Անհնարին է մարդկայնորեն չկարեկցել Նիկոլ Փաշինյանին, ով օր չկա, որ նոր հիասթափության չբախվի. մե՛կ նրանք, ում ինքը «մարդ է դարձրել», դավաճանում են, մե՛կ պարզվում է` իր նշանակած պաշտոնյան ապուշ է, ագահ կամ գող, իսկ մերձավոր շրջապատը` ստախոս: Ինչպե՞ս չհիասթափվես: Որքա՜ն միֆեր են այս ընթացքում փլվել նրա համար, կառավարման համակարգում չաշխատած անձի պատկերացումներն ի՜նչ հաճախականությամբ են տարբերվել իրականությունից: Ուստի զարմանալի չեն նրա ելույթներում հնչող հիասթափության նոտաները: Նա հանկարծ հայտնաբերել է, որ բանակի մասին կենացների խորքում «դառը իրականություն» կա, զորակոչի ենթակա տարիքի տղամարդկանց կեսից պակաս քանակն է զորակոչվում բանակ: Եվ այդ «իրականությունից» բխող ամենապարզունակ հետեւությունն է անում` կա՛մ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կա՛մ «զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը», եւ դրա դեմ պայքարելու ճանապարհը տեսնում է «չարաշահումները նվազագույնի հասցնելու» մեջ:
Բայց մի՞թե այս իրավիճակի պատճառը կոռուպցիան է եւ «կեղծ հայրենասիրությունը»: Իսկ գուցե պատճառն այն է, որ զինվորները ողջ-ողջ այրվում են զորամասում կամ ծառայության վերջին օրը մնում ձնահյուսքի տա՞կ: Իսկ գուցե պատճառն այն է, որ իշխանությունների արկածախնդրության պատճառով մենք ներքաշվում ենք աղետալի, ողբերգական պատերազմի մեջ, եւ այդ պատերազմը չի կանխվում, որ ինչ-որ մեկին չմեղադրեն դավաճան լինելու մե՞ջ: Իսկ գուցե պարբերական պատերազմների եւ անվտանգային խայտառակ իրավիճակի պատճառն այն է, որ ինչ-որ մեկն «ինչ ուզում, դա էլ բանակցում էր» եւ բանակցություններն ու հավանական կարգավորումը հասցրեց «զրոյական կետի»` զրոյացնելով տասնամյակների մեր ձեռքբերումնե՞րը: