Խաբեություն

Խաբեություն

Նախ, փորձում են թաքցնել իրականությունը` հայտարարելով, թե սահմանին կրակոցներ չկան: Հետո, երբ լրատվամիջոցներն ու տարբեր անհատներ ապացուցում են, որ կրակոցներ կան, եւ դա այլեւս հնարավոր չի լինում թաքցնել, մի խայտառակ, զավեշտական հայտարարություն են տարածում, թե «Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։ Թե դա ինչ է նշանակում` ոչ մեկին հայտնի չէ: Օ՞դ են կրակում, ճնճղուկների վրա՞ են կրակում, պարզ չէ: Ի վերջո, թիրախավորումը ՀՀ ՊՆ-ն ինչպե՞ս է հասկանում` երեւի քանի դեռ զոհ չունենք, ուրեմն թիրախավորվա՞ծ չեն կրակում: Սրան դժվար է այլ անուն տալ, քան Հայաստանի Հանրապետության շահերին դավաճանություն, հայ հասարակությանը մոլորեցնելու, ապակողմնորոշելու, թշնամու կերպարը «դրական» լույսի տակ ներկայացնելու փորձ: Նման մի բան մենք ունեցել ենք 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ 44 օր մեզ խաբում էին, թե «հաղթում ենք», եւ անգամ Շուշին հանձնելուց հետո չէին խոստովանում, որ պարտվել ենք, իսկ ճշմարտությունը գրող լրատվամիջոցներին թիրախավորում էին ու հալածում, թե` «խուճապ մի տարածեք»: Այս վարքագիծը նոր չէ:

Հենց այս վարքագծի շրջանակներում է երկրի ղեկին գտնվող անձը փորձում խարխլել ցեղասպանության պատկերացումները, թե եկեք հասկանանք՝ ինչ է եղել, եւ ով է մեղավոր: Թուրք-ադրբեջանական հորդային դրական լույսի տակ ներկայացնելու մարմաջն էր ստիպում, որ Արցախի հայաթափումից ընդամենը 2 օր առաջ հայտարարում էր, թե «այս պահին Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնում»:

Թշնամուն բարեկամ ներկայացնելու միտումը մի նպատակ ունի` փափուկ բարձ դնել հայ ժողովրդի գլխի տակ, ստորագրել նրանց պահանջած փաստաթղթերը, բացել սահմանները եւ թշնամուն թողնել մեր երկիր: