Հարցազրույց

«Հրապարակ». Փաշինյանը հիմնադրում է մեծ աղանդավորական շարժում, որի հավատն ուղղված է իր անձին եւ կեղծ խաղաղությանը

«Հրապարակ». Փաշինյանը հիմնադրում է մեծ աղանդավորական շարժում, որի հավատն ուղղված է իր անձին եւ կեղծ խաղաղությանը

«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:

- Տեւական ժամանակ է` իշխանությունն ու ընդդիմությունը տվել են ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Նիկոլ Փաշինյանն անում է ամենաանհեթեթ քայլերը, որպեսզի հասարակությունն ամեն օր քննարկի իրեն, ընդդիմադիր ուժերն էլ փորձում են անել ամեն հնարավորը` հասարակությանն իրենց կողմը գրավելու համար, սակայն հաճախ արժանանում են հանրության հենց ընդդիմադիր զանգվածի քննադատությանը: Օրինակ, «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանն օրերս նշել էր, որ իրենք ամեն ինչ անելու են, որ հաջորդ ընտրություններին Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն վերադառնան ընդդիմադիր դաշտ, քանի որ այն նրանց մոտ անհամեմատ ավելի լավ էր ստացվում, ինչը, սակայն, որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից քննադատությունների արժանացավ: Մարդիկ սկսեցին գրառումներ անել, որ Փաշինյանի դեմ պետք է պայքարել ռադիկալ եղանակներով, նրանք պետք է դատվեն եւ այլն: Ըստ Ձեզ` որտե՞ղ է թերանում ընդդիմությունը եւ կոնկրետ ո՞ր ասպեկտում հատկապես պետք է սեւեռի իր ուշադրությունը:

- Այնքան բարդ է ասելը: Որոշ դեպքերում կա տեսակի տարբերություն, այսինքն` ես չեմ կարող ենթադրել, թե ինչ պետք է անեն նրանք, որ հաջողեն, քանի որ իրենք ուրիշ տեսակի մարդիկ են եւ լրիվ այլ տեսակի պատկերացումներ ունեն եւ այդ պատկերացումներով դուր են գալիս լրիվ այլ տեսակի մարդկանց: Նրանցից շատերը գիտեն, թե որն է իրենց ճիշտը: Որոշների մասով էլ եղել է ինչ-որ մի շրջան, որ ես մտածել եմ, որ նրանց մոտ որոշակի տակտիկայի դեպքում կարող է ստացվել մոբիլիզացիա ձեւավորել, սակայն երեւի թե այդ մարդիկ այլ տակտիկա ընտրեցին….

- Ո՞ւմ մասին է խոսքը:

- Եկեք հիմա այդ մասին փակագծեր չբացեմ:

- Լավ, ի՞նչ եք կարծում` ընդդիմադիրներն ի՞նչ թերացումներ ունեն, որոնք խանգարում են նրանց:

- Կա վիճակագրության խնդիր: Բոլոր ընդդիմադիր բլոկներն այսօր աշխատում են ընդդիմադիր ձայների վերաբաշխման վրա: Բայց կա մի խնդիր` այդ բոլոր ձայները 50 տոկոսից փոքր են: Ես չեմ տեսնում աշխատող ստրատեգիա, որն ընտրության կբերի մարդկանց, ովքեր մշտապես ընտրությունների չգնալով Նիկոլ Փաշինյանին նվիրում են «տորթի» 50 տոկոսից ավելին: Սա է խնդիրը: Քաղաքական ընդդիմադիր խավը կարողանալո՞ւ է լուծել այս հարցը, թե՞ ոչ: Այլ խնդիր այժմ ես չեմ տեսնում: Այն, ինչ անում են այսօր, հալալ լինի բոլորին, դա էլ ընդդիմադիր գործիչների զբաղմունքն է: Վերադասավորումներ են, հորիզոնականների փոխատեղումներ եւ այլն, հալալ լինի իրենց, բայց հարցերը չեն լուծվելու այս տրամաբանությամբ, այս սեգմենտով, այժմ ես այլ սեգմենտ չեմ տեսնում…. սովորաբար 1 միլիոն 200 հազարի կարգի մասնակցություն է լինում: Դա ընտրության իրավունք ունեցողների իքս զանգվածն է: Ընտրությունների չգնացող զանգվածն ունենում է որոշիչ դեր: Նրանց մի մասը երկրում չէ, արտագնա աշխատանքի է մեկնել, մի մասը տոտալ ապաքաղաքական է, եւ ինչ էլ լինի, չի գնալու ընտրության: Կան մարդիկ, որոնց համար ընտրությունն անկարեւոր մի բան է, ասում են` եղբայր, ի՞նչ եք ուզում, գնացեք՝ դուք ձեզ համար ղեկավար ընտրեք, մեզ հանգիստ թողեք: Բայց կա նաեւ մի հատված, որը բոյկոտում է: Այլ հավասար պայմաններում ընտրության անպայման կգնային, սակայն այժմ ընտրության չեն գնում: Հենց այս զանգվածի խնդիրն է այսօր դրված: Իմ տպավորությամբ` այս անգամ ընտրություններին անգամ մեկ միլիոն 200 հազար քաղաքացի չի մասնակցելու: Ավելի քիչ քանակի մարդիկ են մասնակցելու: Եթե իմ կանխատեսումը ճիշտ լինի, ապա այն ռեյտինգները, որ այսօր տեսնում ենք տարբեր սոցիոլոգիական հարցումներում, այն, որ պատերի տակ որոշ մարդիկ հա-հա, հի-հի են անում, ասում են` տեսա՞ք, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ինչքան է իջել, դարձել է 17 տոկոս, այդ 17 տոկոս ռեյտինգը դառնալու է 34 տոկոս քվե: Այն դեպքում, երբ դեռ չի սկսվել պաշտոնական քարոզարշավը: Հիմա հարցը հետեւյալն է. կա՞ մարդ, որը կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանի գրագետ քարոզարշավի եւ ընդդիմության ոչ գրագետ քարոզարշավի պարագայում Փաշինյանը կարողանալու է եւս 16 տոկոս ձայն մոբիլիզացնել: Ֆիքսենք նաեւ մի բան. սոցիոլոգիական հարցումների դեպքում պետական հաստատություններում աշխատող անձինք ներառված չեն, նրանք հարցերին չեն պատասխանում, չեն ասում, որ Փաշինյանի կողմնակիցներն են, սակայն ընտրություններին իրենց ձայնը տալու են իշխանության օգտին:

- Կարծում եք՝ Փաշինյանի քարոզարշավները գրագե՞տ են կազմակերպված:

- Այո, շատ, նա շատ գրագետ քարոզչություն է անում: Նա գրեթե ոչ մի սխալ քարոզարշավում իրեն թույլ չի տալիս:

- Օրինակ` ի՞նչն է ճիշտ անում, ի՞նչը կարող է հասարակությանը գրավել նրա ագրեսիվ խոսույթում, հայտարարություններում:

- Ամեն ինչ ճիշտ է անում: Նախ՝ նա զավթում է քաղաքական օրակարգը: Ամեն առավոտ մենք արթնանում ենք եւ քննարկում երբեմն ծիծաղելի, սակայն նրա մազալու քայլերը, հայտարարությունները, գործողությունները: Բոլորն արձագանքում են նրան, տեղավորվում են նրա օրակարգի մեջ, գլուխ են ցավեցնում, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի հորինած լակմուսի թուղթը, այն է` դու խաղաղության կողմնակի՞ց ես, թե՞ պատերազմի, ինչպես հակադարձեն, ինչպես այդ քննությունը ստանան դրական եւ այլն:

- Բայց համացանցում Փաշինյանի գրառումների, ռիլերի եւ հրապարակումների տակ շատ քիչ իրական օգտատերեր են դրական խոսքեր գրում, հակառակը` բոլոր իրական մարդիկ նրան քննադատում են:

- Ֆեյսբուքը հոլոգրամա է, այն ոչինչ է իրականում: Պետք է Ֆեյսբուքից դուրս նայենք: Նիկոլ Փաշինյանը հիմնադրում է Հայաստանի ամենամեծ աղանդավորական շարժումը, որի հավատը ոչ թե Աստծուն է ուղղված, այլ՝ իր անձին եւ կեղծ խաղաղությանը: Այս մարդը բոլորին տանում է իր դեմ մրցապայքարի եւ շատ խոշոր խաղ է սկսել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image