ՔՊ-ի թշնամիները թուրքերն ու ադրբեջանցիները չեն, այլ այն հայերը, որոնք իրենց հետ համաձայն չեն

ՔՊ-ի թշնամիները թուրքերն ու ադրբեջանցիները չեն, այլ այն հայերը, որոնք իրենց հետ համաձայն չեն

Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իշխանությունների իրական վերաբերմունքն ու մտադրությունը հասկանալու համար բավական է ուշադրություն դարձնել տեղեկատվական դաշտում վերջիններիս վարքագծի որոշ ասպեկտների վրա։  

Օրինակ, նկատեցինք այս կամ այն իրադարձությունների նկատմամբ իշխանությունների, այսպես կոչված, «ընտրովի խիզախության» շատ հետաքրքիր միտում։ Միանշանակ կարելի է պնդել, որ խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ ոստիկանության չլսված դաժանությունը՝ «գույնզգույն բերետավորների» տեսքով, արտոնված է անմիջապես փաշինյանական իշխանության բարձրագույն ղեկավարության կողմից։
Էլ չեմ խոսում բերետավոր ոստիկանների բացահայտ լկտի պահվածքի մասին՝ սկսած որոշ բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև շարքային «բերետավորներ», երբ նրանք սկսում են վիճանաբանել ցուցարարների հետ։ 
Բայց նույնիսկ դա ցուցանիշ չէ, այլ այն, թե փաշինյանական իշխանության տարատեսակ պատգամավորներն ու չինովնիկներն ինչ աննորմալ պաթոսով, ինքնագոհությամբ, ծաղրանքով են խոսում ցուցարարների, ընդդիմության մասին և, ի վերջո, ինչպես են այդ մարդիկ ամենօրյա ռեժիմով ընտրում մաղձը, չարությունն ու սուտը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ։

Իսկ թե ինչպես են իշխանությունները, սկսած խորհրդարանի խոսնակից և պատգամավորներից, առիթը բաց չթողնելով բառացիորեն վիրավորում ռուսական իշխանություններին, ընդ որում՝ դա անում են այնպիսի «ուժեղ խիզախությամբ», որ բացի անկեղծ զարմանքից այլ բան չի կարող առաջացնել վարքի այդ գիծը։
Բայց ամենատարօրինակն այն է, որ Իլհամ Ալիևի կամ Ռեջեփ Էրդողանի բացահայտ վիրավորական, ծաղրական և վտանգավոր հայտարարություններին` Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, Հայաստանի ներկայիս իշխանություններից ի պատասխան անգամ թեթև ծպտուն չենք լսում։

Չեմ հասկանում, սրանք այդքան թուրքերին և ադրբեջանցիներին հարգում ու սիրո՞ւմ են, թե՞ պարզապես վախենում են դրանցից։

Բայց կարծում եմ, պատասխանը հետևյալն է. Այս իշխանությունը թուրքերին ու ադրբեջանցիներին իրենց սպառնալիք չի համարում: Ասեմ ավելին, որքան շատ ադրբեջանական իշխանությունները լկտիանում են Հայաստանի նկատմամբ, այնքան ավելի իբր «խաղաղասեր» են դառնում հայկական իշխանությունները։

Ինչո՞ւ: Ամեն ինչ պարզ է... Ներկայիս հայկական իշխանության թշնամիները թուրքերն ու ադրբեջանցիները չեն, այլ այն հայերն են, որոնք պարզապես համաձայն չեն նրանց հետ։ 
Եվ մի բան էլ ասեմ... նկատեցի՞ք, որ Սրբազան շարժման գնահատականները թուրքերի, ադրբեջանցիների և Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ լիովին համընկնում են։ 
Ձեզ տարօրինակ դա չի՞ թվում:
Չնայած կներեք, դա հռետորական հարց է:

Արման Աբովյան