«Հրապարակ». Ես հավանեցի ելույթը՝ գրված էր երեւանցու համար, երեւանցու լեզվով

«Հրապարակ». Ես հավանեցի ելույթը՝ գրված էր երեւանցու համար, երեւանցու լեզվով

Հարցազրույց Երեւանի «Կենտրոն» վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ

- Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձավ փոխքաղաքապետ, ինչպե՞ս եք վերաբերվում սրան, հատկապես որ քաղաքապետ է առաջադրվելու։

- Նորմալ է։ Եթե քաղաքական թիմը գտնում է, որ իրենց ամենաէֆեկտիվ մենեջերներից մեկը Տիգրան Ավինյանն է ու մյուս բոլոր պարամետրերով համապատասխանում է, դա նորմալ է։

- Իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք Տիգրան Ավինյանի մասին՝ որպես մենեջերի, նախկին փոխվարչապետի, նորընտիր փոխքաղաքապետի, ապագա քաղաքապետի` եթե ընտրվի։

- Անձնապես իրեն լավ չեմ ճանաչում, աշխատանքներին լավ ծանոթ չեմ, բայց կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, ես կողմնակից եմ նրան, որ բոլորին պետք է գոնե վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամանակ տալ, որ հասկանան, որովհետեւ շատ դեպքեր են եղել, որ մարդիկ տարբեր տեղեր այլ արդյունքներ են ցույց տվել՝ լավ կամ վատ, այլ պոստերում՝ լրիվ այլ։ Ես, ամեն դեպքում, ուզում եմ հավատալ, որ կարող է լավ լինել։

- Հայկ Մարությանից եւ Հրաչյա Սարգսյանից ավելի լա՞վ կաշխատի։

- Չեմ ուզենա շատ համեմատել լավը, վատը: Բոլորն էլ կունենան իրենց լավ եւ վատ կողմերը։ Գիտեք, եթե երեկ զրուցեինք, կարող է մի քիչ այլ կարծիք ունենայի, որովհետեւ օրն իր հետ բերում է ինչ-որ նորություններ։ Օրինակ՝ Կասկադի էն վերեւի եւ կողքի հատվածները, որ տարիներով անտերության էին մատնված, քաղաքապետի, քաղաքապետարանի ինչ-ինչ աշխատանքների շնորհիվ այլ տեսք կունենան։ Այսինքն՝ դրանք շատ կարեւոր են։ Եթե համախմբվեն, եթե մի քիչ խելքի գան, եթե մի քիչ սկսեն լավ մասնագետներին լսել, դրսից մասնագետներ հրավիրեն․․․ Ամենակարեւոր խնդիրը ո՞րն է, ես էս պահին, օրինակ, կարող եմ հիշել երեք խնդիր, առաջինը՝ Երեւանի փոքր կենտրոնի մայթերի հարցը, երկրորդը՝ Երեւան քաղաքի գլխավոր ռազմավարական մաստեր պլանի հարցը, երրորդը՝ պարկինգների եւ տրանսպորտի հարցը։ Եթե էդ հարցերին լուծումներ տան, իհարկե, ինձ նման մարդիկ շնորհակալ կլինեն՝ անկախ քաղաքական պատկանելությունից։

- Ի դեպ, Ձեր ասած այդ էֆեկտիվ մենեջեր Տիգրան Ավինյանը, ասում են, այս տարիներին ամենաէֆեկտիվ հարստացած պաշտոնյաներից է նաեւ։

- Ես իր հայտարարագիրը չեմ նայել եւ, անկեղծ՝ որեւէ ընդգծված լավ կամ վատ բան չեմ կարող ասել պարոն Ավինյանի մասին։

- Բայց ուզում եք շանս տալ նրան։

- Ես բոլորին եմ ուզում շանս տալ, հատկապես իմ քաղաքի ղեկավարությանը, որովհետեւ սա իմ քաղաքն է, Ձեր քաղաքն է, բոլորինս է։

- 2018 թվականին մի անգամ մարդիկ մեկին շանս տվեցին, ու տեսանք, թե ինչ վիճակի հասցրեց երկիրը։ Հիմա արժե՞ նորից արկածախնդրության գնալ՝ պարբերաբար նույն թիմի անդամներին շանսեր տալով։

- Եթե շատ նեղ մասնագիտական նայենք՝ ո՛չ 2018-ի քաղաքապետը կամ էսօրվա կամ նախկինների քաղաքապետը՝ որեւէ մեկը չի համապատասխանում․․․

- Չէ, ես վարչապետին նկատի ունեի։

- Ես քաղաքականությամբ էդքան չեմ զբաղվում, էդ հարցերին, կարծում եմ, պատասխանելու կարիք դեռ չկա։

- Դուք խնդիրներ ունեիք Հայկ Մարությանի հետ եւ հրաժարվեցիք Կենտրոնի թաղապետի պաշտոնից, սակայն Ձեր պաշտոնավարման շրջանը հիշվեց նաեւ նրանով, որ Դուք եւ Հայկ Մարությանը քանդեցիք Օպերայի հարակից սրճարանները։ Ձեր կարծիքով՝ Հայկ Մարությանը կարողացե՞լ է հաջողել քաղաքային խնդիրների լուծման հարցում, եւ հաջորդ քաղաքապետերը կկարողանա՞ն գնալ նման վիրահատական լուծումների՝ լավ իմանալով, որ իրենց վարկանիշը դրանից ընկնելու է։

