Երբ զինվորը հրաժարվում է կռվել, աղետ է հրամանատարության համար։ Իսկ երբ զինվորը, հրամանատարությունն ուզում է կռվել՝ իր հողը, ընտանիքը պաշտպանելու համար, իսկ վերևից նրան հրամայում են՝ հետ քաշվիր, հանձնիր զենքդ, դա աղետ է երկրի, բանակի համար։ Ցավոք, ինչքան քրքրում եմ մեր պատմությունը, դեպք չեմ հանդիպում, երբ Գերագույն հրամանատարն ասի՝ հետ քաշվեք, թող թշնամին առաջ գա։ Նման ողբալի բան հանդիպեցի մեր օրերում, երբ զինվորին հրամայվում է չկռվել, հետ քաշվել։
Մի հետաքրքիր դրվագ էի կարդում մարշալ Բաղրամյանի հուշերից, թե նրան ինչպես է շառաչուն ապտակ տվել Անդրանիկ զորավարը և ինչի համար։
«Խորասան գյուղում Անդրանիկին ներկայանալուց հետո Բաղրամյանի դասակը անցնում է կարճատև հանգստի: Հաջորդ օրը վաղ առավոտյան տեղի է ունենում անսպասելի միջադեպ. Անդրանիկը, ով շատ բուռն խառնվածքի տեր անձնավորություն էր, իր մոտ է կանչում Բաղրամյանին և ապտակում նրան: «Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա ու կարգի բեր քո էսկադրոնը…»,- ասում է Անդրանիկը Բաղրամյանին:
Համալսարանի հանդիպմանը Բաղրամյանն այդ մասին պատմել էր և ասել․ որ «Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ…»։
Շառաչուն ապտակ։ Չկա՞ր հայրենիքը սիրող մի զորավար, որ շառաչուն ապտակով հակադարձեր հետ քաշվելու հրաման տվողին ու նրան գուցե և անդարձից դարձի բերեր։ Ու հիմա զարմանու՞մ եք, երբ փառքի սրահների հանվում են մեր հերոս տղերքի նկարները։ Դա երկիրը կործանման տանելու ամենակարճ ճանապարհն է։ Ազգը հուսալքության հասցնելու ու թուլացնելու կարմիր գիծը։