Մինչ Փաշինյանի ժամանելը անվտանգությունը ներխուժել է ծերանոցին հարակից տները

Մինչ Փաշինյանի ժամանելը անվտանգությունը ներխուժել է ծերանոցին հարակից տները

Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շքախմբով Գյումրի էր այցելել, որի շրջանակներում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացվող աշխատանքներին: Նրան ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնով` զրուցել նաև այստեղ բնակվող տարեցների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և լուծումներ գտնելու համար» եւ այլն: Պարզ է, որ այս հաղորդագրությունը տարածել են հենց վերը նշված նախադասության համար՝ տարեցները շնորհակալություն են հայտնել երկիրն աղետի եզրին հասցրած վարչապետին։

Բայց այս հաղորդագրության ետեւում այլ իրադարձություններ էլ են թաքնված։ Գյումրիի տարեցների խնամքի կենտրոնի, գյումրեցիների լեզվով ասած՝ ծերանոցի, հարեւանությամբ ապրող բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ վարչապետի այցից առաջ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ ներխուժել են ծերանոցին հարակից տները եւ ամեն ինչ տակնուվրա արել՝ զննելով իրենց բնակարանները եւ հատկապես՝ բնակարանների՝ դեպի ծերանոց նայող հատվածները։ Ասել են, որ ապահովում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 

Պարզ է, որ վարչապետն ու իր անվտանգության ծառայությունն ամենուրեք զենք, զինամթերք, դիպուկահարներ, դավադրություն են տեսնում եւ բոլորովին անհարմար չեն զգում, երբ անհանգստացնում են շարքային քաղաքացիներին՝ ցուցադրելով իրենց վախն ու ապրումները։