- Ընտրությունների արդյունքից է կախված եւ հավաքած ձայներից, որովհետեւ ռեֆորմները ենթադրում են քաղաքացիների վստահության քվե, որովհետեւ յուրաքանչյուր ռեֆորմ ցավ է։ Բայց առանց այդ ցավոտ ռեֆորմների առաջ չեն գնա։ Իսկ էդ ռեֆորմները կարող են լինել, եթե ունեն բացարձակ, ամուր եւ վստահելի քվե։ Ինչ վերաբերում է ինձ եւ Հայկ Մարությանին, մենք խժդժություններ չենք ունեցել, ունեցել ենք աշխատանքային շատ առողջ տարաձայնություններ ե՛ւ իր, ե՛ւ թիմի հետ, որը, բնական է, միշտ կարող էր լինել՝ հաշվի առնելով Կենտրոն վարչական շրջանի կարեւորությունը։ Բայց իմ որոշումը կապված էր ավելի շատ նրա հետ, որ ես շատ բաներ դեռ ցանկանում եմ ավելի խորքային ուսումնասիրել, որով ես զբաղվում եմ վերջին երեք տարում, եւ, ամենակարեւորը՝ ես կողմնակից էի, որ վարչական շրջանների ղեկավարներն ունենային շատ ավելի լայն լիազորություններ։ Իսկ էդ ժամանակ, որոշ դեպքերում անգամ ավելի թուլացավ, ինչպես, օրինակ, կանաչապատումը, աղբահանությունը, որոնք վարչական շրջաններից վերցրին։

- Եթե Ձեզ առաջարկվի վերադառնալ եւ աշխատել իրենց թիմի հետ, կհամաձայնե՞ք։

- Թույլ տվեք չպատասխանել էդ հարցին․․․․ Գիտե՞ք, հարցը լիազորությունների մեջ է։ Եթե էսօրվա լիազորություններով պիտի լինի, ապա ով էլ առաջարկի, չեմ գնա։ Հնարավոր է գնամ իմ՝ չասեմ թշնամիների կամ հակառակորդների հետ աշխատեմ, եթե դա կտա բարօրություն Երեւանին, հատկապես՝ Կենտրոնին։

- Հայկ Մարությանի «Քաղաքապետը» ներկայացման անոնսը մեծ ֆուրոր առաջացրեց, թեեւ պատերազմով պայմանավորված՝ հետաձգվեց պրեմիերան։ Ի՞նչ եք կարծում, Մարությանն այս պահին ի՞նչ վարկանիշ ունի, ներկայացումից հետո նրա վարկանիշը կբարձրանա՞, թե՞ կընկնի։

- Գիտե՞ք, լավ չէ, որ մայրաքաղաքի ընտրությունների արդյունքները պետք է կախված լինեն ինչ-որ ներկայացումից։ Իհարկե, հաշվի առնելով վերջին զարգացումները սոցիալական մեդիայում, հասկանում ես՝ ինչքան ազդեցիկ են դրանք։ Ես՝ ինքս, կարծում եմ՝ Հայկ Մարությանը շատ լավ շանսեր ունի քաղաքապետի ընտրություններում, եթե ցանկություն ունենա մասնակցելու, եւ ես կարծում եմ՝ կլինի 6 ամիս հետո, թե մի տարի հետո, Երեւանում շատ հետաքրքիր ընտրություններ են սպասվելու։ Բայց էստեղ էլի կարեւոր հարց կա՝ կարեւորը, որ մենք չանլրջացնենք էդ ընտրությունները, կարեւոր չէ, թե ով կանցնի։

- Չանլրջացնենք` 2018 թվականի՞ նման, երբ Հայկ Մարությանն էր իշխանության թեկնածուն։

- Կներեք, բայց ես կարծում եմ, որ 2018-ի ընտրությունները եղել են Երեւանի եւ քաղաքային ընտրությունների աշխարհի պատմության մեջ ամենահետաքրքիրներից եւ ամենամեծը՝ տոկոսային առումով, գիտեք՝ 82 տոկոսով ընտրվեց, որն էլ թույլ տվեց անել շատ հետաքրքիր ռեֆորմների գոնե նախագծեր։ Ցավոք, իհարկե, որոշները չավարտվեցին կամ անգամ չսկսվեցին։

- Իսկ Ավինյանը շանսեր ունի՞։

- Իհարկե՝ ունի, եթե էս ժամանակահատվածում․․․ Գիտե՞ք, անկեղծ լինեմ եւ ասեմ՝ ես, օրինակ, հավանեցի իր ելույթը՝ գրված էր երեւանցու համար, երեւանցու լեզվով, ամենաշատ դուրս եկավ, որ տոկոսային առումով մեծ մասը վերաբերում էր մշակույթին, որովհետեւ ամենակարեւոր խնդիրներից մեկը Երեւանի ու երեւանցու համար մշակույթն է։ Իսկ թե ինչքանով կհամապատասխանի իր աշխատանքն էդ ելույթին, ելույթի ոգուն եւ երեւանցու ցանկություններին, մենք դեռ ժամանակ կունենանք տեսնելու։