Ինչպես են Ֆրանսիայի քաղաքապետերը կուլ տվել Զարեհ Սինանյանի նետած խայծը

Ինչպես են Ֆրանսիայի քաղաքապետերը կուլ տվել Զարեհ Սինանյանի նետած խայծը

Օրերս պարզ դարձավ, որ Ֆրանսիայում հուլիսի 31-ին ստեղծվել է «Հայաստանի եւ Հայ դատի պաշտպանության ճակատ» կոչվող մի կազմակերպություն (FDACAF): Խոսքն ամենեւին մեր իմացած Հայ դատի գրասենյակի մասին չէ, որը երկար տարիներ գործում է աշխարհի տարբեր երկրներում եւ մեծ դեր է խաղացել Հայոց ցեղասպանությունն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, ճանաչման արժանացնելու ուղղությամբ: Սա բոլորովին «թազա» Հայ դատ է, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը՝ «թազա» Հայաստանի մասին: Պարզապես անուններն ու հապավումն են շփոթության աստիճանի նման...

Նորաստեղծ կազմակերպությունը մի հայտարարություն է տարածել, որտեղ գրված է. «Հայաստանն այս տարեվերջին կրկին մեծ վտանգի տակ է հայտնվել Ադրբեջանի դեմ: Այս մեծ վտանգին դիմակայելու համար հուլիսի 31-ին ստեղծվել է Հայաստանի եւ Հայ դատի պաշտպանության ճակատը: Կոչ ենք անում պատգամավորներին եւ սենատորներին՝ 122 անձնավորությունների դիմումի կապակցությամբ, որ Ֆրանսիան ռազմական ուժ ուղարկի՝ Հայաստանը պաշտպանելու համար»: Այնուհետեւ ներկայացվում է նորաստեղծ կառույցի նպատակը՝ պաշտպանել Հայաստանն ու Հայ դատը Ֆրանսիայում։ «Այս կազմակերպության ստեղծումն անհրաժեշտ է դարձել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից հետո, որոնք շարունակվում են, չնայած նախկին ԽՍՀՄ երկրների 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրերի հիման վրա երկու երկրների միջեւ սահմանների շուրջ համաձայնության հասնելու Հայաստանի կառավարության ջանքերին։ Լայնածավալ ռազմական գործողություններ են սպասվում, տեսականորեն՝ Ադրբեջանի կողմից 2024թ. նոյեմբերին։ Ահա թե ինչու մենք խնդրում ենք Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանին աջակցելու գործողություններ ծրագրել՝ Ադրբեջանին հետ պահելու համար այդ նպատակին ուղղված քայլերից»։ 
Նախ, այս նորաստեղծ կառույցը հավանաբար չգիտի, որ Հայաստանը վտանգված է 2020-ից ի վեր, եւ գրեթե ամեն օրն է այստեղ կորստաբեր: Եվ երկրորդ․ Ալմա-Աթայի հռչակագրում որեւէ կետ չկա, որտեղ նշվում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները: Այս մասին խոսվել է բազմիցս եւ փաստվել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը Փաշինյանն «օդից» է վերցրել եւ դարձրել սահմանագծման, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքների զիջման հիմք: 

Նկատելի է, որ հայտարարության հեղինակները կա՛մ լավ չեն տեղեկացված հայաստանյան իրողություններից, կա՛մ մտածված խեղաթյուրում են այն: Շարունակենք ընթերցել նորաստեղծ «Հայ դատի» հայտարարությունը, որպեսզի հասկանանք, թե «քամին որտեղից է փչում»։ «Իրավիճակը բարդացնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահների վերաբերմունքը, որը պետք է ներկայացնի ծագումով հայերին Ֆրանսիայում, բայց աջակցում է Փաշինյանի կառավարությանն ընդդիմացողներին (խիստ փոքրամասնություն՝ Հայաստանում), ընդդիմությունը հրաժարվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրերի հիման վրա երկու երկրների սահմանների վերաբերյալ որեւէ համաձայնությունից եւ չի վարանի նպաստել զինված հակամարտության վերսկսմանը (բայց ի՞նչ արդյունքի համար, անշուշտ՝ աղետալի)»:

Այստեղ արդեն անթաքույց երեւում են սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի «ականջները»: Իսկ այդ պաշտոնյայի առջեւ դրված գերխնդիրը սփյուռքը պառակտելն է: Հայտարարությունը շարունակում է. «Ֆրանսիայում Հայաստանի եւ Հայ դատի պաշտպանության ճակատի (FDACAF) ստեղծումը, հետեւաբար, նպատակ ունի բարձրացնել հայազգի հայրենասեր ֆրանսիացիների ճնշող մեծամասնության եւ նրանց ընկերների ձայնը՝ լավագույնս աջակցելով հայությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը...»։ 

Որքան էլ զարմանալի է, հայտարարության տակ ստորագրած «հայազգի» հայրենասերների մեծ մասը՝ 122 հոգին, հայ չէ, այլ՝ ֆրանսիացիներ: Նրանց մեջ կան բավականին հայտնի մարդիկ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո, Նիցցայի, Վալենսիայի, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետերը, ֆրանսիացի քաղաքական պետական գործիչներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ, արվեստագետներ: Ինչ խոսք, շնորհակալության են արժանի այն ֆրանսիացիները, ովքեր մտահոգ են Հայաստանի ճակատագրով: Սակայն այս մարդիկ կա՛մ չեն կարեւորել, կա՛մ ճիշտ չեն գնահատել հայտարարության միտքը, թե Հայաստանի ընդդիմությունը փոքրամասնություն է...

Այս հարգարժան ֆրանսիացիները տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում Երեւանի փողոցներում, եւ Փաշինյանն ինչպես է բիրտ ուժ կիրառելով՝ խաղաղ ցուցարարներին ցրում, բանտ ուղարկում, որ իր իշխանությունը պահի: Կամ՝ գիտե՞ն, թե ինչպես է իրականացվում սահմանազատումը, ինչ է տեղի ունեցել Արցախում, ինչեր է պահանջում Ադրբեջանը, եւ ինչին է համաձայնում Փաշինյանը։ Գուցե չգիտեն։ Հակառակ դեպքում նման հայտարարության տակ չէին ստորագրի: Իրենց ստորագրությունը դնելով նման հայտարարության տակ՝ ֆրանսիացի գործիչները մասնակից են դառնում հայկական սփյուռքի պառակտման սինանյանական դավադրություններին եւ օգնում Փաշինյանի հայաստանակործան քաղաքականությանը: Իսկ Փաշինյանն այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն է ու թիվ մեկ վտանգը: Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ եւ Հայաստանի հետ, կատարվում է նրա կամքով եւ նրա վարած քաղաքականության արդյունքում: Ֆրանսիացի գործիչներն ինչո՞ւ են մտել նման կեղտոտ խաղի մեջ՝ չգիտակցելո՞վ են ընկել ծուղակը, թե՞ այդպես հրահանգվել է վերեւից...

Փորձեցինք գտնել, թե հայերից ով է այս հայտարարության տակ ստորագրել, գտանք մեկ-երկու անուն. դերասան Սիմոն Աբգարյան, փաստաբան Ֆրանսուա Դեւեջյան: Մի անհայտ անուն՝ Ադրիեն Վահագն Սաժ՝ կիսով չափ հայ, ում հայրը տարբեր հարթակներում հանդես է գալիս Սրբազան շարժումը եւ Բագրատ սրբազանին քննադատելով ու զրպարտելով: 

«Հրապարակը» փորձեց լսել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի կարծիքն այս հայտարարութան մասին: Պարոն Փափազյանը պատասխանեց, որ իրենք նման մտահղացում են ունեցել, որ դիմում-հայտարարություն ուղղեն Մակրոնին՝ Հայաստան զինվորական միավոր ուղարկելու կոչով։ «Այս միտքը նրանք գողացել են եւ ներկայացրել որպես իրենց նախաձեռնություն: Մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Մուրադ Փափազյանը: