Քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով անցնող «Չաղ Ռուստամին»՝ Ռուստամ Ստեփանյանին դատավոր Մասիս Մելքոնյանը ազատեց կալանքից՝ կիրառելով տնային կալանք, 5 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։
Այսօր նախատեսված էր հրապարակել գործով վերդիկտը, այսինքն` դատարանը պետք է որոշեր` Ստեփանյանը եւ գործով անցնող մյուս մեղադրյալ Կյուրեղյանը արդարացվում են թե ոչ, սակայն Մասիս Մելքոնյանը հայտնեց, որ գործով կարևոր վկա պետք է հարցաքննվի, որից հետո վերդիկտ կկայացնի։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաեւ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել է։
ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ: Դեպքից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սպանության թելերը տանում են դեպի Ռուստամ Ստեփանյան, որն, ըստ շրջանառվող լուրերի, նաև կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Ավելին, «Ֆազ»-ի և «Չաղ Ռուստամի» միջանձնային խնդիրների մասին հայտնի էր վաղուց։ Սերգեյ Գրիգորյանի սպանությունից հետո ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էր Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․Կյուրեղյանը՝ սպանության կազմակերպման մեղադրանքով, իսկ ահա կատարողները դեպքից հետո հատել էին ՀՀ սահմանը և մեկնել ՌԴ։