Հունվարի 27-ից մինչեւ մարտի 17-ը Իտալիայի Բարի, Մոնոպոլի եւ Պոլինյանո Ա Մարե քաղաքներում անցկացվում է Sudestival 23-րդ կինոփառատոնը, որի շրջանակում մեկնարկել է նաեւ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին եւ «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին: Փառատոնի շրջանակներում արդեն ցուցադրվել են մի շարք հայկական ֆիլմեր, որոնց թվում՝ նաեւ ռեժիսոր, վավերագրող, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը:
«Շուտով կավարտվի այն մեծ ուսումնասիրությունը, որ սկսեցի 1989-ին` պատմություն հայերի մասին, որոնք հեռանում են Հայաստանից, արդյոք գտնո՞ւմ են իրենց երջանկությունը, թե՞ հիասթափվում, վերադառնում են։ Ոչ մի բան հորինված չէ, իրական պատմություններ են, 25-30 տարի հետեւել ենք մարդկանց ու նրանց ճակատագրին: Իսկ նկարիչ Վահան Անանյանի պատմությունը պետք է որ ամեն մարդու հետաքրքրի, որովհետեւ շատերս ենք այդ ճանապարհը բռնել, հիասթափվել, վախեցել, մեկնել Հայաստանից»:
Թե ինչպես է իտալացի հանդիսատեսն արձագանքել հայկական թեմայով ֆիլմին, Հարություն Խաչատրյանն ասում է․ «Օրինակ, տարիներ առաջ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը Իտալիայի Թուրին քաղաքում ստացավ գլխավոր մրցանակ, որը, ինչպես իրենք նշեցին, բացի նրանից, որ շատ են սիրել, այլեւ նույն պատմությունը վերաբերում է նաեւ իտալացիներին, ռուսներին, ավստրիացիներին, որովհետեւ մարդիկ տեղաշարժվում են, իրենց տեղն անընդհատ փոխում են, կան մարդիկ, որ ներքին դժգոհություններ ունեն, կան այնպիսիք, որ երկրի հանդեպ անհանգստություններ ունեն։ Փախուստի տարբեր ձեւեր կան՝ փախուստ ինքն իրենից, իր երկրից, շրջապատից, ժամանակաշրջանից։ Այնպես որ, այդ փախուստները բոլոր երկրներին ու ազգերին հատուկ են, եւ դա հետաքրքրում է իրենց՝ որպես լուրջ ուսումնասիրություն կամ արկածային կինո, նաեւ` սոցիոլոգիա։ Սա հայկական կինո է ամբողջ աշխարհի համար»:
Հայկական ֆիլմերի ցուցադրությունները, սակայն, խոչընդոտել է ադրբեջանական կողմը․ «Փառատոնի տնօրենը՝ Միքելե Սուման, պատմեց, որ մեր հարեւանների դեսպանատներից ուղարկված մարդիկ անցնում են բոլոր փառատոներով, կինոթատրոններով եւ առաջարկում են մեծ հովանավորություն՝ իրենց փառատոների ու ցուցադրությունների համար, որպեսզի հայկական ֆիլմեր չցուցադրեն, կամ ամեն ինչ անում են, որպեսզի խոչընդոտեն, ու մեծ քանակությամբ հանդիսատես չգա այդ ցուցադրությոններին։ Մենք արդեն սովոր ենք դրան, որովհետեւ առաջին անգամ չէ, ադրբեջանական դիվանագիտությունը լրջորեն զբաղվում է հայկական ֆիլմերով։ Դա պետք է առիթ լինի, որպեսզի մերոնք ավելի մտածված սկսեն աշխատել, որովհետեւ կինոն լուրջ զենք է՝ պատմելու հայկական խնդիրների, մեր մշակույթի ու ժառանգության մասին։ Մեր դիվանագետները եւս պետք է լրջորեն լծվեն այդ գործին, որովհետեւ Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում բազմաթիվ ցուցադրություններ են լինելու աշխարհի տարբեր քաղաքներում»։
Երեւանում, ապա Իտալիայում կայացած առաջին միջազգային ցուցադրությունից հետո «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմն օրերս ցուցադրվեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ռեժիսորը նկատում է` լավ ավանդույթ է դարձել, իր գրեթե բոլոր ֆիլմերը ցուցադրում է Գյումրիում, որտեղ գիրք նվիրելու օրվա շրջանակներում ներկաներին նվիրեցին կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովի «Հավերժ վերադարձ» գիրքը՝ նվիրված Հարություն Խաչատրյանի կինոյին:
Ֆիլմի հաջորդ միջազգային ցուցադրությունը լինելու է փետրվարի 23-ին` Օդեսայում։ «Հիմա Օդեսան ռմբակոծությունների տակ է, պրոբլեմները շատ են, հոսանքազրկումներ, մարդիկ վախեցած են, բայց հավատով, որ այդ ֆիլմը շատերին կոգեւորի, կհիշեցնի այն արվեստագետի մասին, որը բարություն է բաժանել, իրենից հետո լավ դպրոց ու աշակերտներ է թողել նաեւ Օդեսայում, դրա համար հենց այս օրերին Վահանի մասին ֆիլմը կցուցադրվի նաեւ այնտեղ, մենք էլ այստեղից օնլայն կապի մեջ կլինենք ու կպատասխանենք հարցերին»,- ասում է Հ. Խաչատրյանն ու հավելում, որ հրավերներ կան այլ փառատոներից եւս։
Ֆիլմը գյումրեցի հանդիսատեսին ներկայացրեց լրագրող Արայիկ Մանուկյանը՝ իր խոսքում նշելով, որ այս ֆիլմի արմատները գնում են դեպի 1989 թվականը, երբ Հարություն Խաչատրյանը նկարեց «Քամին Ունայնության» ֆիլմը, որտեղ այդ հերոսների ճակատագրերն արդեն իսկ երեւում էին. «Բացառիկ խիզախություն է արվեստագետի կողմից՝ ունենալ այդ համբերությունը, 35 տարի հետեւել, նկարել իր հերոսներին ու տեսնել, թե ինչ ճակատագրի արժանացան: Բացառիկ է նաեւ զգացողության առումով, ինչպե՞ս էր Հ․ Խաչատրյանը զգացել, որ այդ հերոսները հենց այն մարդիկ են, որոնք ունենալու են այդ ճակատագրերը, դու կարող է 30 տարի հետեւես այդ մարդուն, բայց նրա կյանքում առանձնապես փոփոխություն չլինի, բայց ոնց էր զգացել, որ դրանք այն մարդիկ են, որոնց ճակատագիրն այլ կերպ է դասավորվելու՝ թե՛ Հայկի այդքան ողբերգական ճակատագիրը՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձի» մեջ, թե՛ փականագործ Լեւոնի կերպարը՝ «Փակուղու» մեջ, եւ թե՛ Վահանի կերպարը՝ «Նկարչի 3 գերեզմանները» ֆիլմում, ում կերպարն ինձ համար բացահայտում էր։ Տարբեր փուլերում նայել եմ այս ֆիլմը՝ մոնտաժայինից մինչեւ վերջնական տարբերակ, բայց ամեն անգամ պատրաստ եմ մինչեւ վերջ նայել, որովհետեւ ամեն անգամ Վահանի էներգիան փոխանցվում է քեզ, նորից դու իր ճակատագրի միջով անցնում ես։
Իր այդ բացառիկ մտածողությունը, փիլիսոփայությունները, արտիստիզմը, ներսի մաքրությունը, խորամանկությունը խառնված են մի տեղ, որը դու ամբողջովին զգում ես։ Իսկ Գյումրու պրեմիերան բացառիկ էր նրանով, որ այդքան մարդ էր ներկա՝ առանց որեւէ գովազդի: Հավաքվել էր Գյումրիի մտավոր խավը, որոնք իրենք իրենցով մշակույթի կրող են ու մշակույթ ստեղծող, բոլորը խորապես հուզված էին՝ ֆիլմն ու դրա էներգետիկան իրենց վրա շատ լուրջ ազդեցություն էին թողել եւ մտածելու տեղիք տվել»:





