ՌԴ միգրացիոն ծառայությունը ապօրինաբար անազատության մեջ է պահում ՀՀ չորս քաղաքացիներին

ՌԴ միգրացիոն ծառայությունը ապօրինաբար անազատության մեջ է պահում ՀՀ չորս քաղաքացիներին

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի միգրացիոն ծառայությունները ապօրինաբար ազատությունից զրկել են ՀՀ 4 քաղաքացու։ Նրանք արդեն 4 ամիս է բանտում են, անտանելի պայմաններում, զրկված նորմալ սննդից ու արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորությունից։

Արտաքսվողների համար նախատեսված ընդունիչ կացարանում բանտված վիճակում են մնացել ընդհանուր առմամբ մոտ 80 քաղաքացիներ։ Նրանք տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են։ Մոտ կեսը կանայք են երեխաների հետ, որոնք պահվում են առանձին մասնաշենքում։ Բանտարկվածների  թվում չորսը հայեր են։ Բոլորին «դեպորտ» են արել Ռուսաստանից վիզային ռեժիմի, վարչական խախտումների  համար, սակայն արտաքսման գործողությունը Ռուսաստանի միգրացիոն իշխանությունները չեն ավարտել համավարակի պատճառով։
Այս մարդկանց փաստացի մոռացել են այստեղ, սարսափելի պայմաններում, անազատության մեջ։ Այսօր «սպեցպրիյոմնիկի» բնակիչները հացադուլ են հայտարարել, պահանջելով, որ իրենց կամ հայրենիք ուղարկեն' հայրենի քաղաքներ ու գյուղեր, կամ բաց թողնեն չհեռանալու մասին ստորագրություն վերցնելով։


Ընդունիչ կայանը նույն բանտն է։ Այնտեղ չկա ինտերտետ, պարսպապատ է, հագեցված  տեսախցիկներով, որտեղ պահվողների ամեն քայլը հսկվում է։  Լքել տարածքը չի կարելի։ Հեռախոսակապը արգելված է, և անմեղ մեղավորները օրը մեկ ժամով թաքուն կարողանում են կապվել աշխարհի հետ՝ հարազատների, ՌԴ և հայկական լրատվամնիջոցների։ Նրանք «ՍՈՍ» են հնչեցնում։

«Ապրում էի արդեն 3 տարի Ռուսաստանում, Նիժնի Նովգորոդում, քաղաք Պավլովում, կնոջս հետ միասին։ Մարտ ամսին գրանցումս մեկ օր ուշացնելու համար դեպորտ արեցին։ Դա մարտի 12-ին էր, դատ արեցին ու ինձ տարան, ասելով, որ 10 օր մնալուց հետո կուղարկեն Հայրենիք, ու սկսվեց կարանտինը։ Մինչ այսօր այստեղ եմ։ Ոչ ոք չի զբաղվում այս հարցով։ Մեզ դեսպանատանից ասում են, որ այս հարցով պետք է զբաղվեն միգրացիոն ծառայությունները։ Իսկ ստեղ մեզ ասում են՝ ձեր Նիկոլ Փաշինյանը չի ընդունում ձեզ։ Զանգում եմ դատարան, ասում են՝ չգիտենք, ինչ անել, թռիչքներ չկան, և ոչ մեկը մեզ չհիշեց։ Ի՞նչ անենք։ Կինս Հայաստանում է, ես այստեղ, չեմ կարողանում գալ, խնդրում եմ, ասեք Փաշինյանին, թող մեզ օգնեն։ Խնդրում եմ, փոխանցեք մեր պահանջը Ազգային ժողովի պատգամավորներին,  եթե ինչ-որ մեկը կարող է, թող զբաղվի մեր հարցով», - գրել է մեզ «սպեցպրիյոմնիկի» կալանավոր Կարեն Մաքսուդյանը։  

Նրան խնդրեցինք նկարագրել պահման պայմանները:  «Ինչ ասեմ, ինչ պայմաններ ա, ահավոր ա։ Ոչ նորմալ սնվում ենք, ոչ նորմալ թողում են, որ դուրս գանք, ման գանք, խեղդվում ենք։ Օրը կես ժամով իջնում ենք ներքև, ռեշոտկի մոտ, օդ շնչելու, զանգելու։ Բայց կես ժամում հազիվ կարում ենք տնեցիքի հետ խոսանք։ Կվադրատի մեջ 20-25 հոգի մարդ ենք էս պահին։ Մարդ չի կարում կայնի հեռախոսով խոսա։ Հիմա ըհըն, խոսացի, պետք ա գնամ վերև, ընդեղ էլ սաղ փակ ա, հեռախոս տանել չեն թողում, որ գոնե մտնենք, նորությունները նայենք մեզ օգտակար, տեսնենք, մեզ երբ են բաց թողում», - պատմեց մեր զրուցակիցը։ Նա աղերսում էր, որ իր համարը փոխանցեմ պետական մարմիններին, որ իր հետ կապվեն, իրենց օգնեն։ 

ՀՀ պետական մարմինները տեղյակ չէին Նիժնի Նովգորոդի «բանտվածների» մասին։ ԱԳՆ-ից խոստացան մեր հարցումը փոխանցել Հայաստանի դեսպանատանը, պատասխանի համար։ ՄԻՊ գրասենյակից խնդրեցին իրենց փոխանցել մեզ հայտնի տվյալները հարցը ուսումնասիրելու ու ՌԴ օմբուդսմենի հետ քննարկում կազմակերպելու համար։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանից էլ խոստացան ուսումնասիրել հարցը և պարզաբանում տալ։ Ավելի ուշ դեսպանատան դիվանագետներից մամուլի հարցերի պատասխանատու Ալեքսանդր Գուչկովն ասաց. Հարցը դեսպանատան իրավասությունից դուրս է։ Պետք է դիմել ՌԴ միգրացիոն ծառայությանը»: ՌԴ միգրացիոն ծառայության երեւանյան գրասենյակն էլ համաճարակի պայմաններում հեռախոսազանգերի չի պատասխանում։

Մենք դիմեցինք նունիսկ ՀՀ գլխավոր դատախազություն, հարցնելով, թե արդյոք իրենք տեղյակ են, որ ՌԴ իրավապահ և միգրացիոն մարմինները ՀՀ քաղաքացիներին ապօրինաբար պահում են անազատության մեջ։

«Մենք չենք կարող մեր իրավասությունները գերազանցել ու վարչական վարույթի սահմաններ մտնել», պատասխանեց մեզ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Դատարանի որոշումը 10 օրվա ժամկետ ունի, բայց անցել է 4 ամիս, 4 ամիս է, նրանք ապօրինի պահվում են կալանքի տակ, ՀՀ դատախազության ներկայացուցիչը ՌԴ-ում ոչ մի անելիք չունի՞։
«Բայց դատախազությունը ի՞նչ հիմքով պետք է դիմի, կոնկրետ ինչ-որ հիմք է պետք», - եղավ պատասխան։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում Հայաստանի հանարապետությունը բազմաթիվ պաշտոնյաներ է պահում, որոնք Մոսկվայում տեղավորվել են տաքուկ ու ապահով աշխատանքի, ահռելի գումարներ են որպես աշխատավարձ ստանում Հայաստանի բյուջեից ու այդ բարձր տեղից ուղղակի թքած ունեն Հայաստանի քաղաքացիների ու նրանց խնդիրների վրա։ Ոչ միայն դատախազությունն իր ներկայացուցիչն ունի ՌԴ-ում, այլև պաշտպանության նախարարությունը, քննաչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաներ, ում ձայնը հասանելի է ՌԴ պետական մարմիններին, սակայն նրանցից որևէ մեկի մտքով չի անցնում օգնել կոնկրետ քաղաքացու։ Այս կորպուսն ապրում է փակ աչքերով ու ականջներով։ Իրենց կապերն ու ծանոթությունները այս կորպուսը ծառայեցնում է բացառապես սեփական կարիքներին, ու եթե հանկարծ ինչ-որ ահազանգեր գալիս-կպչում են նրանց ականջաթաղանթներին, իրենք միշտ էլ ասելու հերթապահ ֆրազ ունեն՝ թռիչքներ չկան, կամ, ասենք, կարող են ասել, որ հարցն ուսումնասիրվում է, կամ հարցնեն՝ իսկ ո՞վ է մեզ դիմել, որ մենք լուծենք։

Ինչպես ՀՀ պետական մարմինների ուշադրությանն արժանանա բանտարկյալ մեկը, ում համար նույնիսկ սեփական կնոջ հետ խոսելն է պրոբլեմ, և ինչպես նա իմանա ՌԴ-ում ՀՀ դատախազության, կամ քննչական կոմիտեի ներկայացուցիչների տաքուկ տեղերը, ինչպես իր ձայնը հասցի անտարբերության, էգոիզմի պաշտոնական պատից այն կողմ, եթե միակ պետական պաշտոնյան, որին նա տեսնում է, «սպեցպրիյոմնիկի» անգրագետ բանտապահն է, որն արդեն ասել է իրեն իր «հեղինակավոր» կարծիքը՝ «Ձեր Նիկոլ Փաշինյանը չի ընդունում ձեզ»։