Անթասիբ երկիր
Իրեն հարգող յուրաքանչյուր ժողովուրդ եւ երկիր, եթե իր բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին մեկ այլ երկիր բանտարկեր, գերի տաներ, պետք է կորցներ քունն ու հանգիստը, անդադար մտածեր, թե ինչպես ազատի իր հայրենակիցներին` ինչ աննախադեպ, ծայրահեղ, կոնկրետ քայլերի դիմի, որ նրանք ազատ արձակվեն, վերադառնան հայրենիք: Մինչդեռ մեր իշխանությունը ձեւացնում է, թե ոչինչ էլ չի եղել: Ոչինչ, որ 2020 թվականի պատերազմում կռված հայ զինծառայողներ կան դեռ Բաքվի բանտերում, ոչինչ, որ հակառակորդն Արցախի Հանրապետության երեք նախագահներին, Արցախի ՊԲ հրամանատարին, նրա տեղակալին, Արցախի ԱԺ նախագահին, ԱԳ նախկին նախարարին, նախկին պետնախարարին նախնադարյան բարբարոս ցեղի նման գերի վերցրեց ու պատանդ է պահում` պատրաստվելով դատել նրանց: Նրանք ամենաստորացուցիչ պայմաններով խաղաղություն են մուրում այդ անօրեն ու անբարո երկրից ու նրա իշխանություններից: Եվ հետո Ազգային ժողովում, որպես մեծ ձեռքբերում, հայտարարում, թե համաձայնել են Ադրբեջանի բոլոր պահանջներին, եւ մենք արդեն «խաղաղության խաչմերուկում» ենք ապրում:
Թվում էր` տարրական թասիբի նշույլ ունեցող իշխանությունը պետք է այդ պայմանագրի կնքման նախապայման առաջարկեր Ադրբեջանի բանտերում գտնվող մեր գերիներին ազատ արձակելը: Մինչդեռ արդեն 2 օր է՝ չարագուշակ լուրեր են շրջանառվում, թե Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանին սպանել են, անգամ այդ լուրը չեն կարողանում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել: Նման ամոթալի, ստորացուցիչ վիճակ ողջ երկրի, հասարակության, մեզ՝ բոլորիս համար` անհատապես, անկարելի էր պատկերացնել, բայց այս իշխանությունը ոչ միայն ստիպեց, որ պատկերացնենք, այլեւ այդ պայմաններում ապրենք. շնչենք, քայլենք, ուտենք, խմենք, աշխատենք` ձեւացնելով, թե ոչինչ չի եղել:
Կարծիքներ