Անցյալ տարվա համեմատ արտագաղթը 10 անգամ ավելացել է՝ հասնելով 26.396-ի

Անցյալ տարվա համեմատ արտագաղթը 10 անգամ ավելացել է՝ հասնելով 26.396-ի

Փաշինյանական կապիտուլյացիայից հետո «ավելի քան երբեք» շատացել են Հայաստանից արտագաղթի թվերը և քաղաքացիների՝ երկրից հեռանալու մտադրությունները։

Այս շրջանում հրաժարական տալու և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը նպաստելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է պահել վարչապետի աթոռը։ Պարզ է, թե ինչու։ Պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցը մնացել են վարչական լծակները։

Երեկ «Հրապարակ» օրաթերթը ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը հարցում է ուղարկել, թե ի՞նչ թվով քաղաքացի է Հայաստանից գնացել 2021 թվականի փետրվար ամսին և հիմնականում ո՞ր երկրներ, ի՞նչ թվով ՀՀ քաղաքացի է մտել Հայաստան նույն թվականի փետրվարին։ Բացի այդ, խնդրել էինք տրամադրել 2018 և 2019 թվականների փետրվար ամսվա տվյաները։

Ի պատասխան հայտնել են, որ 2021-ի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58,297 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով 2021-ի փետրվար ամսին Հայաստան է ժամանել 31,901 քաղաքացի (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։ 

Մեկնածների և ժամանածների միջև թվային տարբերությունը 26,396 է, ստացվում է, որ 26,396-ը հետ չեն վերադարձել, որի չնչին մասն են կարող կազմել այլազգիները կամ այլ երկրի քաղաքացիները, քանի որ կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջությունը նույնպես կանգ է առել։ Տնտեսական տեսանկյունից ամենամեծ վնաս կրած ոլորտներից մեկը զբոսաշրջությունը, ռեստորանային, հյուրանոցային բիզնեսներն են։ 

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դժվար է լինում, և երկար ժամանակ է պահանջվում երկրից հեռանալը, օրինակ՝ կորոնավիրուսի թեստի հանձնում, որի պատճառով երբեմն հեռանալ ցանկացողը չի կարողանում լքել Հանրապետությունը, թռիչքների հաճախականությունն է ձգձգվում։ 
 
«Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ տարանցիկ չվերթներով պայմանավորված՝ ուղղությունների հետ կապված հստակ տեղեկատվություն չեն կարող փոխանցել։

Մենք նաև համեմատության համար խնդրել էինք տրամադրել 2018 և 2019 թվականի տվյալները։ 

2019 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 84,628 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), իսկ նույն օդանավակայաններով՝ վերադարձել 81,921 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։ Այստեղ տարբերությունը չնչին է, ընդամենը՝  2707։ 2018 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 76,296 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), իսկ նույն օդանավակայաններով՝ վերադարձել 72,861 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։ 2018 թվականի տվյալների տարբերությունը կազմում է 3435։

Կարելի է արձանագրել, որ իմքայլականները շարունակում են անուշադրության մատնել, որոշ դեպքերում՝ նաև մանիպուլացնել արտագաղթի վերաբերյալ տեղեկությունները՝ փորձելով ամեն կերպ պահել իրենց՝ առանց այդ էլ գահավիժած վարկանիշը և փաշինյանական վարչապետության աթոռը։