինությունը ծառայելու է թատրոնի դերասանական կազմին, ինչպես նաև այգու ղեկավարությանը. «Շինությունն ադմինիստրատիվ շենք է լինելու, որտեղ նստելու է այգու տնօրինությունը, ինչպես նաև մանկական տիկնիկային ներկայացումներ: Այնպես է կառուցված, որ այդտեղ դերասանները հագնվեն և դուրս գան բալկոնի նման տարածք` ներկայացումների համար: Այո, ամֆիթատրոնի վրա այժմ վրան է կառուցված, որը նախատեսված է մանկական միջոցառումների, ներկայացումների համար», - ասաց նա: 

«Այնտեղ կան նաև փոքրիկ տնակներ, որոնք ունեն մանկական թեմատիկ ուղղվածություն: Այդ ամենի հիմքում մանկական ներկայացումներն են: Երևանի քաղաքապետարանը տարածքը վարձակալության է տվել «Հայը կա» ընկերությանը: Դա օրինական պրոցես է, վարձակալության է տրվել մեկ տարի ժամկետով, որպեսզի մեկ տարվա ընթացքում մանկական միջոցառումները կյանքի կոչվեն: Այլ ոչ մի նպատակի չի ծառայելու, տիկնիկային թատրոնն է գործելու և այգու ադմինիստրատիվ մասը»: