Ադրբեջանցի պատվիրակը Նաիրա Զոհրաբյանին տեռորիստ է անվանել եւ պահանջել գնահատական տալ նրա հայտարարություններին

Ադրբեջանցի պատվիրակը Նաիրա Զոհրաբյանին տեռորիստ է անվանել եւ պահանջել գնահատական տալ նրա հայտարարություններին

ԵԽԽՎ նիստին՝ հայ ռազմագերիների հարցի քննարկման ընթացքում, ադրբեջանական պատվիրակերից Քամալ Ջաֆարովը իր ելույթի ժամանակ տեռորիստ է անվանել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Ադրբեջանի ներկայացուցիչը մասնավորապես ցուցադրել է Զոհրաբյանի՝ անցած տարի նոյեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած սեփական լուսանկարը, որին կից գրառմամբ Զոհրաբյանը կոչ է անում. «Խփեք Մինգեչաուրի ջրամբարին: Նրանք թքած ունեն միջազգային իրավունքի վրա»: Ադրբեջանցի պատվիրակն ասել է, որ սա տեռորիստ է եւ պետք է գնահատական տալ նրա տեռորիստական հայտարարություններին:

Այս հայտարարության վերաբերյալ լսեցինք Զոհրաբյանի արձագանքը, ով փոխանցեց մեզ. «Փաստորեն տարիներ շարունակ Հայաստանում ահաբեկիչներ փնտրելու Ադրբեջանի ջանքերը արդյունք տվեցին՝ Քամալ Ջաֆարովը գտավ ահաբեկիչին։ Շնորհավորում եմ ադրբեջանական պատվիրակությանը՝ ապուշության նոր ռեկորդ սահմանելու համար»: