«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամները երթով շարժվում են Հանրապետության հրապարակ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամները երթով շարժվում են Հանրապետության հրապարակ

Սպենդարյանի անվան Օպերայի բալետի ակադեմիական թատրոնի շենքում րոպեներ առաջ  ավարտվեց
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համաժողովը:

Շարժման անդամները ու նրանց համակիրները , ինչպես նախատեսված էր, այժմ Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Շարժման անդամների խոսքով՝ իրենց մտահոգությունների, պահանջների վերաբերյալ նամակ են պատրաստվում փոխանցել գործող  կառավարության ներկայացուցիչներին։

Հիշեցնենք՝ նախաձեռնության հիմնադիր անդամներն են՝  Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը,ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը,  «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը,Ղրիմի աշխարազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանը և «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Գայ Պետրոսյանը։

«Պատերազմում Հայաստանի պարտությունը ինչպես զինված ուժերի ղեկավարման հարցում, այնպես էլ դիվանագիտական ճակատում հիմնականում Փաշինյանի ու նրա թիմի հանցավոր անհամարժեք գործողությունների հետևանքն էր։ Լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանական Հանրապետության նախագահների, Հայաստանի Հանրապետության վարչապետի Հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակը ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական հրոսակները այսուհետ ևս սադրելու են իրավիճակի ապակայունացում Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի սահմանազատման գծում, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը, իրենց հայտնի արևմտյան հովանավորների լուռ աջակցությամբ, ռազմական սադրանքներ կսկսեն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին Սյունիքի մարզի շրջանում։ Ընդ որում՝ նրանք չեն թաքցնում իրենց զավթողական եւ ցեղասպան պլանները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։


Հայաստանի կրած ծանր կորուստները` թե՛ մարդկային, թե՛ տարածքային բանակին հասցրած վնասը եւ սահմանների նոր ձեւավորումը հրատապ են դարձնում մեր անվտանգության նոր համակարգի կառուցման հրամայականը:


Հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան և բարգավաճումը մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ։ Այս տեսլականը իրականություն դարձնելու համար մենք հիմնում ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը:

Մենք միաժամանակ հայտարարում ենք մեր համերաշխությունը քաղաքական այն բոլոր ուժերի, հասարակական շարժումների և կազմակերպությունների, աշխատանքային կոլեկտիվների և առանձին քաղաքացիների հետ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։


Կեցցե՛ ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, կեցցե՛ ռուս և հայ ժողովուրդների ռազմաքաղաքական եղբայրությունը»,- ասվում էր նորաստեղծ շարժման օրերս տարածած հայտարարության մեջ։

Համաժողովի ավարտից հետո նախաձեռնության անդամներն ու նրանց համակիրները երթ են իրականացնելու մայրաքաղաքի փողոցներով, մասնավորապես Ազատության հրապարակից շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ։