«Հրապարակ». ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը

«Հրապարակ». ՀՔԾ-ն սկսել է  գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը

Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանում եւ հայրական տանը խուզարկություն կատարելու վերաբերյալ, որն առաջին ատյանը մերժել էր։ Երեկ տեղեկացանք, որ քննիչ Ասատրյանը դիմել է դատարան նաեւ Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու եւ նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։

Առաջին ատյանի դատարանը կրկին մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, եւ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Թովմասյանի զանգերը եւ համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։ Մեզ ասացին, որ դատավոր Համբարձումյանը երբեւէ գործադիր իշխանության դեմ որոշում չի կայացրել, իսկ helpcourt.am դատավորների գնահատման համակարգում ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է։

ՀԳ Լուրը հրապարակվելուց հետո մեզ հետ կապվեց դատավոր Սեւակ Համբարձումյանը եւ վստահեցրեց, որ ինքը նման որոշում չի կայացրել։ Անգամ նշեց, որ ժամանակին աշխատել է Հրայր Թովմասյանի հետ եւ եթե նման հարցի լուծումն իրենից կախված լիներ, ապա ինքն ինքնաբացարկով հանդես կգար։ Թերեւս որոշումը կայացվել է այլ դատավորի կողմից, քանի որ նման միջնորդությունները, որպես կանոն, հենց առաջին ատյանում են բավարարվում։