«Հրապարակ». Արբանյակը վարձել ենք booking-ի նման, ինչպես հյուրանոցային համար ես բրոնյա անում

«Հրապարակ». Արբանյակը վարձել ենք booking-ի նման, ինչպես հյուրանոցային համար ես բրոնյա անում

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ

- Հաղորդագրություն եղավ հայկական արբանյակի արձակման մասին՝ Space-X ընկերության կողմից: Սա որակվում է որպես նոր դարաշրջան Հայաստանի պատմության մեջ: Սրա հետ կապված՝ ի՞նչ կարող եք ասել: 

- Իհարկե, սա նորություն է: Մինչեւ հիմա մշտական արբանյակ չունեինք, հիմա ունենք: Սակայն ուզում եմ Ձեզ ասել, որ այս պահի դրությամբ երկրագնդի շուրջ պտտվում է 2 հազար 500 արբանյակ, որոնց կեսից ավելին կոմերցիոն է: Մոտ 100 երկիր մշտական եւ պարբերական հիմունքներով օգտվում է արբանյակային ծառայություններից: Սրանից մի քանի տարի առաջ ես՝ ինքս, հարց եմ բարձրացրել, թե հայկական պետությունը երբ է օգտվելու այդ ծառայությունից: Մասնավորապես, Ադրբեջանը վերջին տասնամյակում տարբեր ժամանակներում պահում էր 2-4 արբանյակ: 

- Պարոն Բագրատյան, ի՞նչը հնարավոր դարձրեց, որ հիմա հայկական արբանյակ ունեցանք: 

- Պարզապես այդ շուկան զարգանում է հիմա, արբանյակների քանակը շարունակվում է աճել, եւ շատ կոմերցիոն ընկերություններ են սկսել ծառայություններ մատուցել․ ամերիկյան Nasа-ն, Space-X-ը, ռուսական Роскосмос-ը, Չինական ազգային տիեզերագնացների ծառայությունը, Ճապոնիան, եվրոպական սատելիտալին ընկերությունը՝ հանձին GEOSYS-ի: Դա հասարակ բան է, երբ որ ասում ենք՝ հայկական արբանյակ, մենք այդ արբանյակը չենք կառուցել, մենք պարզապես վարձում ենք արբանյակ մեզ համար: Դա նման է booking-ի, էն, որ հյուրանոցային համար ես բրոնյա անում: Լրացնում ես, թե ինչքան ժամանակով է պետք, եւ լրացնում ես այն ծառայությունների ցանկը, որ կուզենայիր ստանալ: 

- Հայաստանում ինչո՞ւ նախկինում այսպիսի փորձ չի արվել: 

- Պիտի Ձեզ զարմացնեմ․ Հայաստանում այդպիսի փորձ արվել է, 2002-2003 թվականներին Երեւանի կոնյակի գործարանը դիմել է արբանյակային ծառայությունների համար, նկարել է ամբողջ Հայաստանը եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ներկայացրել է, թե ինչքան խաղողի այգի կա, պոմիդորի ու բադրիջանի թուփ կա, ծիրանի ու դեղձի այգի կա: Դա այնպիսի մի պրոֆեսիոնալ ծրագրով էր արվում, որ դրանից հետո բացարձակապես անիմաստ էին Ազգային վիճակագրական ծառայության հարցումները մարզպետարանների գյուղբաժիններ, թե ինչքան այգի ունենք, եւ թվերի տրամադրումը: Մասնավորապես պարզվեց, որ կա 9 հազար 500 հեկտար խաղողի այգի՝ վիճակագրորեն ներկայացված 14 հազար հեկտարի փոխարեն:  

- Փաստորեն, մենք կոնյակի գործարանում ունեցել ենք նման արբանյակ, բայց ինչո՞ւ աղմուկ չի բարձրացվել, ինչպես այսօր: 

- Դե, գիտե՞ք ինչ կա, սովորական ժամանակակից ծառայություն էր: Դա նույնն է, ոնց որ ես վեր կենամ, ասեմ՝ տեսեք, ես WhatsApp ունեմ: Կոնյակի գործարանն այն ժամանակ պարզապես պատվիրեց ծառայությունը GEOSYS-ին եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ճիշտ տեղեկություն տրամադրեց, ու նա էլ հասկացավ, թե վիճակագրական ծառայությունն ինչ ստեր է ասում: Իսկ, ընդհանրապես, 2002-2003 թվականներին տիեզերքից 2-3 դյույմանոց մեխը երեւում էր: Ասում են՝ այսօրվա նորացված տեխնոլոգիաներով ասեղն անգամ երեւում է: 

- Ադրբեջանն ինչո՞ւ էր մի քանի արբանյակ պահում, արդյո՞ք դրանք ռազմական նպատակով չեն եղել: 

- Պատերազմից առաջ, բնականաբար, այդ արբանյակների գործարկումը, որի մասին Հայաստանի կառավարությանը տեղյակ է պահվել, նպատակ է ունեցել վերեւից նկարելու, թե որտեղ մենք տեխնիկա ունենք, զինապահեստներ եւ այլն: Ներկայում այդ արբանյակները, մասնավորապես SPACE-X-ը, նմանատիպ ծառայություններ են մատուցում ուկրաինական կողմին, վերեւից փոխանցում են, որ այս կամ այն տեղամասում տեղափոխվում է հրանոթ, կամ տանկ է մոտենում եւ այլն: Ցավում եմ, որ Հայաստանի  կառավարությունը բավականին ուշ՝ պատերազմում կրած պարտությունից հետո է փորձում արբանյակային ծառայություններ ստանալ: 

- Հիմա կան ազատ ինֆորմացիա տրամադրող կոմերցիոն արբանյակներ, ավելի էժան չէ՞ր լինի, եթե գնեինք այդ ինֆորմացիան: 

- Մենք դա ենք արել, մենք գնել ենք: 

- Բա էդ դեպքում այդ արբանյակի ի՞նչն է հայկական: 

- Ես չգիտեմ, դա ծառայություններ են, որոնք, ինչպես արդեն նշեցի, նախկինում ստացել ենք: Ուղղակի իշխանություններին բնորոշ է ամեն ինչ ներկայացնել իբրեւ արտառոց մի բան: 

- Իսկ ինչո՞ւ են գաղտնի պահում այդ գործարքը: Արժեքն ինչո՞ւ չեն հրապարակում, ըստ Ձեզ: 

- Ճիշտ եք ասում, մենք, փաստորեն, արբանյակային ծառայություններ ենք գնել, եւ տեղին է հարցնել, թե ինչու ենք հենց Space-X-ից գնել, ինչո՞ւ ոչ մրցույթով, արդյո՞ք դա բյուջեով նախատեսված է, թե՞ ոչ, ու ինչո՞ւ ենք ուզում շոու սարքել մի բանից, որը շատ հասարակ բան է: