Մենք այսօր գրել էինք ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր տեղադրելու մասին: Գրել էինք, որ փետրվարի 22-ին Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ է ռումբ հայտնաբերվել, փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։
«Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարել է, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։ ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս»։
Արձագանքելով մեր հրապարակմանը ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը հայտնում է, որ «ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել»։
«Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան հարակից տարածքում։ Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ տեղի ունեցածը անձնական հարաբերություններ պարզելու հետ է կապված։ Այդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ և կան մեղադրյալներ։ Նշված դեպքը որևէ առնչություն չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ»։
ՆԳՆ-ում ուշադիր չեն կարդացել մեր լուրը` մենք գրել էինք, որ «Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել»: Ավելին` հենց Մելքոնյանի տան հարակից տան պարսպի մոտ, այնպես որ «ռումբ չի հայտնաբերվել» նախադասությունն առնվազն ավելորդ է:
Ըստ էության ՆԳՆ-ն հաստատում է մեր հրապարակումը եւ պարզաբանում, որ անձնական հարաբերություններն են եղել պայթուցիկի տեղադրման պատճառը: