Հայերը միշտ մեծ նշանակություն են տվել նոր ընտանիքի ստեղծմանը։ Այն սկսվում է հարսանիքից, որը պետք է անպայման անցնի «շախով-շուխով»` յոթ օր, յոթ գիշեր: Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ հարսանեկան ծեսերը սկսվել են երիտասարդ զույգի կյանքի գլխավոր օրից դեռ շատ առաջ։ Հարսանիքի համար հայերը, որպես կանոն, ջանք ու եռանդ, գումար չեն խնայել, իսկ փեսացուն ու հարսնացուն այդ օրը վերածվել են թագավորի ու թագուհու: Նա ասում է, որ այսօր հայկական ավանդական հարսանիքներ լինում են հիմնականում գյուղական համայնքներում, սակայն դրանք էլ, որպես այդպիսին, տարբերվում են հին ավանդական հարսանիքի մոդելից. «Ավանդական հարսանիքները մեզանում իրոք եղել են` յոթ օր, յոթ գիշեր: Հարսանիքները սկսում էին հինգշաբթի օրը և տևում մինչև հաջորդ չորեքշաբթի օրը, որն ավարտվում էր խաշի արարողությամբ: Այսօր յոթ օր, յոթ գիշերը կրճատվել ու դարձել է ընդամենը մի քանի ժամ: Ավանդական գյուղական վայրերում անգամ արարողակարգային այս մոտեցումը չի պահպանվել: Չափազանց կրճատվել է օրերի քանակը», - ասում է մեր զրուցակիցը:
-Յոթ օր, յոթ գիշեր ինչո՞վ էին զբաղվում հարսանքավորները
-Առաջին երկու օրերին ալյուրմաղեքի արարողությունն էր, որից հետո հաց էին թխում, գաթա պատրաստում, տղայի և աղջկա հարազատները, բարեկամները հավաքվում էին ու բացում գինու կարասները, համտեսում խնամիների հետ: Այսօր չկան նման արարողություններ: Իսկ ուրբաթ օրը պարտադիր հարսին տանում էին դուրս պարեցնելու: Աղջկա հարազատների, հատկապես հորաքրոջ տանը հավաքվում էին երիտասարդները, ուրախանում, սակայն այսօր` մեր օրերում կարծում եմ հնարավոր չէ հարսանիքներով ծանրաբեռնել մարդկանց և նորմալ է, որ այսօր այս մոդելի հարսանեկան արարողություններ չկան: Կյանքը արագ է ընթանում այժմ:
-Իսկ ի՞նչ հիմնական արարողություններ էին տեղի ունենում հին ավանդական հարսանիքների ժամանակ:
-Տղայի մայրը լավաշ էր փռում հարսի և փեսայի ուսերին, մեղր հյուրասիրում, որից հետո տղայի շեմին` դռան դիմաց պարտադիր երկու ափսե էին ոտքով կոտրում` չարը խափանում իբրև: Հարսի տանն էլ հարսի եղբայրը գողանում էր քրոջ կոշիկը: Ասեմ, որ այս սովորույթները որոշակի կրճատումներով պահպանվել են, բայց դրանք բոլորն այսօր ձևական բնույթ ունեն, որովհետև առաջներում դրանք ունեին որոշակի խորհուրդ, իմաստ, իսկ այսօր այդ արարողությունները փաստորեն չափազանց սահմանափակ են և ոչ բուն նպատակի համար: Ամենակարևոր սովորույթներից էր նաև, այսպես կոչված, «Կարմիր խնձորը»:
- Կա՞ այսօր նման բան:
- Հարսանիքից հետո պարտադիր երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին տեղի էր ունենում «Կարմիր խնձորի» արարողությունը: Աչքալուսանք էին տալիս, որ իրենց տուն ոտք է դրել անբասիր, նամուսով աղջիկ: Ես հիշում եմ մի քանի անգամ «Կարմիր խնձորի» թեմայով ելույթ եմ ունեցել` մի քանի անգամ հեռուստատեսությամբ, սակայն որոշ հայտնիներ` դերասան-դերասանուհիներ և այլն, անուններ չտամ, բառի ուղիղ իմաստով հուղարկավորեցին այս երևույթը, քանի որ իրենց պնդմամբ` այն արդեն համահունչ չէ: Այսօր ամեն դեպքում կան նաև ավանդապաշ մարդիկ, ովքեր ամեն գնով գոնե այս սովորույթը ցանկանում են պահել, քանի որ կարծում են, թե դրանով է աղջկա պատիվը բարձրանում, արժանիքները շատանում և այլն:
- Գյուղական համայնքներում հարսանիքից մեկ օր առաջ ցուլ էին մորթում, ինչի՞ համար էր արվում:
- Ցուլ մորթելու արարողակարգն այլ է: Ոչ միայն կենդանուն մորթում էին ուտելու համար, այլև` ցուլի արյունով ներկում էին կողպեքը և բանալին հանդիսավոր կերպով հանձնում էին տղայի մորը` սկեսրոջը, որպեսզի չարակամորեն տրամադրված մարդիկ չկարողանային ազդեցություն ունենալ: Այս սովորույթից բացի մեկ այլ կարևոր սովորույթ էլ կար, հարսին իր հայրական տնից հանելուց առաջ գրպանների մեջ ցորենի և կորեկի հատիկներ էին լցնում` որպեսզի հարսի մուտքը նոր ընտանիք լինի արգասաբեր, չէին մոռանում նաև մեկ այլ սովորույթ` հարսի գիրկը պարտադիր տղա երեխա էին նստեցնում: Տեղի էր ունենում գլուխլվայի արարողությունը և այլն: Հայկական հարսանիքը եղել է արարողակարգային ընդարձակ մի շարք, իսկ այժմ դրանք հիմնականում չեն պահպանվել, իհարկե, դրանց որոշ մասը ձևականորեն որոշ մարդիկ պահպանում են, սակայն խորհուրդը շատ հաճախ չեն էլ հասկանում:
- Ժամանակակից հարսանիքներում դժվար է գտնել հին ավանդական հարսանիքի բաղադրիչներ, որովհետև փոխվել են ժամանակները: Այժմ շատ հաճախ հարսանիքները տեղի են ունենում բացօթյա տարածքներում, լողավազանի մոտ, հարսանիքի վերջում էլ նորապսակները նետվում են լողավազանի մեջ:
-Սրանք նորույթներ են, որոնք մեր երկիր մուտք են գործել Եվրոպայից` ազատ մարդու, ազատ վայելքների շարքից: Այդ արժեքները փորձում են ներկայացնել նաև հայերը, սակայն դրանք ոչ մի կապ չունեն հայերիս հետ: Այսօր կարևորություն չեն տալիս այն բարքերին, որոնք եղել են հազարամյակներ շարունակ: