Ավինյանը առաջարկել է Մուրադովին փոխե՞լ

Ավինյանը առաջարկել է Մուրադովին փոխե՞լ

Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի իշխանություններին, որում բացասական է արտահայտվել ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի՝ Արցախում ծառայությունը երկարաձգելու կապակցությամբ։

Նշենք, որ զորախմբի հրամանատարը նշանակվում է 6 ամսով և կարող է նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել, եթե այդպես նպատակահարմար գտնեն։ Մուրադովի ծառայության ժամկետն արդեն լրացել է, և մեր տեղեկությունների համաձայն՝ այս շաբաթվա ընթացքում նրան կփոխարինի մեկ այլ ռուս գեներալ։ Ինչպես ասացին մեր աղբյուրները՝ Հայաստանի իշխանությունները չեն համակերպվել Մուրադովի՝ «Հրապարակին» տված կարճ մեկնաբանությանը, որում Մուրադովն ասել էր, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, սա համարել են անձնական վիրավորանք և ջանք չեն խնայել Մուրադովին ամեն կերպ փոխելու համար։

Մենք կապվեցինք Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հետ՝ հարցնելով, թե Ավինյանը լիազորություն ունի այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, Հովսեփյանը պատասխանեց․

«Չէ, իհարկե, մենք ինչպե՞ս կարող ենք նման լիազորություն ունենալ և նման հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել»,- պատասխանեց խոսնակը։

Իսկ ճի՞շտ է, որ Ավինյանը առարկություն է հայտնել, որ Մուրադովը շարունակի պաշտոնավարումը՝ հարցրինք Հովսեփյանին․ «Չէ, չկա նման բան», իսկ որևէ դիրքորոշում հայտնե՞լ է՝ հարցրինք, Հովսեփյանը կրկին հերքեց՝ ասելով, որ չկա նման բան։