Կամավորականը դիրքերից իջել և հայտնաբերել է, որ անհարգելի բացակայության հիմքով ազատվել է աշխատանքից

Կամավորականը դիրքերից իջել և հայտնաբերել է, որ անհարգելի բացակայության հիմքով ազատվել է աշխատանքից

Հայանտառ ՊՈԱԿ֊ի Իջևանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանի հրամանով նույն անտառտնտեսության անտառապետ Արտաշես Մատինյանը անհարգելի բացակայելու հիմքով ազատվել է աշխատանքից։ Սա պատմություն է, ոչ թե չոր աշխատանքային կարգուկանոնին չհետևելու, այլ սեփական քիմքին անցանկալի աշխատողից ազատվելու մասին՝ տրորելով բարոյականությանը վերաբերող գրված և չգրված օրենքները։

Մատինյանը 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից է, իսկ պատերազմն ավարտվելուց հետո գլխավորում է ԵԿՄ Իջևանի կառույցը և զբաղվում է իջևանցի կամավորականների դիրքեր գնալու կազմակերպչական հարցերով։ Այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ հարցեր կարգավորելու  նպատակով անձամբ է բարձրանում դիրքեր։ Հերթական անգամ դիրքեր գնալուց հետո, որից տեղյակ է եղել նաև տնօրենը, Արտաշես Մատինյանը հայտնաբերել է, որ անհարգելի բացակայելու հիմքով ազատվել է աշխատանքից։

Իջևանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը կարծես թե ժառանգականորեն փոխանցվել է Ղալթախչյաններին։ Նախկինում, երբ այս պաշտոնը տրվում էր կուսակցական քվոտայով, Իջևանի անտառտնտեսությունը ղեկավարում էր Մհեր Ղալթախչյանի հայրը։ Կախված ուժերի այդ պահի դասավորվածությունից՝ սկզբում նրանք նվիրված դաշնակցական էին, հետո՝ օեկական։ Բոլոր իրողություններին լավագույնս հարմարվող այս տեսակը՝ ի դեմս Մհեր Ղալթախչյանի, անտառտնտեսություն վերադարձավ 2018-ից հետո։

Սա պարզապես տեսակների պայքարի ցցուն օրինակ է, որտեղ կոմֆորմիստը ցավոք հաղթում է նվիրյալին։
Օր առաջ պետք է վերանայել այս և նմանատիպ այլ կամայական որոշումները՝ յուրաքանչյուրին ցույց տալով իր արժանի տեղը, որպեզի հետո չկանգնենք փաստի առաջ և չարձանագրենք, որ խիյարը կրկին թարս է բուսնել։

Նարեկ Բլբուլյան