Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ, նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ):
Այս մասին հուլիսի 23-ին հաղորդեց Քննչական կոմիտեն: Փաստորեն, գործից անջատվել է նախկին մարզպետի նախկին օգնականի եղբոր՝ Զավեն Գրիգորյանի վերաբերյալ մասը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»: Նրա մասնակցությունը ծեծին քննիչները մինչ այս պահը ապացուցված չեն համարել: Տուժող կողմի պահանջը՝ որ գործն ամբողջությամբ քննվի, ու անջատված մասով նույնպես դատարան ուղարկեն, մերժվել է: Այս մասին «Հրապարակին» հայտնեց տուժողի ներկայացուցիչ Ռաֆայել Ամիրխանյանը:
Ինչպես հայտնի է, դեպքը տեղի էր ունեցել 2019 թվականի սեպտեմբերին, Եղեգնաձորի շենքերից մեկի բակում: Խուլիգանական «ռազբորկան» սկսվել էր այն բանից հետո, երբ փոխգնդապետն ընկերների հետ տուն գնալու ճանապարհին պատահաբար մոտեցել էր ՔՊ-ական մարզպետի օգնական Հարութի ավտոմեքենային եւ, կարծելով, թե իր ընկերոջ մեքենան է, բացել էր դուռը: Արդյունքում նա մինչ օրս հիվանդանոցում է, անգիտակից վիճակում:
Ըստ զինվորականների, Մխիթարյանին եւ նրա ընկերոջը ծեծել են 6-7 հոգով: Մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն առավել ակտիվ ծեծողներից է եղել: «Նա է առաջինը հարձակվել ու խփել»,- ասում է Սամվել Մխիթարյանը՝ Արա Մխիթարյանի հայրը: Ըստ նրա, նախաքննությունը ձգձգել են, որպեսզի առանձին մարդկանց դերակատարումը պարտակեն: Տրդատ Սարգսյանի մարդիկ հակառակ ցուցմունքներն են տվել, թե զինվորականներն են իրենց ծեծի ենթարկել, թե նրանք հարբած են եղել:
10 ամիս տեւած նախաքննությունը քիչ բան է ի հայտ բերել: Համենայնդեպս, չկա այնպիսի տեղեկատվություն, որը հնչած չլիներ դեպքից անմիջապես հետո: 6-7 ծեծողների անուններ, որոնց մասին հայտնել են դեպքի վայրում եղած զինվորականները, չկան: Տրվում են միայն Հարություն Գրիգորյանի եւ նրա եղբոր անունները: Հարությունը, ըստ քննիչների, «դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով» վիճել է Ա. Մխիթարյանի հետ:
«Վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել: Մինչ Ա. Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հ. Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին եւ եղբորը՝ Զ. Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել... շենքի բակ: Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակը, որտեղ գտնվելու ընթացքում Հ. Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ եւ հանգիստ կանգնած Ա. Մխիթարյանին եւ դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել նրա դեմքին, ինչի հետեւանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Հ. Գրիգորյանը, նրա եղբայրը եւ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք... մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ՝ ոտքերով, նաեւ գործով չպարզված առարկայով բազմաթիվ եւ անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա. Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաեւ Ա. Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից»,- ներկայացնում է ՔԿ-ն: Այս մարմինը հույս ունի, որ չպարզված անձինք կպարզվեն Զավեն Գրիգորյանի անջատված մասի նախաքննության ընթացքում:
«Մինչեւ հիմա որ չի պարզվել, հույս չունենք, որ հետագայում կպարզվի, բայց թող քննեն, կհասկանանք, թե ինչ են ուզում»,- մեկնաբանում է տուժողի իրավահաջորդի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը: Ըստ նրա, անձանց շրջանակը փաստացի պարզված է, բայց նախաքննությունը որեւէ տվյալ չի բերել, որ նրանք ինչ-որ գործողություն են կատարել: Ովքե՞ր են նրանք, ո՞ւմ անուններն են նշվել նախաքննության նյութերում: Այս հարցին փաստաբանը պատասխանում է, որ անուններ չի հիշում: Իսկ ի՞նչ է գրված դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, ի՞նչ առարկաներով են հարվածներ հասցրել, ո՞րն է «չպարզված առարկան», որով խփել են զինվորականներին: «Գրված է՝ բութ, կոշտ առարկայով: Կարծում եմ՝ ոտքերով ու ձեռքերով են հարվածել»,- ասում է Ամիրխանյանը:
Փաստորեն, 10 ամսվա նախաքննությունից հետո պարզ չէ, թե ովքեր են «մի խումբ անձինք», որոնք միացել են Հարությունին ու ծեծի ենթարկել փոխգնդապետին: Գուցե պատահական անցորդնե՞ր են եղել: Տեսան՝ փողոցում կռիվ է, որոշեցին միանա՞լ: «Աբսուրդ է, բայց էդպես է ստացվում»,- ասում է փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը: Գործի նյութերում 4 սպաների վկայություն կա, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, սակայն նախաքննությունը համարում է, որ նրա մեղքը չի ապացուցվել, ինչի հետ տուժող կողմը համաձայն չէ:
Երբ դեպքը տեղի ունեցավ, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի մարզպետն էր: Մեկ շաբաթ անց հրաժարական տվեց եւ այսօր ուրիշ պաշտոն ունի՝ ՔՊ աշխատակազմի ղեկավարն է: Այս նշանակումը, որը տեղի ունեցավ հուլիսի 9-ին, երբ գործը դեռ դատարան չէր հասել, բացասաբար ընկալվեց հանրության եւ տուժողի մերձավորների կողմից, ամրապնդեց համոզմունքը, որ իշխող քաղաքական ուժը չի ուզում նեղացնել թիմակցին: Առավել հիշվող էր այս նշանակման վերաբերյալ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի մեկնաբանությունը․ «Նիկոլ Փաշինյանն ունեցավ սեփական օգտագործման Լիսկան»,- գրել էր նա: