Եթե մեզ հետ քննարկեին, նման անգրագիտության առաջ չէինք կանգնի

Եթե մեզ հետ քննարկեին, նման անգրագիտության առաջ չէինք կանգնի

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը կարծում է, որ միայն տեր Աստված կարող է պատասխանել հարցին՝ հուլիսի 7-ին «Քոչարյանի գործով» նշանակված նիստը կկայանա՞, թե՞ ոչ։

«ՍԴ յուրաքանչյուր նիստին դատավորն իր մասնակցությունն անձնապես է որոշում, ես չեմ կարող ասել՝ ով կմասնակցի նիստին, ով չի մասնակցի, կկայանա-չի կայանա։ Մենք դատավոր ենք ունեցել, որը մի տարի ՍԴ ոչ մի նիստի չի մասնակցել, ես հիմա ո՞նց կարող եմ ասել, թե հիմա մեր 9 դատավորներից ով որ նիստին կմասնակցի, որին չի մասնակցի»,-ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։ Ո՞ւմ նկատի ունեք՝ 1 տարի նիստերին չմասնակցած։ «Մի տարի նիստին չմասնակցած դատավոր, կարծում եմ՝ ոչ միայն մեր դատարանի, այլեւ համաշխարհային պատմության մեջ միայն ինքն է»,- հեգնեց Ղազարյանը։

Նրան հիշեցրինք․ ԱԺ ընդունած փոփոխություններով ստացվում է, որ 9 դատավորից մնացել են 6-ը, 2-ն էլ՝ Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանը, մեկ ամսով մեկնել են արձակուրդ։ ՍԴ-ն կկարողանա՞ 4 անդամով նիստ գումարել։ Ղազարյանը հիշեցրեց, որ իրենք այսօր էլ նիստ ունեն, ապա հավելեց․ «Իսկ ո՞վ է համարում, որ դատավոր չեն։ Կարծում եմ՝ մենք ճիշտ կլինի, որ իրար հասկանալով շարունակենք մեր խոսակցությունը, էնպես չստացվի, որ Դուք դա ասացիք, ես ընդունեցի։ ԱԺ պատգամավորները քվեարկել եւ փոփոխություն են կատարել ՀՀ Սահմանադրության մեջ։ Ընդ որում՝ այդ փոփոխության օրինականությունը վիճարկված է ՍԴ-ում, մենք դիմում ենք ստացել ԱԺ 1/5-ից (ԲՀԿ խմբակցությունից)։ Իրենք ընդամենը փոփոխություն են կատարել Սահմանադրության մեջ։ Բայց այդ Սահմանադրությունից բխող փոփոխություններ ՍԴ-ի մասին օրենքում ոչ ոք չի կատարել։ Իսկ ՍԴ-ի գործունեության կարգը սահմանվում է ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով։ Այսինքն՝ պետք է ընդունվի օրենք, որը համապատասխանեցվի փոփոխված Սահմանադրության պահանջներին եւ նկարագրի այն ընթացակարգը, որով պետք է դատավորների լիազորության ժամկետը համարվի ավարտված։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ոչ ոք ո՛չ իրավական եւ ո՛չ բարոյական իրավունք չունի օրենքով սահմանված կարգով ընտրված եւ պատշաճ պաշտոնավարող դատավորին համարի ոչ դատավոր։ Եվ ես այն կարծիքին եմ, որ մենք ունենք Սահմանադրական դատարան, որն ամբողջությամբ համալրված է, 9 դատավոր ֆունկցիոնալ պաշտոնավարում են, որից երկուսն այս պահին գտնվում են արձակուրդում, իսկ ՍԴ նիստերը որպեսզի կայանան, անհրաժեշտ է 5 դատավորի մասնակցություն։ Ես հուսով եմ, որ այսօր առնվազն 5 դատավոր կներկայանա աշխատանքի»։

- Բայց այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է գումարելու, որ Ձեր մատնանշած օրենքների փոփոխությունները կատարի։

- Հիմա տեսնո՞ւմ եք, թե ինչքան կարեւոր է, երբ մարդկանց կարծիքը լսում են։ Դրա համար երկրի կարեւորագույն օրենքները քննարկելիս պետք է հանրային քննարկումներ լինեն, հանրային իրազեկում լինի, լսումներ լինեն, հակառակ պարագայում պառլամենտը 4 ժամվա ընթացքում փոխում է երկրի Սահմանադրությունը, ու նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում քննարկումներին։ Բա եթե էդ քննարկումները նախապես լինեին, հանրային մասնակցությամբ լինեին, մի օրինակն ուղարկեին ՍԴ աշխատակազմ, էդ ամեն ինչի մասին մենք ժամանակին կասեինք, եւ էսպիսի իրավական կազուսներ ու, շատ կներեք, բայց պիտի ճիշտ բառ օգտագործեմ, անգրագիտության առաջ մենք չէինք կանգնի։ Փաստորեն, մարդիկ օրենքներ են ընդունում՝ մոռանալով, որ կան նաեւ այլ օրենքներ, ու չիմանալով այլ օրենքների գոյության մասին։ Հետագայում բազմաթիվ իրավաբաններ, ֆունկցիոնալ պաշտոնյաներ այդ մասին խոսում են, նոր իրենք իմանում են, որ երկրում կա նաեւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենք։ Բացի այդ, գոյություն ունի կառավարության որոշում, որով ասվում է, որ երբ քննարկվում է իրավական ակտերի փոփոխություն, որն առնչվում է այս կամ այն պետական մարմնին կամ գերատեսչությանը, նրանց կարծիքը առնվազն լսելը պարտադիր է։ Բայց արդեն որերորդ անգամ է՝ ՍԴ-ի մասին օրենքում, Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվում՝ առանց ՍԴ գոնե աշխատակազմի կարծիքը լսելու։ Ես չեմ հասկանում, թե էս ինչ վիճակի մեջ ենք մենք հայտնվել, որ մի օրվա մեջ որոշումներ են կայացնում՝ օրենքներ ընդունում, մեկ էլ պարզվում է, որ դրանք հետեւանքներ ունեն։ Հիմա այսօր նախաձեռնել են ՍԴ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկում, որի մասին ես տեղեկացել եմ Hraparak.am կայքից։

- Հիմա, ի վերջո, եթե այսօր ՍԴ-ի մասին օրենքում էլ փոփոխություն կատարեն, դրան ի՞նչ է հետեւելու՝ ՍԴ 9 դատավորից 3-ի լիազորությունները դադարեցվելո՞ւ են, եւ նոր դատավորների ընտրությո՞ւն է նշանակվելու։

- Ես կարծում եմ՝ Դուք շտապում եք եզրահանգումների հարցում, որովհետեւ մենք պետք է կարդանք այդ փոփոխությունների բովանդակությունը, նոր հասկանանք, թե ինչ է լինելու։ Ես հիշում եմ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունները, որն ասում էր, որ եթե անգամ այդ փոփոխություններն արվում են, ապա դրանք պետք է լինեն անցումային, փուլային, ժամանակ պետք է տրվի, եւ դա երբեք չպետք է խաթարի դատարանի բնականոն գործունեությունը եւ երբեք չպետք է ընկալվի իբրեւ քաղաքական ճնշում ՍԴ-ի վրա։ Բառացի չեմ հիշում, բայց բովանդակությունը մոտավորապես այդպիսին էր։ Այս տրամաբանությամբ որ մտածում եմ, եթե նույնիսկ այդ 3 դատավորի լիազորությունները դադարեցնում են, ապա առնվազն 6 ամիս ժամանակ պետք է տրվի գնացող դատավորներին, որպեսզի նրանք իրենց գործերով, որ զեկույցներ ունեն, դրանք ավարտեն, իրենց ֆունկցիաները կատարեն, այդ ժամանակահատվածում պետք է ընտրվեն նրանց փոխարինող դատավորները, որ իրենց լիազորությունների ժամկետի ավարտի օրը նոր դատավորներն իրենց պաշտոնները ստանձնեն, որպեսզի դատարանում մշտապես գոյության ունենա 9 դատավոր։ Հուսով եմ, որ այսօր ԱԺ-ում ներկայացված օրինագիծը հաշվի կառնի ե՛ւ մարդկային պարզ տրամաբանությունը, ե՛ւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։